Արցախյան տարեգրություն. ԼՂ-ի իշխանությունները ընտրեցին միակ ճիշտ, հանգրվանային տարբերակը՝ սեպտեմբերի 2-ին ընդունելով ԼՂՀ անկախության մասին հռչակագիր
Գլխավոր » Լրահոս » Արցախյան տարեգրություն. ԼՂ-ի իշխանությունները ընտրեցին միակ ճիշտ, հանգրվանային տարբերակը՝ սեպտեմբերի 2-ին ընդունելով ԼՂՀ անկախության մասին հռչակագիր

Արցախյան տարեգրություն. ԼՂ-ի իշխանությունները ընտրեցին միակ ճիշտ, հանգրվանային տարբերակը՝ սեպտեմբերի 2-ին ընդունելով ԼՂՀ անկախության մասին հռչակագիր

Արցախյան շարժումը ներդաշնակելու, համակարգելու նպատակով ստեղծվեց «Ղարաբաղ» կոմիտեն, որն իր մասնաճյուղերը հիմնեց հանրապետության շրջաններում։ Սակայն Հայաստանում շարժումը թափ հավաքելուց հետո  տեղի ունեցավ նրա ղեկավարության փոփոխությունը։ Ոչ առանց Հայաստանի ուժային կառույցների միջամտության ձևավորված նոր ղեկավարության («Ղարաբաղ» կոմիտեի նոր կազմի) մեջ ընդգրկվեցին խորհրդային հատուկ ծառայությունների հետ կապված անձինք, ովքեր կարողացան փոխել նրա ընթացքը և ուղղությունը՝ ազգային նպատակներից անցնելով ԽՍՀՄ ժողովրդավարացման համար ընդհանուր պայքարի հուն: Այսօր նրանց գործունեության պատմությունը դեռևս պարուրված է խորհրդավորության շղարշով: Բայց ավելի քան ակնհայտ է, որ «Միացումի» սկզբունքով առաջնորդվող  «Ղարաբաղ»  կոմիտեի առաջին կազմի մեկուսացումը և նոր կազմի ձևավորումը բացատրելի են միայն նման քաղաքական նպատակների առկայության համատեքստում:

Սակայն, Արցախում գործընթացներն այլ կերպ էին ընթանում: Այստեղ բացի ազգային-ազատագրական պայքարի գաղափարով առաջնորդվող հայրենասիրական ուժերից, ներգրավվել էր նաև կուսակցական ակտիվը, ինչպես նաև՝ հիմնարկ ձեռնարկությունների ղեկավարները: Վերջիններիս մի մասի ակտիվ մասնակցությունը միանգամայն համահունչ էր Հայաստանում  Ղարաբաղյան շարժման ղեկը «Միացումի» կողմնակիցներից  խլած պերեստրոյկայի դարաշրջանի ժողովրդավարների նպատակներին:

Ուստի Հայաստանում ու Արցախում միմյանցից տարանջատված ազգային ու ժողովրդավարական ուժերի հետագա բյուրեղացման արդյունքում ձևավորվեցին երկու հակառակ ուղղություններ: Մի ուղղությունն Ադրբեջանի ագրեսիային սկզբում պատասխանում էր խաղաղ երկխոսության քաղաքականությամբ, ինչը հետագայում չարդարացրեց իրեն։ Դրան զուգահեռ ընթանում էր այլ գործընթաց՝ զինված ինքնապաշտպանության կազմակերպումը: Մեկ անգամ ևս փաստենք, որ այս խնդիրը լուծելու գործում վճռական դեր խաղաց ՀՅԴ-ն։ Նա աննախադեպ թափ հաղորդեց ազգային- ազատագրական շարժմանը՝ իր մեջ ներառելով Միացումի կողմնակիցներին: ՀՅԴ-ի ակտիվությունը,  ըստ երևույթին, գործի մղեց նաև Հայաստանում Ղարաբաղյան շարժումը ժողովրդավարացման համար ընդհանուր պայքարի հուն տեղափոխած ՀՀՇ-ին։ Նրա խողովակով նույնպես սկսվեցին զենքի մատակարարումները և ինքնապաշտպանական ջոկատների ստեղծումը։ Սա չէր կարող չառաջացնել Ղարաբաղյան շարժման առաջնորդների նոր խմբավորում. նախկին խորհրդային կուսակցական ակտիվի, ինչպես նաև հիմնարկ ձեռնարկությունների ղեկավարների շրջանում հայտնվեցին Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները, բայց  ակտիվ գործիչների հիմնական մասն ընդգրկվեց ՀՅԴ-ի մեջ[1]։

