Արցախյան տարեգրություն. Ազատությունը ձեռք է բերվում ուժերի գերագույն լարումով, վերանձնական զոհողությամբ, տքնաջան աշխատանքով և կազմակերպվածությամբ
Գլխավոր » Լրահոս » Արցախյան տարեգրություն. Ազատությունը ձեռք է բերվում ուժերի գերագույն լարումով, վերանձնական զոհողությամբ, տքնաջան աշխատանքով և կազմակերպվածությամբ

Արցախյան տարեգրություն. Ազատությունը ձեռք է բերվում ուժերի գերագույն լարումով, վերանձնական զոհողությամբ, տքնաջան աշխատանքով և կազմակերպվածությամբ

Ելնելով ստեղծված ռազմաքաղաքական բարդ իրադրությունից և ղեկավարվելով «ԼՂՀ ՆԽ-ի մասին» ԼՂՀ օրենքի 24-րդ հոդվածով՝ հանրապետության անվտանգության և պաշտպանության ապահովման անհետաձգելի միջոցառումների մշակման ու իրագործման շրջանակներում մինչև ԼՂՀ պաշտպանության նախարարության կազմավորումը՝ 1992 թ. մարտի 26-ին, ԼՂՀ ՆԽ-ին առընթեր ստեղծվեց ԼՂՀ պաշտպանության կոմիտե  (ՊԿ)[1]։

Հանրապետությունում ներքին կայունություն պահպանելու նպատակով՝ ԼՂՀ ԳԽ-ի նախագահությունը որոշեց ՊԿ նախագահ նշանակել Սերժ Սարգսյանին: Գոյություն ունեն կարծիքներ, որ Սերժ Սարգսյանը ՊԿ-ի նախագահ նշանակվել է Վազգեն Սարգսյանի միջնորդությամբ: 

Սերժ Սարգսյանին հանձնարարվեց 10-օրյա ժամկետում առաջարկություններ ներկայացնել ՊԿ-ի կառուցվածքի, կանոնադրության և անվանակազմի մասին։  Կոմիտեն իր ողջ գործունեությունը պետք է կազմակերպեր ԼՂՀ ԳԽ և ՆԽ որոշումների ու կարգադրությունների հիման վրա։ Այդ որոշումից հետո ԳԽ նախագահությունը  նպատակահարմար գտավ, որ ԼՂՀ ԳԽ նախագահը մի անգամ ևս հանդիպում ունենա ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ՝ երկկողմ հարաբերությունների բարելավման նպատակով։ Արթուր Մկրտչյանը Երևան մեկնեց մարտի 30-ին և հաջորդ օրը հանդիպեց ՀՀ նախագահի հետ: Զրույցի ընթացքում ՀՀ նախագահը Արթուր Մկրտչյանին նորից հասկանալ տվեց, որ նա իր տեղը պետք է զիջի ՀՀՇ-ական որևէ մեկին, հակառակ դեպքում Հայաստանը կարող է դադարեցնել ռազմական օգնության ցուցաբերումը Արցախին[2]։

ԼՂՀ ԳԽ նախագահության և ԻՊՈՒ հրամանատարության ազդեցիկ ղեկավարների մեծամասնությունը դեմ էր նախագահի պաշտոնից Արթուր Մկրտչյանի հնարավոր հրաժարվելուն։ Մինչդեռ առանց ՀՀ-ի ամենաբարձր մակարդակով օգնության՝ հնարավոր չէր պաշտպանել Արցախը։ Փաստորեն, ԼՂՀ ԳԽ նախագահը կանգնած էր երկընտրանքի առջև։ Եվ այդ ժամանակ էլ Արցախում արդեն նշմարվում էր երկիշխանության ուրվականը:

Այս համատեքստում չենք կարող չհիշատակել մի իրադարձություն, որը տեղի ունեցավ Արցախում մինչև Արթուր Մկրտչյանի մահը: Արտաքին ուժերի ազդեցության ներքո փորձ կատարվեց մասնատել նորաստեղծ պետականությունը, և այդ գործընթացի սկիզբը դրվեց Մարտակերտում: Հարկ է նշել, որ այս իրադարձության վերաբերյալ նշված ժամանակաշրջանի քաղաքական գործիչների շրջանակներում մինչ օրս էլ կան իրարամերժ կարծիքներ։ Սակայն երևի այդ իրադարձությունից դրդված՝ ապրիլի 3-ին ԼՂՀ ԳԽ նախագահությունը դիմում հղեց ԼՂՀ բնակչությանը, որում, մասնավորապես, ասվում էր. «…Հայրենակիցներ, Մենք Ձեզ կոչ ենք անում սթափ և սառնասիրտ գնահատել Արցախի ներկա իրավիճակի ողջ բարդությունը, չենթարկվել խուճապահարույց սադրանքների։ Ժամանակի հրամայականն է՝ դիմակայել ցանկացած դավերի։ Մեր ինքնապաշտպանական ուժերը հրաշքներ են գործում։ Անհավասար կռվում հայրենիքի անձնվեր զավակների թափած արյան գնով թիզ առ թիզ ազատագրվող այս սուրբ հողը չենք զիջի ոչ մեկին։ Մեկ անգամ ևս հիշենք. անարգ ու բիրտ ուժին բոլորս միասին դիմագրավենք՝ որպես մեկ հոգի և մեկ մարմին։ Պատմության օրենքն է՝ ազատությունը ձեռք է բերվում ուժերի գերագույն լարումով, վերանձնական զոհողությամբ, տքնաջան աշխատանքով և կազմակերպվածությամբ։

