Վերադարձի իրավունքի իրավաքաղաքական հենքը
Գլխավոր » Լրահոս » Վերադարձի իրավունքի իրավաքաղաքական հենքը

Վերադարձի իրավունքի իրավաքաղաքական հենքը

2020թ․ պատերազմից, և հատկապես 2023թ․ Արցախի հայաթափումից հետո միջազգային և հայկական տարբեր շրջանակների, այդ թվում մեր կողմից հաճախ սկսվեց օգտագործվել «վերադարձի իրավունք» ձևակերպումը։ Միջազգային գործուն մեխանիզմների կիրառման պայմաններում արցախցիների վերադարձի իրավունքի իրացումը դարձել է նաև ՀՅԴ Հայ դատի առանցքային հանձնախմբերի հիմնական քաղաքական առաջնահերթություններից մեկը։

Սույն զեկույցով ներկայացվում է որոշ դրույթներ վերադարձի իրավունքի (Right to Return)՝ միջազգային տարբեր փաստաթղթերով սահմանված իրավա­քաղաքական հենքի, ինչպես նաև մի քանի պետությունների, ինչպես նաև Եվրո­պական խորհրդարանի և ԵՄ գործադիր իշխանության կողմից այդ իրավունքի հիշատակմամբ ընդունված հայտարարությունների և բանաձևերի վերաբերյալ։

Վերադարձի իրավունքի համար իրավաքաղաքական հենք են հանդի­սանում 1948 թ․դեկտեմբերի 10-ի Մարդու իրավունքների համընդհանուր հռչա­կագիրը (The Universal Decleration of Human Rights)[1], 1966թ․դեկտեմբերի 16-ին ընդունված Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագիրը (The International Covenant on Civil and Political Rights /ICCP)[2], մասամբ` Փախստականների կարգավիճակի վերաբերյալ կոնվենցիան (Conven­tion Relating to the Status of Refugees)[3], ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի՝ 1948թ․թիվ 194 բանաձևը (United Nations General Assembly Resolution 194 (III) of 11 December 1948)[4], ինչպես նաև Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի 12-րդ հոդվածի վերաբերյալ ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնախմբի  մեկնաբանությունները (The Human Rights Committee General Comment on Article 12 of the International Covenant on Civil and Political Rights. November 1999)[5]։ Նախ նկատենք, որ վերադարձի իրավունքն ըստ էության ազատ տեղաշարժի իրավունքին առնչակից իրավունք է՝ միջազգային հստակ պաշտպանությամբ։

Օրինակ «Human Rights Watch» իրավապաշտպան կազմակերպությունը վերադարձի իրավունքի իրացման անհրաժեշտությամբ հանդես է եկել Գվատե­մալայի, Էլ Սալվադորի, Հոնդուրասի, Մալավիի, Բիրմայի, Մավրի­տանիայի սահմանային ճշգրտումների ժամանակ և Բոսնիայի, Խորվաթիայի, Կոսովոյի, Արևելյան Թիմորի, Եթովպիայի/Էրիթրեայի հակամարտությունների ժամանակ:

Վերադարձի իրավունքի իրացումը շարունակապես կարևորվում է նաև Մերձավոր Արևելքի հակամարտությունների, հատկապես իսրայելապաղեստին­յան նախկին ու հընթացս հակամարտության պայմաններում[6]։

Իր հերթին միջազգային հանրությունը կոնվենցիոնալ պարտավորու­թյուններ ունի ապահովելու և երաշխավորելու վերադարձի իրավունքի իրացումը՝ այդ թվում միջազգային գործուն մեխանիզմների կիրառմամբ։

Ստեղծված իրավիճակում մեր խնդիրն է և՛ քաղաքական, և՛ իրավական, և՛ փորձագիտական մակարդակներում վերադարձի իրավունքի իրացման միջազգային խոսույթում արմատավորել արցախցիների վերադարձի իրավունքի պաշտպանության խնդիրը։

Վերադառնալով խնդրի իրավաքաղաքական հենքին։ Մարդու իրավունք­ների համընդհանուր հռչակագրի 13-րդ հոդվածի երկրորդ կետը սահմանում է․ «Յուրաքանչյուր ոք իրավունք ունի լքելու ցանկացած երկիր, ներառյալ նաև սեփականը, և վերադառնալու իր երկիրը»։

Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի 12-րդ հոդվածը սահմանում է[7]

1. Որևէ պետության տարածքում օրինականորեն գտնվող յուրաքանչյուր ոք ունի այդ տարածքի սահմաններում ազատ տեղաշարժվելու իրավունք և բնակության վայր ընտրելու ազատություն։

2. Յուրաքանչյուր մարդ իրավունք ունի լքել ցանկացած երկիր, ներառյալ իր սեփականը:

