Կրկին ստեղծելու իր չորրորդ փորձի ու առհասարակ արցախցիների ճակատագրի մասին է պատմում Յուրի Ավանեսյանը
Յուրի Ավանեսյանը առաջին անգամ բռնատեղահանվել է 1988 թվականին, երբ Բաքու քաղաքից վերադարձել է հայրենի Արցախ։ 1992 թվականին՝ Շուշիի ազատագրումից հետո, նրա ընտանիքը հաստատվել է հայոց հինավուրց բերդաքաղաքում, 2020 թվականի պատերազմից հետո կրկնակի տեղահանվել ու բնակություն հաստատել Ստեփանակերտում, իսկ 2023 թվականի Արցախի հայաթափումից հետո Ավանեսյանների գերդաստանը երրորդ անգամ է բռնել գաղթի ճանապարհը։
Կրկին ստեղծելու իր չորրորդ փորձի ու առհասարակ արցախցիների ճակատագրի մասին է պատմում Յուրի Ավանեսյանը։
-1988 թվականին, երբ սկսվեց Արցախյան շարժումը, հայությունը միաժամանակ բազում խնդիրների առաջ կանգնեց։ Օրինակ, թեկուզ այն, որ Արցախը միշտ էլ ունեցել է ժողովրդագրական խնդիր, որովհետև դարեր ի վեր եղել է ռազմական գործողությունների թատերաբեմում․ միշտ ջարդեր, կոտորածներ, բռնատեղահանումներ։ Հետևապես, ժողովրդագրական այդ խնդիրը դժվար էր վերականգնվում։ Արցախյան շարժման առաջին փուլում անհրաժեշտ էր իրականացնել Բաքու քաղաքի, Ադրբեջանի այլ շրջանների բռնատեղահանված հայության ուղղորդումը դեպի Արցախ։ Ցավոք, այդ ուղղությամբ հստակ քայլեր չձեռնարկվեցին, ամեն ինչ մնաց ինքնահոսի։ Ով, ինչպես կարողանում էր, տեսնում էր իր գլխի ճարը։ Ինքս կազմակերպել եմ իմ հարազատների, ընկերների վերադարձը Արցախ։ Սակայն մարդիկ հետագայում այնպիսի արհեստական խոչընդոտների ու խնդիրների հանդիպեցին, որ մեծամասամբ թողեցին Արցախը և ցրվեցին աշխարհով մեկ։ Իմ ընտանիքը հնարավորություն ուներ Արցախից դուրս ավելի հեշտ տեղավորվելու ու կայանալու, սակայն մենք՝ եղբայրներով, նախընտրել ենք մնալ Արցախում։ Հաստատվելով մեր հայրենի հողում՝ ցանկանում էինք ամեն ինչ սկսել զրոյից։ Սակայն սկսվեց Արցախյան ազատամարտը, և պատերազմում զոհվեցին երկու եղբայրներս։ Մեկն ուներ 6 դուստր, մյուսը՝ երկու որդի, իսկ իր զոհվելուց հետո ծնվեց դուստրը։ Շատ դժվարին պայմաններում մեր ընտանիքը՝ ծնողներիս հետ միասին, ուժ գտավ և բոլոր արցախցիների հետ միասին դիմակայեց փորձություններին ու կայացավ։ Մենք նախընտրեցինք ապրել մեր հայրենիքում, և հպարտ եմ դրա համար։ Մենք միշտ մեզ համարել ենք ոչ թե փախստական, այլ՝ հայրենադարձ։ Հակված էինք այն գաղափարին, որ հայը պիտի ապրի և արարի հայրենիքում՝ ի բարօրություն հայրենիքի շենացման։ Ուրիշ երկրներում ինչքան էլ ստեղծենք, միևնույն է, այն երբեք մերը չի լինի։ Բացի դրանից, արտերկրում հայ մնալու, ազգային ինքնությունը պահպանելու գոյաբանական խնդիր կլինի միշտ։
-Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ այսպես դասավորվեց արցախցու ճակատագիրը։
