Արցախի վտանգված մշակութային եւ հոգեւոր ժառանգություն. Վանքասար
Գլխավոր » Լրահոս » Արցախի վտանգված մշակութային եւ հոգեւոր ժառանգություն. Վանքասար

Արցախի վտանգված մշակութային եւ հոգեւոր ժառանգություն. Վանքասար

Վանքասար լեռան գագաթին, մինչև 1980-ական թվականների սկզբները, կիսավեր դրությամբ պահպանվում էր մի եկեղեցի, որը, շնորհիվ իր պատկառելի հնության (6-7 դարեր) և հորինվածքային առանձնահատկությունների (խաչաձև-գմբեթավոր, եռախորան), արժանացել է պատմաբան-ճարտարապետների ուշադրությանը: Այս եկեղեցու մասին գրավոր առաջին խիստ թռուցիկ հիշատակությունը թողել է Սարգիս արքեպիսկոպոս Ջալալյանցը. «Ի գագաթ լերին է աւերակ մենաստանի, զորմէ աւանդեն գոլ առաջնորդարան այսր նահանգի»: Ավելի ուշ` Եղիշե ավագ քահանա Գեղամյանցը (Հայկունի) նշել է, որ «Յիշեալ մատոռին ժողովուրդը անուանում է «Լեւոնաբերդ»»:

1890-ականների սկզբներին հնավայր է այցելել նաև Խ. Վ. Դադյանը։ Նա առանց չափերը նշելու գծագրել է եկեղեցու հատակագիծն ու ընդօրինակել եկեղեցու մոտ գտնված «4 արշին» երկարությամբ մի խաչքարի արձանագրություն.

ԵՍ ՇԱՀԱՆՇԱՀ ՈՐԴԻ ԱՇՈՏԱՅ ԿԱՆԳՆԵՑԻ ԶԽԱՉՍ ՀՈԳՒՈՅ ԻՄՈՑ, ՈՎ ԿԱՐԴԷՔ ՅԱՂԱՒԹՍ ՅԻՇԵՑԷՔ, ԹՎԻՆ ՉԺԲ(1263):

Մակար եպիսկոպոս Բարխուդարյանը  Վանքասարի եկեղեցու մասին ներկայացրել է մի քանի ավանդույթներ: Ըստ դրանցից մեկի` եկեղեցու կառուցումը վերագրվում է Վաչե Բ գահերեց իշխանին (5 դար). «Աղուանից Վաչէ Բ շինած մի խաչաձեւ մենաստան, որի գլուխն այժմ խոնարհուած է ամբողջապես…»:

Տասնամյակներ անց, արդեն խորհրդային տարիներին, Վանքասարի եկեղեցուն նվիրված մի հոդված է հրապարակել Զ. Յամպոլսկին: Այստեղ ընդարձակ նյութին առըթեր, առաջին անգամ հրատարակել են նաև եկեղեցու հատակագիծն ու լուսանկարները: Նշելով հայերեն արձանագրության ու հայտառ բազմաթիվ նշանագրերի գոյության մասին և շեշտելով եկեղեցու հորինվածքային առանձնահատկությունների նույնականության հանգամանքը հայկական վաղ միջնադարյան մի շարք այլ եկեղեցիների հետ` Յամպոլսկին, սակայն, տուրք տալով յուրաքանչյուր հայկական հուշարձան «աղվանական» հայտարարելու` Բաքվի «գիտնականների» նկրտումներին, միանգամայն անհիմն կերպով եկեղեցին «աղվանական» է համարել:

Ըստ էության խնդրի մեջ է որևէ պարզաբանում չի մտցրել նաև Հայաստանի և Կովկասյան Աղվանքի (Բուն Աղվանք) ճարտարապետական առնչություններին և մասնավորապես Վանքասարի եկեղեցուն նվիրված հետազոտության մեջ Ա. Յակոբսոնը:

1986թ. Սամվել Կարապետյանի և ճարտ. Ա. Ղազարյանի տեղում կատարած ուսումնասիրությունների ընթացքում, «վերականգնման» անվան ներքո արդեն զգալի չափով աղավաղված եկեղեցու արևմտյան մուտքի հյուսիսային կողմում հայտնաբերվեց կիսաեղծ վիճակում գտնվող երկու արձանագրություն: Դրանցից առաջինը, որ եռատող փորագրված է մի պարզ խաչաքանդակի կողքին, սկզբնամասից իսպառ հողմնահար է.

…ՅԱ/ՂԱՒԹՍ ԻՇԵՍ/ՋԻՔ ՅՍ ՔՍ Ի ՏՐ:

Սրբատաշ երեսպատի քարերին, մեկ շարք ցած, նախորդ վիմագրի տակ, երկու տողով փորագրված է.

…Ու Ս(Ր)ԲՈՅ ԵԿ/(Ե)ՂԵՑԻՍ ՅԱՂ(ՈՒ)ԹՍ ԻՇԷՋԻՔ:

Բացի այս երկու վիմագրերից, որոնց հնագրական առանձնահատկությունները թույլ են տալիս դրանք համարել եկեղեցուն ժամանակակից վիմագրություններ, եկեղեցու պահպանված որմերի վրա նկատվում են նաև մի շարք այլ նշանագրեր: Դրանք հիմնականում 2 տիպի են` հայերեն տառաձևերով և պատկերներով:

1986թ. դրությամբ Վանքասարի եկեղեցում ,,վերականգնողական,, աշխատանքների ժամանակ արդեն տեղում չէր Խաչիկ վարդապետի նկարագրած` 1263թ. արձանագիր խաչքարը, բայց եկեղեցու բակում շինարարական մնացորդների մեջ Սամվել Կարապետյանն ու Ա. Ղազարյանը նկատել են գեղաքանդակ ու անարձանագիր մեկ այլ խաչքար, որը հետագայում թուրքերը տարել են Ակնա, իսկ Ակնայից պահպանության նկատառումներով տեղափոխվել է Ասկերանի եկեղեցու բակ:

Վանքասարի եկեղեցին տուժել էր նաև Արցախյան առաջին պատերազմի ժամանակ: Արևմտյան ճակատում՝ բարավորից վերև արկը բավական մեծ խոռոչ էր բացել, որը սպառնում էր պատի կայունությանը։

Ակնայի ազատագրումից հետո, հնարավոր եղավ ուսումնասիրել ու մասամբ վերականգնել տարածքի պատմամշակութային հուշարձանները։

2011 թվականի աշնանը ԼՂՀ Զբոսաշրջության վարչությունը մաքրման, ամրակայման և բարեկարգման աշխատանքներ է իրականացրել այստեղ։ Մասնակի ամրակայման աշխատանքներն ավարտվել են 2012 թվականի հունվարին, և եկեղեցու գմբեթին տեղադրվել է խաչ։ Վերաշարվել է արևմտյան ճակատի քանդված մասը։ 2020թ.-ի նոյեմբերի 20-ից անցել է Ադրբեջանի հսկողության տակ:

Ա.Խաչատրյան

1