2023 թվականի սեպտեմբեր ամսվա արցախցիների չվճարված թոշակների հարցը կարգավորվել է․ Նորայր Ավանեսյան
Արցախի հայաթափումից հետո արցախցիները հաճախ են դիմում սոցիալական տարբեր խնդիրների բարձրաձայնման համար։ Արդեն լրանում է մեկ տարին, երբ բազմաթիվ արցախցիներ ազատվել են աշխատանքից՝ առանց վերջնահաշվարկների վճարման, հիմնականում պետական աշխատողներ։ Նրանք չգիտեն խնդրի կարգավորման համար որտեղից պարզաբանումներ ստանան։
Բռնատեղահանումից հետո, հոկտեմբերի սկզբին, Արցախի օպերատիվ շտաբում, որը գործում էր Երևանում, համապատասխան մարմինների կողմից կատարվել է աշխատողների հասանելիք գումարների վերջնահաշվարկ, սակայն Արցախի նախագահի հրամանագրի համաձայն 2023 թ-ի հոկտեմբերի 1-ից աշխատանքից ազատված պետական աշխատողներն առայսօր վերջնահաշվարկ ու նախատեսվող այլ նպաստ չեն ստացել։ Աշխատանքային օրենսգրքի համաձայն՝ աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում, գործատուն պարտավոր է աշխատողի հետ կատարել լրիվ վերջնահաշվարկ աշխատանքային պայմանագրի լուծման օրը, եթե նույն օրենսգրքով, օրենքով կամ գործատուի և աշխատողի համաձայնությամբ վերջնահաշվարկի այլ կարգ նախատեսված չէ:
Նշված խնդրի առնչությամբ «Ապառաժ»-ի հարցմանն ի պատասխան Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարության ներկայացուցիչ Նորայր Ավանեսյանը որոշակի պարզաբանումներ է տվել․ «2023 թվականի սեպտեմբեր ամսին, Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանումից հետո, Արցախի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի առկա մնացորդն ուղղվել է 2023 թվականի սեպտեմբեր ամսվա պետական համակարգի աշխատողների աշխատավարձերի 85 տոկոսի չափով վճարմանը: 2023 թվականի հոկտեմբեր ամսից Արցախի Հանրապետության պետական բյուջե մուտքեր չեն եղել: 2023 թվականի սեպտեմբեր ամսվա չվճարված 15 տոկոս աշխատավարձերը և պետական համակարգի աշխատողների վերջնահաշվարկները Արցախի Հանրապետության կառավարության կողմից ձևակերպվել են պարտավորություն և առաջին իսկ հնարավորության դեպքում, այսինքն՝ ֆինանսական միջոցների առկայության պարագայում կիրականացվեն նշված պարտավորությունները»:
Նորայր Ավանեսյանի փոխանցմամբ՝ 2023 թվականի սեպտեմբեր ամսվա չվճարված թոշակների հարցը կարգավորվել է ՀՀ կառավարության 2024 թվականի հունիսի 27-ի N 1007-Ն որոշմամբ:
Ապառաժ