-Կարող եմ նշել, որ այս հանգրվանին հասնելու գլխավոր պատճառներից է նաև սոցիալական անարդարությունը։ Այն ժամանակ էլ էինք նկատում ու բարձրաձայնում, տարիներ հետո էլ ոչինչ չփոխվեց։ Նույնիսկ զոհվածների և հաշմանդամների ընտանիքների հանդեպ էր խտրականություն իրականացվում։ Բոլոր ժամանակներում արցախյան ղեկավարությունն արդար չվերաբերվեց այդ ընտանիքներից շատերի հանդեպ՝ մշտապես ցուցաբերելով անհատական մոտեցում և կողմնակալ վերաբերմունք։
2016 թվականի քառօրյա պատերազմի ժամանակ տղայիս ու նրա ընկերների հետ առաջնագծում էինք։ Այնտեղ ադրենալինի պակաս չկար, տղաների ոգևորությանը չափ չկար։ Տարբեր լրատվականների տված իմ հարցազրույցներում միշտ ասել եմ՝ 18-20 տարեկան մեր տղաները խառնեցին գերտերությունների ծրագրերը։ Ճակատագիրը մեզ հնարավորություն էր տվել, որ 21-րդ դարը լինի հայ ժողովրդի ու հայ պետականության վերածննդի դարաշրջան, իսկ մենք մսխեցինք մեր հաղթանակները։ Արցախյան առաջին պատերազմի հաղթանակը ի վերուստ էր տրված։ Այն ժամանակ կար միասնականություն, հայրենասիրություն ու մի բռունցք դարձած ազգ։ Հիշում եմ Շուշիի ազատագրումը։ Դա մի արտասովոր թռիչք էր դեպի բարձունք՝ կատարյալ հաղթանակ ու մեծ խանդավառություն։ Եվ ի՞նչ ստացվեց․ մենք տեսանք 2020 թվականի դավադիր պատերազմը, որը ծրագրավորված էր և վերջնարդյունքով կանխատեսված։ Այդ ամոթալի պարտության մեջ մեղադրում եմ բոլորիս։ Ինքներս հանդուրժեցինք, որ նման ազգադավ ուժեր գան իշխանության։ Իսկ այդ իշխանության գալու համար պարարտ հող էին ստեղծել ՀՀ և ԱՀ նախորդ իշխանությունները՝ իրենց ապաշնորհ ներքին քաղաքականությամբ։ Վերջնարդյունքն այս պետք է լիներ, քանի որ ագահությունն ու անկշտությունը չափ ու սահման չունեին։ Ի՞նչ պետք էր սպասել, երբ հաղթանակներն ամրագրելու համար ավելի ուժեղ ու հզոր բանակ ունենալու փոխարեն միլիարդները ծախսվում էին այլ ոլորտներում, սեփական քմահաճույքների համար։ Այսօր նախկին իշխանությունները խոսում են, որ այս վերջին իշխանությունն ավելի վատթարագույն ձևով է իրեն դրսևորել, բայց դա չի նշանակում, որ իրենք մեղք չունեն։ Մենք բոլորս ենք մեղավոր, որ հանդուրժել ենք, ու նման մարդիկ գլուխ են բարձրացրել և մեզ ղեկավարել։ Եթե հիմքերը ճիշտ դրված լինեին, ապա այսպիսի ավարտ երբևէ չէր լինի։ Մեր ժողովուրդը շատ դժվարություններ է տեսել, փորձություններ հաղթահարել, միաժամանակ արտաքին ուժերը տարիներ շարունակ ներսից քայքայել են, փորձել գայթակղել արևմտյան ապրելակերպով, արժեհամակարգով, որն, իհարկե, չէր կարող լավի հանգեցնել։ Երկիրը և հասարակությունը սկսվել էր ներսից քայքայվել, ու այդ գործընթացը, ցավոք, շարունակվում է։ Շատ հարցեր կան, որոնց մասին կարելի է խոսել, սակայն այսօր բոլորիս մի հարց է մտատանջում՝ ինչո՞ւ այդպիսի ավարտ եղավ և հնարավո՞ր էր արդյոք ուրիշ տարբերակ։ Չպետք է մոռանալ, որ ՀՀ այս իշխանությունը Արցախի իր արբանյակների միջոցով, առանց որևէ կրակոցի հապճեպ վերադարձրեց Ակնան, Քարվաճառը, Բերձորը, այնուհետև ռուս խաղաղապահների թեթև ձեռքով հակառակորդին տրվեցին ռազմավարական բարձունքները և շրջանները կապող ճանապարհների նկատմամբ վերահսկողությունը։ Դիրքերը գտնվում էին իրարից բավականին հեռավորության վրա, նույնիսկ շատ դեպքերում՝ շրջափակված։ Հերթափոխը կատարվում էր ռուս խաղաղապահների միջոցով։ Թշնամին Արցախի դեմ էր հանել 50-60-հազարանոց բանակ։ Իհարկե, պայքարել ենք, սակայն չպետք է մոռանալ, որ մեր բաժին հասած թշնամին թուրքն է, և նման դեպքում ավելի կթիրախավորվեր խաղաղ բնակչությունը։ 2023 թվականի սեպտեմբերի 19-ի պատերազմում Արցախը մենակ էր մնացել․․․
