Թումո ճամբարն ու Team-ը տեխնոլոգիական ամառային փորձառություն նվիրեցին արցախցի պատանիներին
Գլխավոր » Լրահոս » Թումո ճամբարն ու Team-ը տեխնոլոգիական ամառային փորձառություն նվիրեցին արցախցի պատանիներին

Թումո ճամբարն ու Team-ը տեխնոլոգիական ամառային փորձառություն նվիրեցին արցախցի պատանիներին

31 հուլիսի, 2024 թ․, Երևան․ Team Telecom Armenia-ի և Թումոյի միջև ռազմավարական գործընկերությունն ընդլայնվում է՝ ներառելով ևս մեկ կրթական նախագիծ։ Խոսքը Թումո ճամբարի մասին է, որի շրջանակում մասնակիցները ձեռք են բերում տարաբնույթ հմտություններ ու գիտելիքներ, հաստատում կապեր ամբողջ աշխարհից պատանիների հետ, ինչպես նաև վայելում ակտիվ մշակութային և ժամանցային ծրագիր: Team-ի աջակցության շնորհիվ այս տարի ամառային ճամբարին մասնակցելու հնարավորություն ունեցան նաև արցախցի պատանիներ։

Հինգ շաբաթ տևող Թումո ճամբարն այս անգամ անցկացվեց Երևանում և Դիլիջանում։ Յուրաքանչյուր շաբաթ փոխվում էին մասնակիցները, և ըստ նրանց հետաքրքրությունների՝ փոխվում էր նաև ծրագրի բովանդակությունը։

«Թումո ամառային ճամբարում ես ինձ համար նոր ոլորտ բացահայտեցի՝ ծրագրավորումը։ Մինչ այդ պատկերացում չունեի ծրագրավորման մասին և կարծում էի, որ ինձ մոտ չի ստացվի։ Հիմա ես շատ եմ ուզում հետագայում ավելի շատ ուսումնասիրել այդ թեման։ Ճամբարի ընթացքում ծանոթացա այլազգի երեխաների հետ ու շատ բան սովորեցի նրանց երկրների և մշակույթի մասին։ Շատ ուրախ էի նաև ճամբարի ընթացքում արցախցի իմ ընկերներին կրկին հանդիպելու համար։ Մի խոսքով՝ ունեցա նոր ընկերներ, ստացա գիտելիքներ և հաճելի ժամանակ անցկացրի»,- ասում է ճամբարի մասնակից Էլեն Դանիելյանը, որը եղել է նաև Թումո Ստեփանակերտի ուսանող։

Team-ը խթանում է տեխնոլոգիական կրթությունը, և արցախցի պատանիների ներգրավումը Թումո ճամբարում այդ ջանքերի կարևոր մասն է կազմում: Սա պատանիներին հնարավորություն կտա զարգացնելու իրենց թվային հմտությունները և ինտեգրվելու տեխնոլոգիական աշխարհին։ Կրթական բաղադրիչից բացի, ճամբարը նաև մշակութային կամուրջ ստեղծեց՝ թույլ տալով պատանիներին շփվել իրենց հասակակիցների հետ Հայաստանից և արտերկրից։

Ճամբարն ուներ հագեցած կրթական և ժամանցային բաղադրիչներ։ Մասնակիցները սովորեցին Թումոյի հիմնական ծրագրի ուղղություններում՝ ծրագրավորում, լուսանկարչություն, երաժշտություն, ինչպես նաև խաղերի ստեղծում, գրաֆիկ դիզայն, անիմացիա, 3D մոդելավորում ու ռոբոտաշինություն։ Նրանք այցելեցին պատմամշակութային վայրեր, թանգարաններ, մասնակցեցին տարատեսակ սպորտային խաղերի, իսկ ճամբարի ավարտին ներկայացրին իրենց նախագծերը։

1