Միաժամանակ ընդգծենք, որ այդ գործիչներից ոմանք ներթափանցեցին Հայաստանում ու Արցախում գործող քաղաքական ուժերի շարքերը՝ իրենց անցյալը քողարկելու կամ ինքնամաքրվելու նպատակով: Մի մասը նույնիսկ ակտիվ մասնակցություն ունեցավ Արցախի և Հայաստանի պետականության կերտման գործընթացում՝ հանդես գալով իրենց համար խորթ ազգային դիմակներով:

Արցախահայության վիճակը ավելի ծանրացավ ԽՍՀՄ լուծարման նախաշեմին: 1991 թ. օգոստոսից  հետո՝ ԽՍՀՄ-ի փլուզման գործընթացի արագացման համատեքստում ստեղծվեց քաղաքական նոր իրադրություն. օգտվելով նպաստավոր պայմաններից՝ ԽՍՀՄ տարածքում գտնվող ազգային միավորումները հռչակեցին իրենց անկախությունը, որպեսզի չմնան կայսրության փլատակների տակ:

Մինչ այդ ԽՍՀՄ պետական  բարձրագույն օրենսդիր ատյանը 1990թ. ապրիլի 3-ին ընդունել էր «ԽՍՀՄ-ից միութենական հանրապետությունների դուրս գալու հետ առնչվող հարցերի լուծման կարգի մասին» ԽՍՀՄ օրենքը: Այս օրենքը հստակեցնում էր ոչ միայն բոլոր միութենական հանրապետությունների, այլև  ինքնավար կազմավորումների, անգամ ինքնավար  շրջանների,  և  հոծ  ապրող  ազգային խմբերի՝  ԽՍՀՄ-ից դուրս գալու իրավական հիմունքները:  Օրենքի 3-րդ  հոդվածում ասվում էր. «Իր կազմում ինքնավար հանրապետություններ, ինքնավար մարզեր ու շրջաններ ունեցող միութենական հանրապետություններում հանրաքվեն անց է կացվում յուրաքանչյուր ինքնավարության հաշվով առանձին: Ինքնավար հանրապետությունների և կազմավորումների ժողովուրդներին է մնում ԽՍՀՄ-ում կամ դուրս եկող միութենական հանրապետությունում մնալու, ինչպես նաև իր պետական կարգավիճակի հարցը դնելու իրավունքը: Այն միութենական հանրապետությունում, որտեղ կան տվյալ վայրի բնակչության մեծամասնություն կազմող և հոծ թվով բնակվող ազգային խմբերի տարածքներ, հանրաքվեն հանրագումարելիս քվեարկության արդյունքները հաշվի են առնվում առանձին»[2] :

Այդ օրենքի  ընդունման  օրից հոծ բնակվող ազգային խմբերը ԽՍՀՄ-ի լուծարման պարագայում ԽՍՀՄ պետական իրավունքի կրողներ էին դարձել:

Բայց հիմք ընդունելով հենց 1990 թ. ապրիլի 3-ի օրենքը՝ Ադրբեջանի  ԳԽ-ն 1991 թ. օգոստոսի 30-ին ընդունում է «Ադրբեջանի Հանրապետության անկախության վերականգնման մասին» հռչակագիր, որով Բաքուն հրաժարվում է Ադրբեջանական ԽՍՀ-ի իրավահաջորդությունից և վերականգնում 1918-1920 թթ. գոյություն ունեցած ԱՀ-ի պետականությունը: Իսկ  հոկտեմբերի 18-ին ընդունվեց Ադրբեջանի Հանրապետության պետական անկախության մասին սահմանադրական ակտը, որով Բաքուն ամրագրեց իր հրաժարումը Ադրբեջանական ԽՍՀ-ի իրավահաջորդությունից ։