-Վերստին ապրելու և արարելու Ձեր չորրորդ փորձն եք անում․ համոզված ենք՝ դժվարությունները բազում են․․․
-Իհարկե, ծանր է երեք անգամ տուն ու տեղ կորցնել։ Առավել ծանր է հայրենիք ու հարազատների շիրիմներ թողնել։
Հայաստանում շատերն են հարցնում՝ ինչո՞ւ չմնացիք ու ապրեցիք ադրբեջանցիների հետ։ Մարդիկ չեն հասկանում, որ խորհրդային տարիները չեն, երբ օրենք էր գործում ու զսպում մարդկանց։ Նրանք չեն պատկերացնում, որ բացառվում է թշնամու հետ համատեղ ապրելը։ Ենթադրենք, իմ գերդաստանը մնացել է Արցախում։ Տղաս զինապարտ է, ու ցանկացած պահի Ադրբեջանի զինկոմիսարիատը կարող է կանչել և ուղարկել Սյունիքի դեմ պատերազմելու, կամ թոռս պիտի ծառայի ադրբեջանական բանակում, որի ազգային հերոսն է Ռամիլ Սաֆարովը։ Դե, բնական է, որ ոչ մի մասսայական միջոցառման ժամանակ ազգային երգ չի հնչվի ու չեն մեծարվի մեր հերոսները։ Էլ չեմ ասում հետագա բռնաճնշումների մասին, որոնք միանշանակ անխուսափելի կլինեն։ Արցախցիները նույնիսկ ՀՀ-ում ինքնության պահպանման խնդիր ունեն, ո՞ւր մնաց՝ ավտորիտար Ադրբեջանի կազմում։ Ինչպե՞ս կարող ենք մասնակցել ու նշել Ադրբեջանի դրոշի տոնը, հանդուրժել երկաթե բռունցքի արձաններն ամենուր, կամ Արցախի օրհներգը փոխարինել ադրբեջանականով։ Ոչ, արցախցին չի կարող գլխահակ կանգնել թշնամու առաջ ու կատարել նրա պահանջները, նսեմանալ, իսկ համատեղ ապրելը հենց դա է ենթադրում։
Այսօրվա պայմաններում ես այստեղ տեսնում եմ արհեստական խոչընդոտներ։ Ռազմական ճանապարհով լուծել են Արցախի հարցը և ցանկանում են թողնել միայն արցախցի անունը։
Ամենուր միտումնավոր արհեստական խնդիրներ ու խոչընդոտներ են ստեղծվում, որի նպատակն է արցախցիների արտագաղթը Հայաստանից։ Հետաքրքիրն այն է, որ հասարակ ժողովուրդը գրկաբաց է ընդունել մեզ, բայց իշխանությունների վարած քաղաքականության հետևանքով արցախցին շարունակում է թիրախավորված մնալ։
ՀՀ կառավարության կողմից բնակարանային աջակցության ծրագրում գոնե առանձնահատուկ մոտեցում պետք է ցուցաբերվի զոհված ազատամարտիկների, հաշմանդամների ու նաև հզոր պայթյունի հետևանքով տուժած ընտանիքների հանդեպ։
Բավականին լուրջ խնդիրներ կան, որ շուտափույթ լուծում են պահանջում, սակայն այս իշխանությունների օրոք ես դա չեմ տեսնում, ներկա իշխանություններից դրական ակնկալիք չունեմ։ Կարծում եմ, որ հարցերի լուծումը օր առաջ այս իշխանությունների հեռացումն է և առողջ ու ազգային մտածելակերպով նոր իշխանության ձևավորումը։
Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