Ցանկանում եմ այնպիսի բնակավայրում մշտական հաստատվել, որտեղ իմ համագյուղացիներից ևս կլինեն․ Սևակ Բաղդասարյան

Բռնի տեղահանվելու դառնությունը Սևակ Բաղդասարյանը ճաշակել է դեռևս 2020 թվականին, երբ կորցրել է հարազատ Ավետարանոցը։ Մինչև այսօր նա չի համակերպվում, որ իր մելիքանիստ գյուղը թշնամու ձեռքում է հայտնվել։ Առաջին տեղահանումից դեռևս չապաքինված՝ 2023-ին Սևակն ընտանիքով դարձավ կրկնատեղահնված։ Արցախից հեռացավ 2023-ի սեպտեմբերի 26-ին։ Հակառակվեց սեփական սկզբունքներին ու կամքին։ Թշնամու հպատակության տակ ապրել չէր կարող։

-Երբ հասանք Հակարիի կամուրջը, ու տեսա թշնամու ինքնագոհ դեմքերը՝ իմ մեջ փշրվեց մի թանկ զգացում, անասելի ցավ ապրեցի, ու մինչև այսօր այդ ցավը չի մեղմանում։
Միանգամից եկանք Շիրակի մարզ։ Երկու շաբաթ մնացինք Թորոս գյուղում, ապա տեղափոխվեցինք Գյումրի։ Անմիջապես սկսեցի հետաքրքրվել աշխատանքով, դիմեցի կրթության բաժին, և նոյեմբերի 1-ից կնոջս հետ անցանք աշխատանքի։ Որպես կենսաբանության ուսուցիչ աշխատանքի անցա Ղազանչի, իսկ կինս՝ Հովունի գյուղերի միջնակարգ դպրոցներում։ Այստեղ զբաղվածության խնդիրը շատ լուրջ է։ Մարդիկ չեն կարողանում աշխատանք գտնել, իսկ եղած աշխատանքներն էլ ցածր են վարձատրվում։ Երեխաներս հաճախում են Գյումրու թիվ 38 միջնակարգ դպրոցը։ Հարմարվել են, նոր ընկերներ ձեռք բերել, սակայն, միևնույն է, շատ են կարոտում Ավետարանոցի Իվան Աթայանի անվան դպրոցը, ուսուցիչներին ու ընկերներին։ Գյումրում բնակություն հաստատած արցախցիների մեջ կան նաև մեր համագյուղացիների ընտանիքներ։ Հաճախակի ենք հանդիպում, ու այդ հանդիպումները օգնում են, որ հեշտությամբ հաղթահարենք մեր դժվարությունները։ Իրարից ենք առնում Արցախի կարոտը։ Մեր գյուղացիները աշխատող մարդիկ են, այստեղ ևս անգործ չեն մնում։ Ամենակարևորը համարում եմ այն, որ մեր համայնքի ղեկավար Սմբատ Մադաթյանը հաստատուն կապ է պահպանում բոլորիս հետ։ Ինչպես 2020-ի տեղահանումից հետո, այնպես էլ հիմա նա կարողանում է ավետարանոցցիներին համախմբած պահել՝ թեկուզ սոցիալական հարթակներում։ Ժամանակ է գտնում և այցելում համագյուղացիներին։ Այդ դրսևորումը ուժ է տալիս մեզ,- ասում է Ս․ Բաղդասարյանը։
Սևակի մայրը՝ թոշակառու ուսուցչուհի Սվետլանա Ջհանյանը, որ հետևում էր մեր զրույցին, չէր կարողանում զսպել հույզերը։ Կորսված հայրենիքում նա թողել է ծնողների, ամուսնու և ավագ որդու շիրիմները։ «Մնացին գերության մեջ, մնացին անօգնական ու մենակ»,-ասում է նա․․․

Արցախից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում Սևակի ընտանիքն ընդգրկվում է առաջին փուլի շահառուների շարքում։ Սակայն նա դեռևս չի կողմնորոշվել իր հետագա քայլերում։ Մի քիչ թերահավատ է այդ ծրագրի իրագործման մեջ։ Միաժամանակ, չգիտի՝ որտեղ տուն ձեռք բերի։ «Գյումրում ձմեռը ցրտաշունչ է։ Դժվար է հարմարվել, առանձնապես ծանր է թոշակառու մորս համար։ Մտածում եմ նաև, որ շուտով երեխաներս պետք է ուսումը շարունակեն բարձրագույն ուսումնական հաստատություններում։ Ցանկանում եմ այնպիսի բնակավայրում մշտական հաստատվել, որտեղ իմ համագյուղացիներից ևս կլինեն»,-ավելացնում է Սևակը։
Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