31 տարի առաջ այս օրը՝ 1993 թ․ հունիսի 27-ին, ԼՂՀ Պաշտպանության բանակը վերջնականապես ազատագրեց Մարտակերտ քաղաքը
Գլխավոր » Գաղափարական » 31 տարի առաջ այս օրը՝ 1993 թ․ հունիսի 27-ին, ԼՂՀ Պաշտպանության բանակը վերջնականապես ազատագրեց Մարտակերտ քաղաքը

31 տարի առաջ այս օրը՝ 1993 թ․ հունիսի 27-ին, ԼՂՀ Պաշտպանության բանակը վերջնականապես ազատագրեց Մարտակերտ քաղաքը

31 տարի առաջ այս օրը՝ 1993 թ․ հունիսի 27-ին, ԼՂՀ Պաշտպանության բանակը վերջնականապես ազատագրեց Մարտակերտ քաղաքը, որը գրեթե 1 տարի գտնվում էր թշնամու օկուպացիայի տակ։

Քարվաճառի ռազմական գործողությունից հետո, երբ ջախջախվել էր ադրբեջանական զինուժի Լաչին-Քելբաջարյան խմբավորումը, ՊԲ հրամանատարությունը ձեռնամուխ եղավ Մարտակերտի ազատագրման ռազմական գործողության մշակմանն ու նախապատրաստմանը։

Ծանր մարտական գործողություններից հետո` մարտնչելով հակառակորդի գերակա ուժերի դեմ հունիսի 27-ին ՊԲ ստորաբաժանումները մտել են Մարտակերտ և հունիսի 28-ին ազատագրելով քաղաքը, անցել են գերիշխող բարձունքների ու հիմնական ճանապարհների պաշտպանությանը և հարակից բնակավայրերի ազատագրմանը:

Արցախյան հերոսամարտում իրենց առանձնահատուկ տեղն ունեն Մարտակերտի ուղղությամբ տեղի ունեցած ամենաթեժ մարտերը, որոնց ընթացքում զոհվել են բազմաթիվ հայորդիներ, որոնց թվում են նաև հանրահայտ Բեկոր Աշոտը` Աշոտ Ղուլյանը կամ Ասկոլկան:

Մարտական անունը Աշոտը ստացել էր դեռևս նախապատերազմյան շրջանում, երբ 5 հոգով Շահումյանից Ստեփանակերտ զենք էին տեղափոխում: 5 տղաներից 4-ի անունը Աշոտ էր և, որպեսզի խոսելիս միմյանց տարբերեն, որոշում են բոլորին մականուն տալ:

Աշոտին, որն արդեն հասցրել էր ինքնաշեն զենքերը փորձարկելիս մի քանի բեկոր «վաստակել», անվանեցին Բեկոր (Ասկոլկա):

Բեկորը մասնակցել է Ղարաբաղում մղված մարտերից շատերին` Ասկերան, Հադրութ, Շահումյան, Կրկժան, Վերին Շեն, Բուզլուխ, Մանաշիդ, Մալիբեյլու, Խոջալու, Լեսնոյ, Քարինտակ, Շուշի, Լաչին, Մարտակերտ, Կուսապատ, Մաղավուզ, Սրխավենդ, Բաշ-Գյունեփայա, Օրթա-Գյունեփայա, Դրմբոն։ Նրա հրամանատարությամբ բազմաթիվ բնակավայրեր են ազատագրվել:

1992-ին Շուշիի ռազմական գործողության ժամանակ առաջին վաշտը Բեկորի գլխավորությամբ առաջինն է մտնում քաղաք:

1992 թ. օգոստոսի 24-ին Մարտակերտի շրջանի Դրմբոն գյուղի ազատագրման համար մղված մարտը վերջինը եղավ Բեկորի համար:

1993 թ. Աշոտ Ղուլյանը հետմահու արժանացել է ԼՂՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանի: 1999 թ. ԼՂՀ նախագահի հրամանագրով արժանացել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանը, պարգևատրվել է «Ոսկե արծիվ» շքանշանով:

Մարտակերտի ուղղությամբ թեժ մարտերում իր մահկանացուն կնքեց պատերազմի մեկ այլ հերոս, հանրահայտ Լեոնիդ Ազգալդյանը:

