Այս ընթացքը հանգեցրեց Արցախի ամբողջական կորստին
Գլխավոր » Լրահոս » Այս ընթացքը հանգեցրեց Արցախի ամբողջական կորստին

Այս ընթացքը հանգեցրեց Արցախի ամբողջական կորստին

Նիկոլ Փաշինյանն ուղղակի պետք է շարունակականություն տար այն ամենին, ինչը գոյություն ուներ մինչ այդ, բայց նա հենց առաջին օրվանից սկսեց սխալներ թույլ տալ, որովհետեւ իր կենտրոնացումը ոչ թե Ղարաբաղի հարցի, արտաքին խնդիրների վրա էր, այլ ավելի շատ ներքին: Այս մասին NEWS.am-ի «Ուժի գործոն» հաղորդման եթերում ասել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը՝ անդրադառնալով հարցին՝ արդյո՞ք հնարավոր էր խուսափել 2020թ․ արցախյան 44-օրյա պատերազմից, և եթե այո, ապա ինչ քայլեր պետք է ձեռնարկվեին այն կանխելու համար։

«Իշխանափոխության ժամանակ նա բազում խոստումներ էր տվել ներքին խնդիրներ լուծելու, մարդկանց պատժելու, եւ ինքը սկսեց կենտրոնանալ նախկինների վրա, գնաց նրանց պատժելու ճանապարհով, որ կարողանա կոնսոլիդացնել իր իշխանությունը: Դա բերեց արտաքին աշխարհում սխալների, եւ դրանց ամբողջ ընթացքը բերեց պատերազմի եւ նրան, ինչն այսօր ունենք: Եթե նա հենց սկզբից կենտրոնանար Արցախի հարցի լուծման վրա, ռեալ հնարավորություններ ուներ ինքը, որ մենք խաղաղ լուծում ունենայինք, ունենայինք Արցախի ԼՂԻՄ-ի սահմաններով, ունենայինք Հայաստանի հետ կապող Լաչինի միջանցքը եւ նաեւ ունենալ խաղաղության պայմանագիր Ադրբեջանի հետ: Դրա համար կային լայն հնարավորություններ:

Բայց Փաշինյանը դիվանագիտությունից շատ հեռու մարդ էր, չէր հասկանում, հակասական հայտարարություններ արեց, այնպիսի նախնական պայմանավորվածություններ ձեռք բերեց Ադրբեջանի հետ, որը պետք է նպաստեր իր ներքին իշխանության կայունացմանը՝ Ադրբեջանի մոտ հստակ ակնկալիքներ առաջացնելու, որը հետո չկարողացավ կարճ ժամանակում իրականացնել: Դրա հետեւանքը եղավ պատերազմ, դրանից հետո ընդհանրապես, այս ընթացքը հանգեցրեց Արցախի ամբողջական կորստին, եւ այսօր արդեն կանգնել ենք Հայաստանի տարածքային ամբողջականության որոշ կորուստների վտանգի առջեւ»,- ասաց Օսկանյանը:

Օսկանյանի համոզմամբ՝ Փաշինյանը նախկին բոլոր նախագահներից ամենալայն հնարավորություններն ուներ գնալու զիջումների՝ հարցի խաղաղ կարգավորման համար՝ հօգուտ Հայաստանի ու Արցախի:

«Խոսքը տարածքներ վերադարձնելու մասին է՝ Արցախի կարգավիճակի դիմաց՝ վերջնական կամ անցումային ժամանակավոր: Այնտեղ խոսքը 5+2 տարածքների մասին է: 5 տարով մենք կարող էինք ստանալ միջանկյալ կարգավիճակ, որը կարող էր ընդունելի լինել բոլորի համար՝ ներառյալ Ադրբեջանի, միջանցք Արցախը Հայաստանին կապող, եւ հնարավորություն ապագայում հանրաքվեի միջոցով որոշել Արցախի կարգավիճակը: Եթե Փաշինյանը վերցներ այդ փաստաթուղթը, կանչեր համապատասխան մարդկանց, ներառյալ ինձ՝ հասկանալու այդ փաստաթղթի ողջ էությունը, բոլոր հնարավոր ծալքերը, որի մասին ինքը խոսել է, ասել է՝ ինձ համար անհասկանալի կետեր կան, փորձում եմ դա Ադրբեջանի ղեկավարից պարզել, դա ինքը պետք է մեզնից պարզեր եւ կարողանար 5 տարածքները տալով ապահովել այդ միջանկյալ կարգավիճակը: Իսկ մյուս երկու տարածքները՝ Քելբաջարն ու Լաչինի ոչ միջանցքային մասը ինքը կարող էր պայմանավորվել որոշ տարի անց, անկախ նրանից՝ հանրաքվեն եղել է, թե ոչ, դրանք վերադարձնել: Բայց մինչ այդ Արցախի միջանկյալ կարգավիճակը արդեն կլիներ ամրագրված, ճանաչված բոլորի կողմից, ինչպես նաեւ ՄԱԿ-ի ԱԽ կողմից: Այս բոլոր դրույթները այդ փաստաթղթում կային

