Միջազգային կազմակերպություններն ու տարբեր պետություններ պատշաճ իրավական գնահատական չեն տվել Արցախում տեղի ունեցածին
Գլխավոր » Լրահոս » Միջազգային կազմակերպություններն ու տարբեր պետություններ պատշաճ իրավական գնահատական չեն տվել Արցախում տեղի ունեցածին

Միջազգային կազմակերպություններն ու տարբեր պետություններ պատշաճ իրավական գնահատական չեն տվել Արցախում տեղի ունեցածին

Մեզ համար ընդունելի չէ էթնիկ զտման միջոցով կոնֆլիկտը լուծելը: Այս մասին «Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկման ժամանակ հայտնել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի իրավական հարցերով փորձագետ Աննա Մելիքյանը: Նրա խոսքով՝ միջազգային կազմակերպություններն ու տարբեր պետություններ պատշաճ իրավական գնահատական չեն տվել Արցախում տեղի ունեցածին:

«Շատ միջազգային գործընկերներ ու տարբեր պետություններ ընդունելի են համարում նման «լուծումը», կարևորը հարցը լուծվի, այսինքն հենց ունենանք «խաղաղության պայմանագիր», որով իբր խնդիրը Հայաստանի ու Ադրբեջանի միջև լուծվում է, ուրեմն բոլոր թեմաները փակված են: Մեզ համար ընդունելի չէ բռնի տեղահանման արդյունքում կոնֆլիկտ լուծելը»,- ասել է նա:

Փորձագետը հիշեցրել է, որ իրենց կողմից հուլիսի 1-ին փաստահավաք զեկույց է ներկայացվել, որով հաստատել են, որ Ադրբեջանի գործողությունները վերջին տարիներին ուղղված են եղել ռազմական ճանապարհով կոնֆլիկտը լուծելուն:  «Բայց չնայած այդ ամենին, Ադրբեջանի գործողությունները պատշաճ բացասական քնադատության չեն արժանացել միջազգային կառույցների կողմից: Այս ամենի մեջ սա է խնդրահարույցը, որ դժվարացնում է նաեւ մեր աշխատանքը»,- նշել է նա: Աննա Մելիքյանն ասաց, որ չնայած այս առումով հիասթափությանը, բայց ամեն օր շարունակում են աշխատել:

Խոսելով Արցախի ռազմական և քաղաքական ղեկավարներին առաջադրված ահաբեկչության մեղադրանքի մասին, նա նշել է, որ դրանով Ադրբեջանը փորձում է չեղարկել այն բոլոր դիվանագիտական գործընթացները, որոնք տեղի են ունեցել 30 տարիների ընթացքում, այսինքն չեղարկելով Արցախի սուբյեկտայնությունը, զրկելով իրավաչափությունից, գոյություն ունենալու իրավունքից և այն բոլոր իրավունքները իրացնելուց, որոնք Արցախի բնակչությունը փորձում էր իրացնել 30 տարվա ընթացքում:

«Ահաբեկչության ֆինանսավորումը, որ առաջադրվել է գերիներին, այդ թվում Ռուբեն Վարդանյանին, աշխատավարձ վճարելն էր ՊԲ սպաներին ու անձնակազմին»:

Աննա Մելիքյանի խոսքով՝ միջազգային արդարադատությունը դա երկարատեւ գործընթաց է, դեռևս 2016թ. զոհերի իրավունքների վերականգման մասով վճիռներ չկան, թեև վաղուց քննված են: «Մի կողմից շատ հետաձգված են, մյուս կողմից եթե չօգտագործենք այս լծակները, չարձանագրենք այդ փաստերը, հետագայում որևէ հիմք չենք ունենա շարունակելու մեր պահանջատիրությունը, այդ թվում նաև իրավունքների վերականգնման առումով»,- նշել է փորձագետը:

Նա ողջունելի է համարել այն, որ ՀՀ-ն միջպետական հայցեր է ներկայացրել ՄԻԵԴ և միջազգային արդարադատության դատարան: «Մյուս կողմից շատ մտահոգիչ է այն խոսույթը, որ ՀՀ կառավարությունը կարող է հրաժարվել այդ հայցերից, եթե դա լինի այն նախապայմաններից, որոնք կխոչընդոտեն խաղաղության պայմանագիր կնքելը Ադրբեջանի հետ: Միանշանակ ընդունելի չէ, որովհետև առանց արդարադատության որևէ կոնֆլիկտ չի լուծվի: Արցախյան խնդիրը մարդու իրավունքների խախտումներից ծագած խնդիր է, եթե մենք հրաժարվում ենք մեր պահանջատիրութունից հազարավոր անձանց խախտված իրավունքը ապահովելուց, մենք ոչ միայն դավաճանում ենք այդ մարդկանց ակնկալիքները, այլև հետագա բոլոր հնարավոր ճանապարհներն ենք փակում: Այդ դեպքում շատերն արդեն բացթողնված ժամկետ կունենան և չեն կարող շատ իրավունքների պաշտպանության համար անհատապես դիմել ՄԻԵԴ»,- ասել է նա:

Մելիքյանի խոսքով՝ այդ առումով ՀՀ կառավարությունը մոլորեցրել է այդ անձանց, որոնք ժամանակին անհատապես կարող էին դիմել ՄԻԵԴ, իսկ  հիմա շատ ավելի խնդրահարույց կլինի որոշ իրավունքների պաշտպանության համար: «Դա չի կարող լինել այն գինը, որը կարդարացնի խաղաղության պայմանագիր կնքելը»,- ավելացրել է նա:

Ապառաժ

1