ՀՅ Դաշնակցությունը շարունակելու է լինել Արցախցի երիտասարդների և պատանիների կողքին
Գլխավոր » Երիտասարդական » ՀՅ Դաշնակցությունը շարունակելու է լինել Արցախցի երիտասարդների և պատանիների կողքին

ՀՅ Դաշնակցությունը շարունակելու է լինել Արցախցի երիտասարդների և պատանիների կողքին

Օգոստոսի 4-9-ը Բյուրականում ՀՅԴ Արցախի երիտասարդական միությունը  ՀՅԴ Ֆրանսիայի «Նոր Սերունդ» երիտասարդական միության  աջակցությամբ կազմակերպել էր ՀՅԴ Արցախի պատանեկան միության 5-րդ համաարցախյան պատանեկան բանակում։

Բանակումը, որը կրում էր «Իմ Արցախ, իմ հող ու ջուր, իմ Հայաստան» խորագիրը մասնակցել են 12-16 տարեկան Արցախից՝ 170, իսկ ՀՅԴ Հայաստանի պատանեկան միությունից՝ 10 պատանիներ։

Բանակումի ընթացքում պատանիները սովորել են ազգային երգ ու պար, ունեցել սպորտային և ինտելեկտուալ մրցույթներ, լսել դասախոսություններ՝ հայոց պատմության, մեդիագրագիտության, ժողվրդական երգերի, առաջին բուժօգնության, կրակային պատրաստության և այլ թեմաներով, իսկ սովորածը կիրառել նաև պրակտիկայում։

Պատանիներն օրվա ընթացքում իրենց սովորած կանչերը, երգերն ու պարերը ամփոփում էին երեկոյան խարույկի շուրջ։

Տարբեր դասախոսություններով պատանիներին այցելել են քաղաքական, մշակութային գործիչներ, տարբեր ոլորտի մասնագետներ։

Պատանիներին այցելել և նրանց հետ զրուցել է Համազգային հայ կրթական և մշակութային միության Կենտրոնական վարչության ատենապետ Զաքար Քեշիշյանը, ով տասնամյակներ շարունակ իր ներկայությունն է ունեցել Արցախյան մշակութային կյանքում։ Պատանիների համար դասախոսությամբ հանդես է եկել նաև ՏՏ ոլորտի մասնագետ Ժիրայր Բեոջեքյանը։

Բանակումի պաշտոնական փակմանը ներկա էին ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ ընկ․ Արա Պուլուզյանը, ՀԱՍԵ Արցախի թեմի հոգևոր հայր Տեր Մինաս քահանա Մովսիսյանը, ՀՅԴ ՀԵՄ-ի Կենտրոնական վարչության անդամները և ընկերները, ՀՄԸՄ ՀԱՍԿ-ի վարչության անդամները և ծնողները։

Բանակումի պաշտոնակման փակմանը պատանիները հյուրերին ներկայացրին իրենց սովորած կանչերը, երգերը և պարերը։

Միջոցառմանը ՀՅԴ Արցախի երիտասարդական միության Կենտրոնական վարչության ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանը, ողջունելով ներկաներին, նշեց, որ բանակումը, որը առաջին անգամ է կազմակերպվել Հայաստանում, արդեն իրողություն է և այն հաջողվել է, ինչի համար շնորհակալություն հայտնեց ՀՅԴ Հայաստանի երիտասարդական և պատանեկան միություններին, ՀՅԴ Ֆրանսիայի «Նոր Սերունդ» երիտասարդական միությանը, ՀՄԸՄ ՀԱՍԿ-ի Կենտրոնական վարչությանը, ՀՄԸՄ Արցախի մասնաճյուղին՝ բանակումի կազմակերպմանը աջակցելու համար։