Մեր պայքարը խարսխվում է մեր անդառնալի որոշման, անկոտրում կամքի վրա, որոնք կռվաններն են մեր հուսալի ապագայի։ Այդ ապագան մեզ է վիճակված կերտելու՝ ի պահ սերունդների»[3]։

Հակված ենք կարծելու, որ ԼՂՀ-ում Արթուր Մկրտչյանի և ՀՅԴ-ի կողմից պատերազմական իրադրությունում ժողովրդավարական պետություն կառուցելու ուղղություն ընտրելը  և իշխանության մի շարք կարևոր պաշտոններ ընդդիմադիր գործիչներին հանձնելը ամենևին էլ ճիշտ հաշվարկված քայլ չէր։ Նման ռազմավարությունը իրեն կարդարացներ, թերևս, արտաքին միջամտության բացակայության դեպքում: Քանզի հետագայում կնկատենք, որ Արթուր Մկրտչյանի մահից հետո պետության ներսում ստեղծվեց քաոսային իրավիճակ։ 

Այսպիսի ծայրաստիճան լարված ռազմաքաղաքական իրադրություն էր տիրում հակամարտության գոտում, երբ տեղի ունեցավ ԼՂՀ-ի ներքաղաքական կյանքի ամենաողբերգական իրադարձությունը, որը շրջադարձային կետ հանդիսացավ ԼՂՀ պետական շինարարության գործընթացում. ապրիլի 14-ի երեկոյան զոհվեց ԼՂՀ ԳԽ նախագահ Արթուր Մկրտչյանը։

Մինչ օրս դժվար է պատասխան տալ այն հարցին, թե արդյո՞ք մտատանջություններն ու հուսահատության ապրումները դարձան կատարված ողբերգության պատճառը։ Պատմական փաստն այն է, որ Արթուր Մկրտչյանը իրենից հետո թողեց քաղաքական ու բարոյական բարձր ժառանգություն. նա ավանդույթներ ստեղծեց, որոնք պահպանվեցին մինչև Գեորգի Պետրոսյանի հրաժարականը, որը տեղի ունեցավ արդեն պաշտոնական Երևանի հետ ծանր պայքարի պայմաններում։      

Ժամանակակիցների վկայությամբ՝ նույն օրը տեղի ունեցավ ԼՂՀ ԳԽ նախագահության և պաշտպանության խորհրդի համատեղ արտակարգ նիստ: Մինչև նիստի բացումը որոշ քաղաքական ուժերի կողմից տարբեր հասցեներով մեղադրականներ հնչեցին պատահարի առնչությամբ։ Ստեղծվել էր պայթյունավտանգ իրավիճակ, երբ ամեն մի անզգույշ քայլ կարող էր ապակայունացնել ներքաղաքական իրադրությունը և հանգեցնել անկանխատեսելի հետևանքների: Լիակատար պատրաստականության էին բերվել ԻՊ ուժերում գտնվող ՀՅԴ զինված կազմավորումները, որոնց մեծ մասը կենտրոնացել էր Ստեփանակերտում։ ԼՂՀ ՆԳ նախարարի պաշտոնակատար Արմեն Իսագուլովի առաջարկությամբ՝ մինչև հետաքննության նախնական եզրակացությունը ԳԽ նախագահության անդամների և Արթուր Մկրտչյանի ընտանիքի պահպանությունը ուժեղացնելու նպատակով ներքին կարգով համալրվեց ԳԽ պահակախումբը (մեծամասնությունը՝ ՀՅԴ զինված կազմավորումներից): Միաժամանակ ԳԽ նախագահության անդամներին առաջարկվեց մնալ շենքում։ Այդ միջոցառումների իրականացման պատասխանատվությունը դրվեց ԼՂՀ ԳԽ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ  Վալերի Բալայանի վրա։

ԼՂՀ ԳԽ նախագահությունը, ելնելով ստեղծված իրավիճակից և առաջնորդվելով  «ԼՂՀ ԳԽ-ի մասին» ԼՂՀ օրենքի 15-րդ հոդվածով և 16-րդ հոդվածի 5-րդ կետով, ԼՂՀ ԳԽ նախագահի պարտականությունները դրեց ԼՂՀ ԳԽ նախագահի տեղակալ  Գորգի Պետրոսյանի վրա[4]։

ԼՂՀ ԳԽ նախագահ Արթուր Մկրտչյանի ողբերգական մահից հետո ստեղծված  ներքաղաքական անկայուն իրադրությունը չսասանեց ԼՂ պետականության հիմքերը, ավելին՝ ԼՂՀ իշխանությունների վճռականության շնորհիվ 1992 թ. մայիսին ԻՊ ուժերը կարողացան ազատագրել Շուշին և Լաչինի շրջանի մի մասը՝ ցամաքային կապ հաստատելով հայկական երկու պետությունների միջև: Դա  կարելի է համարել հայոց ազատագրական պայքարում արցախահայության ռազմական ու քաղաքական ամենամեծ նվաճումներից մեկը և կարևոր գրավական ԼՂ-ի պետականության ամրապնդման համար:

Տարոն Վ. Հակոբյան

Պատմգիտթեկնածու, դոցենտ

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ


[1] Տե՜ս ԱՀ կառավարության ընթացիկ արխիվ, ՆԽ 1992 թ. մարտի 26-ի նիստի արձանագրություն, N 3:

[2] Տե՜ս  Աբրահամյան Հ., նշվ. աշխ., էջ 160:

[3]  Տե՜ս ԱՀ պետարխիվ, Ֆ. 254, ց. 1, պ.մ 2, կ.1, թ.36-37:

[4]  Տե՜ս նույն տեղը, թ. 52:

1