Այստեղ հարց է ծագում՝ ինչու՞ մենք չարեցինք դա։ Չարեցինք, որովհետև այդ փաստաթուղթը մենք ձեռք բերեցինք 2007թ․՝ Մադրիդում, այլևս ժամանակ չունեինք դա անելու համար, եթե ունենայինք, վստահ եմ՝ կանեինք։

Իսկ ինչո՞ւ Սերժ Սարգսյանը չարեց դա՝ Սերժ Սարգսյանը պետք է պատասխանի այդ հարցին, բայց մյուս կողմից նա կորուստներ չտվեց՝ պահեց այդպես, փոխանցեց Փաշինյանին։ Եթե Փաշինյանը ստանար այնպիսի ժառանգություն, որում այդ հնարավորությունը փակված լիներ, կարող էինք մտածել, որ Սերժ Սարգսյանն ինչ-որ մեղավորություն ունի։ Չգիտեմ՝ ունի, չունի, վերլուծության խնդիր է, միգուցե 10 տարում հնարավոր էր անել դա, բայց Փաշինյանն իր այդ բարձր լեգիտիմությամբ չգնաց այդ լուծմանը, այս ամբողջը գցեց աղբամանը, ասաց՝ ես սկսում եմ իմ զրոյական կետից, եւ դրանով մեր ժողովրդի գլխին պատերազմ բերեց։

Լինելով մի մարդ, որ այս ամենի կենտրոնում եմ եղել, գիտակցական կյանքիս մի կարևոր մասը սրան եմ տվել, շատ ծանր եմ տանում Ղարաբաղի կորուստը, սիրտս արյունոտ է, ոնց որ ընտանիքիս անդամներին կորցրած լինեմ։ Շատ ցավով եմ տանում, որովհետև գիտեմ՝ ինչ է տեղի ունեցել։ Երբեմն մտածում եմ՝ երանի Հայաստանի հասարակ քաղաքացի լինեի, մտածեի՝ մենք այստեղ մեղք չունենք, այսպես պետք է լիներ, սա էր մեր ճակատագիրը, մեզ խաբեցին, մեր ձեռքից խլեցին, բայց այդպես չէ՝ մենք Արցախ ենք կորցրել մեր՝ Փաշինյանի սխալների պատճառով։ Նա շատ ռեալ շանս ուներ կարգավորման գնալու, բայց չարեց դա, դրանում եմ ես նրան մեղադրում։ Ինքը կունենար թե՛ Տեր-Պետրոսյանի, թե՛ Քոչարյանի, թե՛ Սարգսյանի աջակցությունը, նրանք կօգնեին Փաշինյանին, որ գնար «5+2»-ի ճանապարհով»,- ընդգծեց Վարդան Օսկանյանը:

Ըստ Օսկանյանի՝ Փաշինյանի քայլերը հանգեցրին Ադրբեջանին այն համոզման, որ Հայաստանի նոր ղեկավարի հետ բանակցելն անիմաստ է, դա պետք է մի կողմ դնել եւ նայել հարցի այլ լուծման:

«Երբ նրանք տեսան, որ դրոնների գնումների տարափի տակ Հայաստանը ձեռքերը ծալած նստած է, երբ ռազմական հավասարակշռությունը տարածաշրջանում ամբողջությամբ դարձել է հօգուտ Ադրբեջանի, երբ դու քո հույսը կորցրել ես բանակցային ճանապարհով լուծման հասնելու, բնականաբար, այդ երկուսի համադրումով կարող են մի եզրահանգման գալ՝ հարցը լուծել ուժի տարբերակով։ Բացի այդ, Ադրբեջանը հստակ տեսնում էր, որ Հայաստանը սխալ քաղաքականություն է վարում Արեւմուտքի հետ, Ռուսաստանի հետ: Այդ ամբողջի մեջ Ադրբեջանը փորձեց գնալ պատերազմի: Այսինքն նույնիսկ 2020-ին որեւէ տրամաբանական հիմք կարող էր չլինել, եթե չլինեին Փաշինյանի արած կոպիտ սխալները»,-ասաց Օսկանյանը:

1