Ակնայի ազատագրման ռազմագործողությունը բեկումնային էր
Գլխավոր » Լրահոս » Ակնայի ազատագրման ռազմագործողությունը բեկումնային էր

Ակնայի ազատագրման ռազմագործողությունը բեկումնային էր

Հուլիսի 23-ը Ակնայի (այլ կերպ Ակնի, Աղդամի) ազատագրման օրն է։ Ակնայի (Աղդամ) ազատագրման խնդիրը օր օրի ավելի էր հասունանում և հայկական ուժերի՝ Քարվաճառի ու Մարտակերտի ազատագրումից հետո հաջորդ քայլը պետք է լիներ քաղաքի ազատագրումը։

Այդ ռազմագործողությանը մասնակցում էին Արցախի բոլոր պաշտպանական շրջանները։ Դեռ 1993-ի հունիսին Արցախի ինքնապաշտպանության ուժերը մի քանի ուղղություններով սկսեցին Ակնան շրջապատող հենակետերի լռեցման լայնածավալ գործողությունը։ Այնուհետև, հուլիսի 4-ին հայկական ուժերը սկսեցին Ակնայի ազատագրման գործողությունը, որի հրամանատարներն էին՝ Մոնթե Մելքոնյանը, Մովսես Հակոբյանը, Վիտալի Բալասանյանը։

Ակնայի (Աղդամ) ռազմական գործողության արդյունքում վերացվել է Ստեփանակերտի, Ասկերանի և շրջակա գյուղերի վրա հեռահար հրանոթներից և հրետանային այլ միջոցներից հրետակոծությունների վտանգը։ Հակառակորդին հասցվել է ռազմական և բարոյահոգեբանական հարված։ Ռազմական հենակետի վնասազերծումով կաթվածահար է եղել Արցախի Հանրապետության արևելյան և հարավային սահմանների երկայնքով ադրբեջանական կենտրոնացված խմբավորումների գործողությունը և թիկունքային ապահովումը։

Ակնայի ազատագրման ռազմագործողությունը 1993 թվականի հուլիսին տեղի ունեցած մարտական գործողություններից առավել նշանակալի և բեկումնային ռազմական գործողությունն էր։ 1993 թվականի հուլիսից Ակնան՝ հարակից գյուղերով հանդերձ, գտնվում էր Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի վերահսկողության ներքո։

2020-ի նոյեմբերի 9-ի պայմանագրով հայկական ուժերը պարտավորվեցին հատուկ ժամանակացույցով դուրս գալ ազատագրված տարածքներից․ Ադրբեջանի վերահսկողության տակ անցան Քարվաճառի (Քելբաջար) շրջանը, Ակնան (Աղդամ), 2023-ի սեպտեմբերին՝ ամբողջական Արցախը։

1