Ազգալդյանը Ղարաբաղյան շարժման սկզբնավորման օրից որպես ռազմական առաջատար գործիչ մասնակցել է ազգային-ազատագրական պայքարին, գործուն դեր ունեցել ազգի սրբազան իղձերն ու արժանապատվությունը ամեն տեսակի ոտնձգություններից զենքը ձեռքին պաշտպանելու գործում։ 1990 թ. փետրվարից վարել է «Անկախության բանակ»ի հրամանատարությունը, կազմակերպել մի շարք շրջանների և հատկապես Վարդենիսի ինքնապաշտպանությունը:

Ազգալդյանը հետագայում իր ճակատագիրն ամբողջությամբ և վերջնականապես կապել է Արցախի ազատամարտի հետ, սկզբում գործելով Շահումյանի, այնուհետև՝ Մարտակերտի շրջաններում։

Արցախի ազատամարտին նոր թափ հաղորդելու նպատակով էլ 1991 թ. հունիսին, Հովսեփ Հովսեփյանի հետ միասին, նա ստեղծել է «Ազատագրական բանակ» ռազմական կազմակերպությունը, որը, թեկուզ միայն Հայաստան-Արցախ-Սփյուոք ճիգերի համադրման իմաստով, նոր որակ էր հայ ժողովրդի գոյամարտին ծառայագրված շարժումների շղթայում և որի գլխավոր հրամանատարը մնաց մինչև իր կյանքի վերջը։

Ազգալդյանը 1992 թ. հունիսի 21-ին, Մարտակերտի շրջանում, Տոնաշեն գյուղի մոտ զոհ գնաց թշնամու դավադիր կրակոցներին։
Հետմահու պարգևատրվել է ՀՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով։

Մարտակերտում իր փառահեղ մարտական ուղին ավարտեց նաև Կարո Քահքեջյանը`Սպիտակ արջը:

Կարոն Արցախ էր եկել Միացյալ Նահանգներից ու Պարգև սրբազանի հովանավորությամբ հիմնել էր Խաչակիրների ջոկատը:

Շատ էին Կարոյի սխրանքները, բայց վերջին մարտն առանձնահատուկ ուշադրության է արժանի:

Մարտակերտի մերձակա Պուշկենյալ բարձունքը Խաչակիրներից առաջ շատերն էին փորձել գրավել, բայց` ապարդյուն: Կարոյի մարտական ընկեր Շահե Աճեմյանը հիշում է բարձունքի գրավմանը նախորդած գիշերը.

«Հիշում եմ, ասաց` գնանք քնենք մի փոքր, որ գիշերն անցնենք գործի: Այնպես ստացվեց, որ իրար կողք պառկեցինք: Ասեցի` Կարո, ախր մեզանից առաջ շատ ավելի զինվորներ զինված փորձեցին վերցնել բարձունքը, բայց` չստացվեց: Հիմա մենք զենք ու մարդ քիչ ունենք` բա այդպես ոնց…Հիշում եմ` պտտվեց, նայեց ինձ ու ասաց` թե կվախնաս դուն մի եկ, ով կվախենա` թող չգա. ես կգնամ»:

Մարտակերտ տանող Պուշկենյալ բարձունքն ազատագրվեց: Իսկ մեկ օր անց ազատագրվեց նաև Մարտակերտը, բայց Կարոն դա չտեսավ:

Նշենք, որ 1992-ի սեպտեմբերի սկզբին՝ համաձայն ԼՂՀ ինքնապաշտպանաթյան կոմիտեի նախագահի 1992-ի օգոստոսի 14-ի «Պաշտպանական շրջանների և շրջանային ուժերի ու միջոցների լրակազմի հաստիքակազմակերպչական կառուցվածքի կազմակերպման մասին» թիվ 002 հրամանի կազմավերվել էր Մարտակերտի պաշտպանական շրջան, ՄՊՇ` (4-րդ ՊՇ):

4-րդ ՊՇ-ի ստեղծման ակունքներում կանգնած էին նաև Վ. Բալայանը, Լեոնիդ Ազգալդյանը և այլոք։ ՄՊՇ-ի ստեղծման փուլում հակառակորդի վերահսկողության տակ էր ԼՂՀ Մարտակերտի շրջանի տարածքի գերակշիռ մասը, այդ թվում՝ շրջկենտրոնը։

Ռազմական գործողություններ են ընթացել Վաղուհաս-Վանք-Կիչան-Առաջաձոր բնագծում։ Մարտակերտի ուղղությամբ մարտական գործողությունների ժամանակ զոհվել են ՊՇ-ի շուրջ 600 ազատամարտիկներ, շատերն արժանացել են մարտական շքանշանների և մեդալների։

1