«Բանակումի կազմակերպումը պայմանավորված է եղել օրվա հրամայականով։ Մենք նպատակ ունեինք միավորել արցախցի պատանիներին, որպեսզի նրանք չկորցնեն իրար, որպեսզի մենք բոլորս մեր սրտերում վառ պահենք Արցախը, և կարծում եմ այս մի քանի օրերի ընթացքում մենք մեզ զգացել ենք Արցախում, եղել ենք այնպես, ինչպես կլինեինք Արցախում։ Այս բանակումը նպատակ ուներ արցախցի պատանիների մեջ կոտրել այն կարծրատիպը, որ եթե իրենք Արցախում չեն, ուրեմն հայրենիքում չեն»,-ասել է Վ․ Խաչատրյանը։

Բանակումի ընդհանուր պատասխանատու Արմոնդ Թահմազյանն իր խոսքում ասաց, որ բանակումը բավականին հաջողված ու տպավորիչ էր․

«Բանակումի հաջող ընթացքն ու ավարտը նախ և առաջ պայմանավորված է պատասխանատու կազմի ուսերի վրա, ինչը նշանակում է, որ Արցախից, Հայաստանից և Ֆրանսիայից երիտասարդները միավորվելով կարողացել են ավելի քան 180 պատանիների համար այնպիսի բանակում կազմակերպել, որ այն միշտ կմնա մասնակից պատանիների հիշողությունների մեջ»,-ասել է Ա․ Թահմազյանը։

ՀՅԴ Ֆրանսիայի «Նոր Սերունդ» երիտասարդական միությունից Նիկոլայ Ավետիսյանը նշեց, որ տեղի ունեցած բանակումը ՀՅԴ Արցախի երիտասարդական միության հետ ունեցած բազմաթիվ հաջող ծրագրերից մեկն է։

«Մենք ՀՅԴ ԱԵՄ-ի հետ նախքան 2020 թ․ պատերազմը և հատկապես պատերազմից հետո բավականին ծրագրեր ենք կազմակերպել, և այս բանակումը դրանցից մեկն է։ Մենք ուզում ենք, որ դուք իմանաք, որ «Նոր Սերունդ»-ը մշտապես կանգնած է ՀՅԴ ԱԵՄ-ի և արցախցիների կողքին և ամեն ինչ անելու է, որ այս ծանր շրջանում արցախցիներն իրենց մենակ չզգան»,-նշել է նա։

ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Արա Պուլուզյանն էլ իր խոսքում շնորհակալություն է հայտնել կազմակերպիչներին և նշել, որ ՀՅ Դաշնակցությունը իր առաքելությանը հավատարիմ՝ շարունակելու է ծառայել հայ ժողովրդին տարբեր ասպարեզներում։

«Շատ ուրախ ենք, որ կարողացանաք կազմակերպել այս բանակումը ՀՅԴ Ֆրանսիայի «Նոր Սերունդ», ՀՅԴ Հայաստանի երիտասարդական և պատանեկան միությունների աջակցությամբ։  Վստահ եղեք, որ ՀՅ Դաշնակցությունը ամենատարբեր ծրագրերով շարունակելու է լինել Արցախցի երիտասարդների և պատանիների կողքին։ Հույս ունեմ, որ այն ընկերությունը, որը ձևավորվել է այստեղ, չի ավարտվի այստեղ, այլ կշարունակի ամբողջ կյանքի ընթացքում»,-նշել է նա։

Միջոցառմանը պատանիներին օրհնել է ՀԱՍԵ Արցախի թեմի հոգևոր հայր Տեր Մինաս քահանա Մովսիսյանը, աղոթել նրանց հետ և նրանց մաղթել, որ երբեք չհուսահատվեն ու շարունակեն իրենց գործը՝ հայրենասիրության ճամփով։

Բանակումի վերջին օրը հյուրերն ու պատանիները միասին ընթրել են, որից հետո օրն ավարտել Խարույկի մոտ, որտեղ պատանիների համար երգել է սիրված երգիչ Սամվել Երանյանը։

Վ․Խաչատրյան

1