3. Վերը նշված իրավունքները չեն կարող ենթարկվել որևէ սահմանափակման, բացի օրենքով նախատեսված այն սահմանափակումներից, որոնք անհրաժեշտ են պետական անվտանգության, հասարակական կարգի, բնակչության առողջության կամ բարոյականության կամ էլ այլոց իրավունքների և ազատությունների պաշտպանության համար, և համատեղելի են սույն Դաշնագրով ճանաչվող այլ իրավունքների հետ։

4. Ոչ ոք չի կարող կամայականորեն զրկվել իր սեփական երկիրը մուտք գործելու իրավունքից:

Այստեղ կարևոր է անդրադառնալ սույն հոդվածի վերաբերյալ ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտեի մեկնաբանություններին, որոնք հանգում են 12-րդ հոդվածի 4-րդ ենթահոդվածի կիրառման գրեթե բացարձակ բնույթին և դրա կաշկանդված չլինելուն նույն հոդվածի առաջին ենթահոդվածներով։

«Human Rights Watch»-ը ուշագրավ դիտարկման է արժանացրել  1955 թ. «Նոթեբոնի գործը» (Լիխտենշտեյնն ընդդեմ Գվատեմալայի)[8], որտեղ տեղ գտած իրավական վերլուծությունները, որպես նախադեպային որոշման տարրեր, կարող են հետաքրքիր լինել խնդրո առարկա հարցի լուսաբանման համատեքստում։ Մասնավորապես, ի թիվս այլնի Արդարադատության միջազգային դատարանն այս գործով նկատել է, որ «արդյունավետ կապը» թույլ է տալիս իրենց երկրից դուրս գտնվողներին վերադառնալ, նույնիսկ եթե նրանք ծնվել են այլ վայրում և առաջին անգամ են մտնելու {հայրենի երկիր}, քանի դեռ նրանք պահպանել են «իսկական և արդյունավետ կապ» {հայրենի} երկրի հետ:

Իրական և արդյունավետ կապը, որը հիմք է հանդիսանում վերադարձի իրավունքի համար, կարող է ժամանակի ընթացքում անհետանալ: Այնուամե­նայնիվ, դա չի տարածվում բռնի տեղահանվածների վրա: «Իրավունքի անհետաց­ման որոշում» չի կարող կայացվել այն անձանց համար, ովքեր հնարավորություն չեն ունեցել օգտագործելու վերադարձի իրավունքը: Փախստականների՝ կամովին կամ հարկադիր հեռացման փաստը, չի ազդում վերադարձի իրավունքի վրա: Փախստականի կարգավիճակի առկայությունն էլ, բնականաբար, վերադարձի իրավունքի իրացման սահմանափակում հանդիսանալ չի կարող[9]։

Մարդու իրավունքների միջազգային կարգավորումները, ինչպես նաև փախստականների իրավունքների միջազգային կարգավորումները «համատեղ» ամրապնդում են վերադարձի իրավունքը: Փախստականների մասին միջազգային իրավունքը հաստատում է վերադառնալու իրավունքը՝ շեշտը դնելով կամավոր հայրենադարձության վրա՝ որպես փախստականների խնդրի նախընտրելի կայուն լուծում: Դրա հիմքը կարելի է գտնել Փախստականների կարգավիճակի մասին 1951 թ․ կոնվենցիայում[10] (այսուհետ՝ կոնվենցիա) և դրա 1967 թ․ արձանագրու­թյունում[11]:

Հետաքրքիր է նկատել, որ վերադարձի իրավունքը կանոնակարգող միջազգային ակտերը կարծես թե նպատակադրված ավելի շատ շեշտում են «երկիր», «սեփական երկիր» հասկացությունները քան «պետություն» եզրույթը։

ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի Կենտրոնական գրասենյակ

ԱՊՐԻԼ 2024թ․, ԵՐԵՎԱՆ

[1]https://www.un.org/en/about-us/universal-declaration-of-human-rights

[2]https://www.ohchr.org/en/instruments-mechanisms/instruments/international-covenant-civil-and-political-rights

[3]https://www.ohchr.org/en/instruments-mechanisms/instruments/convention-relating-status-refugees

[4]https://www.un.org/unispal/document/auto-insert-183290/

[5]https://www.refworld.org/legal/general/hrc/1999/en/46752

[6]https://www.hrw.org/legacy/campaigns/israel/return/#

[7]https://www.gov.am/u_files/file/kron/1%20CivilPolitConvention%20-%20pashtonakan.pdf

[8]https://icj-cij.org/case/18

[9]The Human Rights Committee General Comment on Article 12 of the ICCPR (Right to Return — Human Rights Watch Policy Page) (hrw.org)

[10]https://www.ohchr.org/en/instruments-mechanisms/instruments/convention-relating-status-refugees

[11]https://www.ohchr.org/en/instruments-mechanisms/instruments/protocol-relating-status-refugees

1