Արտակ Իշխանյանը կդառնար 31 տարեկան
Գլխավոր » Լրահոս » Արտակ Իշխանյանը կդառնար 31 տարեկան

Արտակ Իշխանյանը կդառնար 31 տարեկան

Հուլիսի 3-ին լրանում է ՀՅԴ և ուղեկից կառույցների շարքերում պատանեկան տարիներից ակտիվ գործունեություն ծավալած Արտակ Իշխանյանի ծննդյան 31-ամյա տարելիցը։ Հարազատները, ընտանիքի անդամները և ընկերները հարգանքի տուրք են մատուցել Եռաբլուրում։

1993թ․ այս օրն է Մարտունու շրջանի Աշան գյուղում ծնվել Արտակ Իշխանյանը։ Անցած տարի Արցախի շրջափակմամբ պայմանավորված նրա հիշատակին հարգանքի տուրք են մատուցել հարազատ գյուղի հուշահամալիրում։ Այժմ Արտակի ու մյուս նահատակների կյանքի գնով պաշտպանված Աշանն ու ողջ Արցախը մնացել են առանց բնիկ բնակչության:

Արցախի հայաթափումից հետո Բաքվի բանտում գտնվող Արտակի հորեղբայրը՝ ՀՅԴ Բյուրոյի անդամ Դավիթ Իշխանյանը, 2022թ. ՀՅԴ ԱԵՄ-ի կողմից նկարահանված ֆիլմում պատմել է, թե ինչքան ուրախություն է պատճառել Արտակի ծնունդը, որը համընկել է Աղդամի ազատագրման հետ:

 «Երևի պատահական չէր Արտակի ծնունդը 1993թ. հուլիսի 3-ին: Այդ օրերին Աղդամի շրջանի մարտական գործողությունների սկիզբն էր և ես լավ հիշում եմ, թե որքան ուրախություն պատճառեց Արտակի ծնունդը ոչ միայն իր հորը, մորը, իրենց ընտանիքին, այլ նաև մեզ բոլորիս: Այդ ծնունդը նաև Աղդամի գործողության սկիզբն էր և արդեն իսկ մի քանի շաբաթ հետո ազատագրված Աղդամը տեսնելով հանդերձ, մենք կարողացանք վայելել Արտակի քառասունքի արարողությունը: Ասել, որ մանկությունը շատ ուրախ, կենսախինդ էր, բնականաբար մի քիչ դժվար է, որովհետև այս պատերազմի այդ բուռն շրջանում հայր ծնողի ոչ ամենօրյա իր որդու մոտ լինելն ակնհայտորեն իր ազդեցությունն էր թողել»,- նշել է նա:

Ընկերները պատմում են, որ Արտակի վրա մանկուց մեծ ազդեցություն են թողել առաջին պատերազմի հերոսները, նրանց քաջագործությունների մասին պատմությունները: Հատկապես Աշանի ազատամարտիկների մասին պատմությունները Արտակը փայլող աչքերով էր հիշում:

Դավիթ Իշխանյանի խոսքով՝ Արտակի մեջ ամփոփված էին իրենց գերդաստանի լավագույն հատկանիշները: «Իր սառնասրտությունը, լրջությունը, համեստությունը, որոշում կայացնելու ունակությունը, նաև հայրենիքի նկատմամբ սերը: Այս բոլորը կարծես թե ամբողջականացնում էին Արտակի կերպարը»,- ասել էր հորեղբայրը:

Նա հիշել է հրետանավոր եղբորորդու նահատակությունից երկու օր առաջ նրա հետ ունեցած զրույցը: «Հորեղբայր, ասում էր, պատերազմի առաջին օրերին հրետանին մի ուղղությամբ էր օգտագործվում, աստիճանաբար այդ անկյունը մեծացավ և դարձավ 180 աստիճան, հիմա 360 աստիճանով ենք մենք կրակում և մեր համազարկերը ուղղում, ի՞նչ է կատարվում: Ես փորձեցի այսպես հպանցիկ ներկայացնել, իրավիճակը ամբողջական իրեն չներկայացնել, որպեսզի իր հոգեբանական վիճակի վրա ազդեցություն չունենա, բայց այնուհանդերձ ես տեսնում էի, որ ինքն ամբողջապես հասկանում ու տեսնում էր ամբողջական պատկերը»,- վերհիշել էր Դավիթ Իշխանյանը:

Արտակ Գրիգորիի Իշխանյանը ծնվել է 1993թ. հուլիսի 3-ին Արցախի Մարտունու շրջանի Աշան գյուղում: Սովորել է տեղի Անիտա Հովսեփյանի անվան միջնակարգ դպրոցում, որն ավարտել է 2010թ.:

2010թ. ընդունվել է ԱրՊՀ Ճարտարապետաշինարարական ֆակուլտետը:

2007թվականից անդամակցել է ՀՅԴ Պատանեկան միության Աշանի խմբին, իսկ 2010 թվականից ՀՅԴ Արցախի երիտասարդական միության անդամ էր:

2011-2013թթ. ծառայել է Արցախի Պաշտպանության բանակում:

2013թ. շարունակել է ուսումը ԱրՊՀ Ճարտարապետաշինարարական ֆակուլտետում, որն էլ ավարտել է 2016թ-ին:

2016թ. մասնակցել է ապրիլյան Քառօրյա պատերազմին որպես հրետանավոր:

2016թ. դեկտեմբերի 26-ին երդվել և համալրել է ՀՅԴ կուսակցության շարքերը:

2010-2020թթ. ակտիվ գործունեություն է ծավալել Արցախի երիտասարդական միության և ՀՅ Դաշնակցություն կուսակցության շարքերում՝ թե որպես ՀՅԴ ԱԵՄ-ի Կենտրոնական վարչության անդամ և թե որպես Ստեփանակերտի «Արթուր Մկրչտյան» կոմիտեության «Արամ Մանուկյան» խմբի խմբապետ: Ընդգրկված է եղել Հայ մարմնակրթական ընդհանուր միության Արցախի նորաստեղծ միավորի վարչության կազմում:

2020թ. սեպտեմբերի 27-ին, պատերազմի լուրը լսելուն պես, անմիջապես մեկնել է ռազմաճակատ`տեղակայվելով Մարտունու դիրքերից մեկում: Իր առջև դրված խնդիրը վստահորեն կատարելով նահատակվել է հոկտեմբերի 31-ի լույս 1-ի գիշերը՝անօդաչու թռչող սարքի հարվածից:

Ամուսնացած է, ունի մեկ որդի:

Արտակ Իշխանյանի աճյունն ամփոփված է Եռաբլուր զինվորական պանթեոնում:

Հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով:

1