Թեհրանի հայ մշակութային «Արարատ» միությունը 80 տարեկան է
Գլխավոր » Լրահոս » Թեհրանի հայ մշակութային «Արարատ» միությունը 80 տարեկան է

Թեհրանի հայ մշակութային «Արարատ» միությունը 80 տարեկան է

80 տարի առաջ, երբ Հայ մշակութային «Արարատ» կազմակերպության հիմնադիրները երկնում էին «Արարատ»-ը, երեւի թե չէին պատկերացնում, որ իրենց հոգեզավակն ընդամենը կարճ ժամանակ անց կդառնա իրանահայ իրականության ամենամեծ ու ազդեցիկ մարզա-մշակութային կազմակերպությւնը, որին առանցքային դեր կվերապահվի իրանահայ համայնքի ազգային-հասարակական կյանքի բոլոր ասպարեզներում:

«Արարատ»-ը, սակայն, շատ արագ, ընդամենը հաշված տարիների ընթացքում նվաճեց այդ դիրքը՝ դառնալով համայնքի ազգային-հասարակական կյանքը լուսավորող փարոսը:

«Արարատ»-ի կտրած ու անցած ուղին երբեք հարթ ընթացք չունեցավ: Ընդհակառակը՝ «Արարատ»-ը ստիպված եղավ հաղթահարել քաղաքական, հասարակական եւ տնտեսական ամենաանհավանական թվացող խոչընդոտներն ու մարտահրավերները, որոնցից միայն մեկը երեւի, թե բավարար էր ցանկացած հավաքականության ընթացքն ու ապագան կասեցնելու համար: Այդ դժվարությունները, տարաբնույթ մարտահրավերներն ու անհաղթահարելի թվացող խոչընդոտները, սակայն, փորձառություն ներշնչեցին «Արարատ»-ին: Փորձառություն, տոկունություն եւ հավելյալ իմաստություն, որոնք էլ կռեցին ու կոփեցին «Արարատ»-ի նկարագիրը՝ օժտելով նրան կամքի այնպիսի ամրությամբ, ինչը դարձավ նրա խոյանքի երաշխիքը 8 տասնամյակների ընթացքում:

Եւ այս 8 տասնամյակների ընթացքում «Արարատ»-ը երբեք չշեղվեց իր ուղուց, գործեց անկոտրում կամքով, գործեց խորը հավատքով՝ հանուն իրանահայ իրարահաջորդ սերունդների հայապահպանման եւ ազգային ոգով դաստիարակելու նպատակի իրագործմանը, նրանց դաստիարակելով ապագայի վեհ տեսլականով, տեսլական, որն իր մեջ խտացրել ու մարմնավորում էր աշխարհասփյուռ հայության ամենամեծ իղձն ու փափագը՝ ՄԻԱՑՅԱԼ, ԱԶԱՏ ԵՒ ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆԸ:

Այլ կերպ էլ լինել չէր կարող, որովհետեւ «Արարատ»-ի հիմքում ի սկզբանե ընկած էր ազգային-գաղափարախոսության, արժեքային ու բարոյական բյուրեղացած այնպիսի համակարգ, որը «Արարատ»-ի նկարագրի, էության եւ առաքելության պահպանման երաշխիքն է: Գաղափարներ եւ արժեքներ, որոնք ուղեկցել են «Արարատ»-ին 8 տասնամյակների երկար ու ձիգ տարիների ընթացքում, եւ ուղեկցելու են նրան, քանի դեռ կա իրանահայ համայնքը, քանի դեռ կա «Արարատ»-ի ծառայության անհրաժեշտությունը:
Այսօր «Արարատ»-ի 80-ամյա հոբելյանի տոնակատարության պահն է:

Պահն է հիշելու եւ խոնարհվելու հիշատակի դիմաց բոլոր նրանց, ում անմնացորդ ջանքերի եւ նվիրումի ծնունդն էր «Արարատ»-ը:

Պահն է հիշելու եւ խոնարհվելու հիշատակի դիմաց բոլոր այն արարատականների, որոնք եկան ու անցան «Արարատ»-ի բովով, իրենց հետքն ու կնիքը թողնելով իրանահայության ազգային-հասարակական կյանքի տարբեր ասպարեզներում:

Պահն է եւս մեկ անգամ վերանորոգելու «Արարատ»-ի նոր սերունդի ուխտը այն գաղափարների եւ արժեքների հետ, որոնք փոխանցվել են իրենց արդեն հող ու հիշողություն դարձած նվիրյալների կողմից:

80 տարի առաջ պարզած դրոշը վայր դնելու, գծված ճամբից շեղվելու, ընկրկելու, ընկճվելու եւ հուսախաբվելու իրավունք չունի որեւէ արարատական այսօր: Քանի, որ «Արարատ»-ը պատմություն է, որը պատմություն է կերտում, «Արարատ»-ը նկարագիր է, որը նկարագիր է ձեւավորում, «Արարատ»-ը էություն եւ ինքնություն է, որն էություն եւ ինքնություն է պարգեւում: Քանի, որ «Արարատ»-ը դեռ անելիք ունի, դեռ ճամբա ունի անցնելու, դեռ գագաթ ունի նվաճելու. լուսապսակ ու ձյունաճերմակ մի գագաթ…ԱՐԱՐԱՏ:

Երթդ անխափան «Արարա՛տ»:

«Ալիք»

1