 Պետք է ընդգծել, որ Բաքուն, վերադառնալով 1918-1920 թթ. իրողություններին, վերականգնեց Ազգերի լիգայի կողմից դե-յուրե չճանաչված մուսավաթական ԱՀ-ի պետականությունը, որը չուներ ճանաչված, լեգիտիմ սահմաններ և չէր վերահսկում ո՜չ Լեռնային Ղարաբաղը և ո՜չ էլ Նախիջևանը: Նկատենք նաև, որ Ադրբեջանի անկախությունը ընդունվեց ոչ թե հանրաքվեի արդյունքում, այլ հայտարարվեց հանրապետության գերագույն օրենսդիր մարմնի կողմից, որի կազմի մեջ չկար ներկայացուցիչ ո՜չ ԼՂԻՄ-ից և ո՜չ էլ այլ հայաբնակ տարածքներից: Մյուս կողմից էլ՝ Հայաստանի ՀՀՇ-ական իշխանությունը լիովին չէր կողմնորոշվել Արցախի վերամիավորման՝ համայն հայության պահանջի հարցում: 1991 թ. սեպտեմբերի 2-ին Մոսկվայում կայացած ԽՍՀՄ ժողովրդական պատգամավորների արտահերթ նստաշրջանում Լևոն Տեր-Պետրոսյանը պահանջեց միայն բարձրացնել ինքնավար մարզի կարգավիճակը[3]:

Ստեղծված անորոշության պայմաններում և հաշվի առնելով Հայաստանի հետ վերամիավորման պահանջի բավարարման անհնարինությունը ԽՍՀՄ-ում ու միջազգային որոշ կազմակերպություններում,  ինչպես նաև խնդիրը որպես Հայաստանի՝ Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնություն դիտվելու վտանգը, ինչը կարող էր անկասելի դարձնել հայ-ադրբեջանական պատերազմը, ԼՂ իշխանությունները ընտրեցին միակ ճիշտ, հանգրվանային տարբերակը՝ սեպտեմբերի 2-ին ընդունելով ԼՂՀ անկախության մասին հռչակագիր։ Դրանով ԼՂ-ն մի կողմից՝ իրեն հայտարարեց Ադրբեջանից դուրս, մյուս կողմից՝ առերես հրաժարվեց Հայաստանի հետ վերամիավորումից։ Այդ պահից փոխվեց Արցախյան շարժման բնույթը, և այն ընդունեց անկախ պետականություն կերտելու շեշտված ուղղվածություն։ Այսպիսով, ԽՍՀՄ-ի լուծարման արդյունքում նախկին Ադր. ԽՍՀ-ի տարածքում կազմավորվեցին երկու անկախ պետություններ՝ ԼՂՀ-ն և Ադրբեջանի Հանրապետությունը (ԱՀ): ԼՂՀ-ի հռչակումից հետո սկսվեց նոր իշխանական կառույցների, առաջին հերթին՝ օրենսդիր մարմնի՝ Գերագույն խորհրդի (ԳԽ) ձևավորման գործընթացը: Պետական և ռազմական շինարարության խնդիրները լուծվում էին չընդհատվող ռազմական գործողությունների պայմաններում: ԼՂՀ առաջին գումարման ԳԽ-ում, որը հետագայում անվանվեց ԼՂՀ խորհրդարան (այժմ՝ ԼՂՀ Ազգային ժողով), պետք է ընտրվեր 81 պատգամավոր: Ընտրությունների օրը նշանակվեց 1991 թ. դեկտեմբերի 28-ը: Կազմավորվեց 81 ընտրատարածք[4]:

1991թ. դեկտեմբերի 28-ին կայացան ԼՂՀ ԳԽ  ընտրությունները, որոնք անցկացվեցին մեծամասնական ընտրակարգով՝ ընդհանուր, հավասար և ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա, գաղտնի քվեարկությամբ:

