Ոչ մի հայ մարդ չպետք է կարողանար հանգիստ ապրել, երբ Բաքվում պատանդ պահվող հայեր կան
Գլխավոր » Լրահոս » Ոչ մի հայ մարդ չպետք է կարողանար հանգիստ ապրել, երբ Բաքվում պատանդ պահվող հայեր կան

Ոչ մի հայ մարդ չպետք է կարողանար հանգիստ ապրել, երբ Բաքվում պատանդ պահվող հայեր կան

Միջազգային իրավունքի փորձագետ, Փարիզի Պանթեոն-Ասսաս համալսարանի դոցենտ Ֆիլիպ- Րաֆֆի Գալֆայանն ասում է. «Ոչ մի խաղաղ պայմանագիր կամ համաձայնագիր չպետք է կնքվի՝ մինչև մեր բանտարկյալները չվերադառնան: Սա ազգային արժանապատվության հարց է… Սա նաև ընդունված պրակտիկա է պետությունների մեծ մասում: Դուք երբեք չեք տեսնի, որ ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Ռուսաստանը, Իսրայելը և մյուս երկրները խաղաղության համաձայնագիր կնքեն թշնամական կողմի հետ այն պարագայում, երբ իրենց քաղաքացիները պատանդառված են»:

Ավելին` նա ասում է, որ «հանելուկ է, թե ինչպես պատահեց, որ Արցախի նախկին շատ պաշտոնյաներ կարողացան հատել սահմանը, մինչդեռ որոշները՝ ձերբակալվեցին»։ Եվ կարծում է, որ դա նշանակում է «պատշաճ չեն բանակցվել կապիտուլյացիայի պայմանները»։ Իսկ եթե պարզվի, որ «23 հայտնի բանտարկյալների ճակատագիրը Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող բանակցությունների մաս չեն կազմում», ուրեմն գործ ունենք հանցագործության հետ։

Նաեւ պետք է արձանագրենք, որ ՀՀ իշխանություններին հաջողվեց Մեղրիով միջանցքի թեման հանել քննարկումից եւ ստիպել, որ Ադրբեջանը փոքր, բայց ինչ որ զիջման գնա` հարցի քննարկումը հետաձգելով, ինչը նշանակում է, որ այն հարցերում, որոնք իրենց համար կարեւոր են, կարողանում են հասնել զիջումների:

Այսինքն, Բաքվի բանտերում գտնվող մեր գերիների ճակատագիրը նրանք չեն կարեւորում, առաջնահերթ հարց չեն համարում: Մինչդեռ ցանկացած քիչ թե շատ իրեն հարգող պետություն, հասարակություն պետք է նախ եւ առաջ հենց այդ խնդիրը դներ իր առաջ:

Ոչ մի հայ մարդ չպետք է կարողանար հանգիստ ապրել, գլուխը խաղաղ դնել բարձին, երբ Բաքվում պատանդ պահվող հայեր կան եւ հատկապես` Արցախի ռազմական և քաղաքական ղեկավարությունն է այնտեղ խոշտանգվում:

Հայաստանի ղեկավարը` վարչապետը, պետք է մի նախապայման դներ եւ ամեն ինչ աներ, որ այդ մարդիկ օր առաջ վերադարձվեն Հայաստան` չգնար որեւէ բանակցության ու հանդիպման, հրաժարվեր բոլոր առաջարկներից, բոլոր հարթակներում բարձրացներ այս հարցը, պատրաստ լիներ անգամ պատերազմելու, միայն թե ամեն գնով կարողանայինք հետ վերադարձնել մեր համաքաղաքացիներին, որոնց միակ մեղքն այն է, որ իրենց հայրենիքն են պաշտպանել:

1