Հորդորում եմ  չկորցնել հույսն ու հավատը, մնալ Հայաստանում և  հավատարիմ լինել վերադառնալու և հայրենիքին տեր կանգնելու գաղափարին
Գլխավոր » Լրահոս » Հորդորում եմ  չկորցնել հույսն ու հավատը, մնալ Հայաստանում և  հավատարիմ լինել վերադառնալու և հայրենիքին տեր կանգնելու գաղափարին

Հորդորում եմ  չկորցնել հույսն ու հավատը, մնալ Հայաստանում և  հավատարիմ լինել վերադառնալու և հայրենիքին տեր կանգնելու գաղափարին

Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան մշակութային կենտրոնն իր գործունեությունը շարունակում է Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտում։ Արցախում կենտրոնը ուներ 250 սան, իսկ հիմա նրանց թիվը 9 է։ Ցավոք, սաների մի մասը տեղափոխվել է Ռուսաստանի Դաշնություն, իսկ մի մասը հաստատվել է Հայաստանի տարբեր բնակավայրերում։

Ինչպես տեղեկացնում է մշակութային կենտրոնի նախկին տնօրեն Արմեն Հովսեփյանը, կենտրոնի գործունեությունը շարունակելու նպատակը արցախյան կոլորիտը պահպանելն է։ Երեխաներին հավաքելով մեկ վայրում՝ նրանց հնարավորություն է տրվում շփվել իրար հետ, խոսել արցախյան բարբառով և ստեղծել մի փոքր Արցախ։

«Մեր հնարավորությունները սուղ են, չունենք անհրաժեշտ պայմաններ։  Շաբաթական մեկ կամ երկու պարապմունքները բավարար չեն մեծ արդյունքի հասնելու համար։ Դրա համար չենք կարողանում մասնակցել մեծ միջոցառումների, որտեղ կարող էին փայլել նաև մեր երեխաները: Բայց չենք վհատվում, մեծ բեմերի օրերը դեռ կգան,- նշում է Ա. Հովսեփյանը, ապա շնորհակալություն հայտնում Երեւանի թատրոնի և կինոյի ինստիտուտի ռեկտոր Սառա Նալբանդյանին, ով անմիջապես ընդառաջել  և տեղ է տրամադրել կենտրոնի աշխատանքները շարունակելու համար:

Ա. Հովսեփյանը շնորհակալություն  հայտնեց նաև կենտրոնի սաների  ծնողներին, ովքեր գալիս են ՀՀ տարբեր շրջաններից և ցանկանում են, որ երեխաները շարունակեն սովորել իրենց կենտրոնում։

Նա հորդորեց չկորցնել  հույսն ու հավատը, անկախ ամեն ինչից, մնալ Մայր Հայաստանում և հավատարիմ լինել  վերադառնալու և հայրենիքին տեր կանգնելու գաղափարին»։

Ապառաժ

1