Հանրապետության ԳԽ ընտրությունների մասին տեղյակ էին պահվել Շուշիի և ադրբեջանական մյուս բնակավայրերի բնակիչները։ Ադրբեջանցիները կատարեցին Ա. Մութալիբովի հրամանը և չմասնակցեցին ընտրություններին, ինչպես որ չէին մասնակցել հանրաքվեին[5]։

ԼՂՀ ԳԽ ընտրություններից հետո՝ 1992 թ. հունվարի 6-ին, Ստեփանակերտում՝ նախկին մարզխորհրդի նիստերի դահլիճում, 80 դիտորդների ու լրագրողների ներկայությամբ, «Հայր մեր» տերունական աղոթքով իր աշխատանքները սկսեց ԼՂՀ առաջին գումարման ԳԽ առաջին նստաշրջանը: Նույն օրը ընդունվեց «ԼՂՀ պետական անկախության հռչակագիրը»[6]:

Հանրապետության սահմանները պաշտպանելու և բնակչության անվտանգությունն ապահովելու համար հենց առաջին նիստում որոշվեց ստեղծել հանրապետության իշխանության բարձրագույն մարմիններին ենթակա սեփական ռազմական ուժեր, հասարակական կարգի պահպանության ու պետական անվտանգության մարմիններ և բոլոր ռազմական ուժերը միավորել մեկ հրամանատարության ներքո։

   Հունվարի 7-ի նիստում պատգամավորները ձեռնամուխ եղան ԳԽ նախագահի ընտրության հարցի քննարկմանը: Առաջադրվեցին 7 թեկնածուներ՝ Լեոնարդ Պետրոսյան,  Օլեգ Եսայան, Ռոբերտ Քոչարյան, Արթուր Մկրտչյան, Լևոն Մելիք-Շահնազարյան, Արկադի Մանուչարով և Շահեն Մեղրյան: Թեկնածուներից հինգը ինքնաբացարկ հայտարարեցին, և մնացին Արթուր Մկրտչյանն ու Լեոնարդ Պետրոսյանը: Մի քանի անգամ քվեարկություն կատարվելուց հետո 42 ձայնով ԼՂՀ ԳԽ առաջին նախագահ ընտրվեց ՀՅԴ անդամ, պատմական գիտությունների թեկնածու, 33-ամյա Արթուր Մկրտչյանը: Ստեղծվեց նաև Նախարարների խորհուրդ (ՆԽ), որի նախագահ հաստատվեց Օլեգ Եսայանը, իսկ տեղակալ՝ Բորիս Առուշանյանը: Ընտրված պատգամավորների մեծամասնությունը ՀՅԴ անդամներ էին։ Սակայն ԳԽ նախագահի ընտրություններում հաղթանակ տանելով՝ ՀՅԴ-ն որոշում ընդունեց երկրում ներքաղաքական կայունությունը պահպանելու նպատակով մի շարք կարևոր ղեկավար պաշտոններ, այդ թվում՝ ՆԽ նախագահինը, հանձնել մյուս քաղաքական ուժերին: ԼՂՀ ԳԽ նախագահ Արթուր Մկրտչյանի առաջարկով ԼՂՀ ԳԽ նախագահի առաջին տեղակալի պաշտոնի համար առաջադրվեց Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը, սակայն փակ գաղտնի քվեարկության ժամանակ թեկնածուն անհրաժեշտ քվեներ չստացավ: Նախագահի առաջին տեղակալի պաշտոնը մնաց թափուր[7]

Հունվարի 11-ին տեղի ունեցան ԼՂՀ ԳԽ պատգամավորների լրացուցիչ ընտրություններ. 11 թափուր տեղի համար ընտրվեց 9 պատգամավոր, որոնց իրավունքները հաստատվեցին ԳԽ նստաշրջանի հունվարի 17-ի նիստում: Նույն օրը ԼՂՀ ԳԽ նախագահի տեղակալ ընտրվեց ՀՅԴ անդամ Գեորգի Պետրոսյանը, քարտուղար՝ պատմական գիտությունների թեկնածու, անկուսակցական Վլադիկ Հակոբյանը[8]:

