Գրիգորյանները մտադրված են տուն ձեռք բերել Լեռնահովիտ գյուղում՝ մտքում միշտ պահելով Արցախ վերադառնալու երազանքը
Գիշեցի Արարատ Գրիգորյանն իր բազանդամ ընտանիքով հանգրվանել է Լոռու մարզի Տաշիր համայնքի Լեռնահովիտ բնակավայրում։ Արցախից տեղահանվելուց հետո միանգամից հաստատվել են այստեղ, ապրում են անվճար։ Երբ այցելեցինք նրանց, արցախցի ընտանիքը շատ ուրախացավ մեր անակնկալ այցելությունից։ Սկզբից չգիտեին, որ արցախցի ենք ու աշխատում էին խոսել գրական հայերենով, բայց երբ պատասխանեցինք արցախյան բարբառով, բոլոր 8 անդամների դեմքերը ողողվեց ժպիտով։ Անգամ ամենափոքրը՝ Հայկը, ուրախությունից սկսեց չարաճճիություններ անել ու թռչկոտել մեր շուրջը։
Տունը, որ զբաղեցնում էին Գրիգորյանները, գտնվում էր անմխիթար վիճակում։ Օրեր առաջ տեղացած անձրևի հետքերը դեռ տանն էին։ Տան տանիքից անձրևաջուր էր թափվել ու խոնավության շունչը դեռ պահպանվում էր։
Աղքատիկ իրավիճակ էր, ինչպես բռնատեղահանված արցախցիների մեծամասնության տներում։ Այնուհանդերձ այս ընտանիքում բոլոր ժպտերես ու պինդ էին։
-Երբ սեպտեմբերի վերջին մեր կամքին հակառակ դուրս եկանք մեր գյուղից ու բռնեցինք գաղթի ճանապարհը, կյանքն ինձ համար կանգ էր առել։ Գիշուց հեռու ապրել չէի պատկերացնում։ Սակայն, ինչպես ասում են, մարդ ամեն ինչի կարողանում է հարմարվել։ Չեմ ասում, թե հարմարվել եմ հայրենիքս կորցնելու մտքին, բայց արի ու տես, որ շարունակում ենք ապրել՝ հարյուրավոր կիլոմետրեր Արցախից հեռու։ Այս գյուղում մեզ լավ են ընդունել, պարբերաբար օգնություններ ենք ստանում, էլ չեմ խոսում մարդկանց հոգատար վերաբերմունքի մասին։ Փորձում ենք ինտեգրվել նոր միջավայրին, ծանոթանալ տեղի կենցաղին, մարդկանց բնավորությանը։ Այստեղ շատ արցախցիներ կան, առանձնապես Մարտունու շրջանից, երբեմն թվում է՝ Արցախում ենք։ Բայց եթե հենց այս պահին հնարավորություն լիներ վերադառնալ՝ առանց երկմտելու արդեն մեր գյուղի ճամփան բռնած կլինեի․ միայն թե անվտանգ ու առանց թշնամու լիներ Արցախը,-ասում է Արարատը։
Կինը՝ Գայանեն, լրացնում է ամուսնու խոսքը։ <<Մենք հիմա մտածում ենք միայն մեր երեխաների ապահովության համար։ Այն, ինչ տեսանք Արցախում, թող երբեք ոչ ոք չտեսնի։ Ճիշտ է, ձեռնունայն ենք հեռացել գյուղից, նեղության մեջ ենք այսօր, բայց չենք վհատվում։ Կյանքը կոփել է մեզ, ավելի ենք ուժեղ դարձել։ Միայն կարոտն է, որ կեղեքում է մեր սիրտը։ Կարոտի ու հիշողությունների դեմ պայքարել անզոր ենք։ Մեր մտքում միայն Արցախ վերադառնալու երազանքն է, մեր գյուղում լիաթոք շնչելու և <<Ոսկե խաչում>> մոմ վառելու տենչը>>։
Երեխաները՝ Կարենը, Արմանը, Մարիամը, Լիլիթը, Ալեքսն ու փոքրիկ Հայկը չեն կարողանում մոռանալ Գիշին, իրենց տունը, ընկերներին, <<Ոսկի խաչը>>․․․ Մարիամի խոշոր ու հմայիչ աչքերը արցունքով լցվեցին, երբ խոսեցինք գյուղի մասին, իսկ Լիլիթն անընդհատ փախցնում էր ամոթխած հայացքը։ Տղաներն ավելի ամուր էին իրենց պահում․ միևնույն է, երբ էլ լինի, վերադառնալու են Արցախ․․․
Արցախյան այս ընտանիքը տրամադրող էր, ամեն ինչ ավանդական էր․ ամուսնու վճռական խոսքը, կնոջ պահվածքը, երեխաների դաստիարակությունը։
Գրիգորյանները մտադրված են բնակաահովման ծրագրով տուն ձեռք բերել Լեռնահովիտ գյուղում, զբաղվել հողագործությամբ ու անասնապահությամբ։ Այդ նպատակի համար արդեն ձեռք են բերել մի քանի հորթ և տրամադրված են բազմացնել անասնապահությունը։
Գիշիում կինը տնային տնտեսուհի էր, ամուսինը՝ զինվորական թոշակի անցնելուց հետո զբաղվում էր տարբեր աշխատանքներով։ Լեռնահովտում ևս նա կփորձի կայուն աշխատանք գտնել, որ կարողանա կերակրել ընտանիքը, թեև այս տարածաշրջանում աշխատանք գտնելը շատ դժվար է։
Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