ԳԽ նստաշրջանն ընդունեց «Արտակարգ դրության մասին» օրենքը: Ապա կազմավորվեցին ԳԽ մշտական հանձնաժողովները[9] և հետևյալ խումբ-խմբակցությունները՝ ՀՅԴ խմբակցություն, «Արցախի ժողովրդական ճակատ» պատգամավորական խումբ, «Մարտակերտցիների խումբ»,  «Միացում» պատգամավորական խումբ, չեզոք անդամներ ու զինվորականներ։

Սակայն ԼՂՀ-ում կայացած ժողովրդավարական ընտրությունների միջոցով տեղի ունեցած ՀՅԴ-ի հաղթանակը քաղաքական ցնցում հանդիսացավ Հայաստանի նոր իշխանության համար, որը տակավին չէր հասցրել հասկանալ, թե ինչ է կատարվում Արցախում: ԼՂՀ ԳԽ նստաշրջանն սկսվելուց մի քանի օր առաջ՝ հունվարի 3-ին, Ստեփանակերտ էր ուղարկվել Հայաստանի Հանրապետության ՀՀ ԳԽ-ի դիմումը: Այդ փաստաթղթում նշված էր, որ արցախահայության ազգային-ազատագրական պայքարը թևակոխել է նոր՝ պետականության հաստատման շրջան: ՀՀ ԳԽ-ն համոզված էր, որ այն կընթանա ժողովրդավարական նորմերին համապատասխան՝ դրանով օրինական հիմքի վրա դնելով ԼՂՀ քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը: Այնուհետև ասված էր, թե ՀՀ ԳԽ-ն ողջ հայ ժողովրդի անունից հավաստիացնում է ԼՂՀ ԳԽ-ին, որ բոլոր միջոցներով զորավիգ կլինի Արցախի պետականության հաստատմանն ու ամրապնդմանը: Սակայն մի քանի օր անց պարզվեց, որ վերոհիշյալ դիմումը պարզապես քաղաքական դեմարշ էր. ՀՀ-ի ՀՀՇ-ական իշխանությունները  չէին սպասում դեպքերի նման ընթացքի, և հունվարի  12-ին, երբ ՀՀ ԳԽ նախագահության նիստի ժամանակ առաջարկվեց շնորհավորանքի խոսք հղել ԼՂՀ նորընտիր իշխանություններին, նախագահության 12 անդամներից Եգորյանը և Ոսկանյանը դեմ քվեարկեցին՝ շատ լավ իմանալով, որ որոշում ընդունելու համար անհրաժեշտ է 11 ձայն: Այսպիսով, ՀՀ ԳԽ-ն չշնորհավորեց ԼՂՀ նորընտիր իշխանություններին[10]: Պատճառը պարզ էր. Արցախում իշխանության էին եկել ՀՀ-ի ՀՀՇ-ական ղեկավարության համար ոչ ցանկալի ուժեր: Փաստորեն, պաշտոնական Երևանը ԼՂՀ-ի համար այդ դժվարին պայմաններում բացահայտ քաղաքական առճակատման գնաց Ստեփանակերտի հետ: Դրա արտահայտությունը դարձան ԼՂՀ իշխանությունների նկատմամբ ՀՀ ղեկավարության հետագա վերաբերմունքն ու ձեռնարկած քայլերը:

ԼՂՀ ԳԽ նախագահ Արթուր Մկրտչյանը հունվարի 26-ից փետրվարի 2-ը կատարեց իր առաջին պաշտոնական այցը Երևան: Պաշտոնական տեղեկագրերում մանրամասներ չեն պահպանվել այդ այցի վերաբերյալ: Սակայն գոյություն ունեն տեսակետներ այն մասին, թե ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը Արթուր Մկրտչյանին ընդունել է խիստ սառը և պահանջել հրաժարական տալ[11]:

Իսկ ռազմական իրադրությունը ԼՂՀ-ում շարունակում էր շիկանալ: Օրեցօր սաստկացող մարտական գործողությունները հրամայաբար պահանջում էին կատարելագործել ոչ միայն ինքնապաշտպանական ուժերի (ԻՊՈՒ) կառուցվածքային ու մարտական բնութագրերը, այլ նաև կառավարման համակարգը։ Մարտի 4-ի ԳԽ նախագահության նիստում Արցախի ԻՊՈՒ հրամանատար նշանակվեց գնդապետ Արկադի Տեր-Թադևոսյանը։ Նույն օրը նախագահությունը որոշեց, ԼՂՀ ԳԽ 1992 թ. հունվարի 9-ի որոշմանը համապատասխան, հաստատել ԼՂՀ  պաշտպանության խորհրդի (ՊԽ) կազմը[12]։

Այնուհետև ԳԽ նախագահությունը ձեռնամուխ եղավ նաև կառավարության մի շարք պաշտոնների նշանակմանը, ԼՂՀ ՆԽ կազմը հաստատելուն, ԼՂՀ կառավարության անհատական կազմի մասին որոշումների նախագծերի քննարկմանը[13]։ «ԼՂՀ ՆԽ-ի մասին» ԼՂՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան հաստատվեց ԼՂՀ կառավարությունը, և  առաջնորդվելով «ԼՂՀ ՆԽ-ի մասին» ԼՂՀ օրենքով՝ հանձնարարվեց  վերջինիս անցնել իր լիազորությունների կատարմանը։     

Այսպիսով, ոչ վերջնականապես, բայց ձևավորվեց ԼՂՀ գործադիր իշխանությունը, որը պետք է լուծեր երկրին  վերաբերող սոցիալ-տնտեսական և մի շարք այլ հարցեր։ Սակայն պետք է նշել, որ կազմավորելով ԼՂՀ կառավարությունը՝ ԼՂՀ ԳԽ նախագահությունը գործադիր իշխանության կարևորագույն լիազորությունները իրեն վերապահեց մինչև 1992 թ. օգոստոս (Պաշտպանության պետական կոմիտեի ստեղծումը)։ Դա մեծապես պայմանավորված էր նրանով, որ իրադրությունը ռազմաճակատում դեռևս անչափ լարված էր և հնարավորություն չէր տալիս ԳԽ նախագահությանը ավարտել իշխանական լիազորությունների օպտիմալ բաշխումը, կառավարման համակարգի կենտրոնացումն ու կատարելագործումը:

(շարունակելի)

Տարոն Վ. Հակոբյան

Պատմգիտթեկնածու, դոցենտ

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ


[1] Տե՜ս Հակոբյան Տ., ԼՂՀ հռչակումը և պետական շինարարության գործընթացը (1991-1994թթ.), Եր.,«Էդիթ Պրինտ», 2011, էջ 40:

[2] «Արցախ», Ստեփանակերտ, 26.08.1993:

[3] Տե՜ս Բալայան Վ., նշվ. աշխ., էջ 299:

[4] Տե՜ս Օհանջանյան Մ., Անկախության քայլերը, ԼՂՀ-ում անցկացված հանրաքվեն և ընտրությունները (1991-1998), Ստեփանակերտ, §Սոնա¦,  1998, էջ 12:

[5] Տե՜ս Հակոբյան Տ., նշվ. աշխ., էջ 35:

[6]Տե՜ս Арутюнян В., События в Нагорном Карабахе, хроника, часть IV, январь 1992 г.-июль, Ер., §Гитутюн¦ НАН РА,1997, էջ 109:

[7] Տե՜ս  Հակոբյան Տ., նշվ. աշխ., էջ 37:

[8] Տե՜ս Աբրահամյան Հ., Աբրահամյան Հ., Ճակատագրին ընդառաջ, Եր., ՙԱմարաս՚,  2001,էջ 152:

[9] Տե՜ս Հակոբյան Տ., նշվ. աշխ., էջ 39:

[10] Տե՜ս Աբրահամյան Հ., նշվ. աշխ., էջ 153-154:

[11] Տե՜ս Հակոբյան Տ., նշվ. աշխ., էջ 42:

[12] Տե՜ս ԱՀ պետարխիվ, Ֆոնդ 254, ցանկ 1, պահպանման միավոր 2, կապ 1, թերթ 5-6:

[13] Տե՜ս նույն տեղում, թ. 11-14:

1