Ոչ ոք մեր փոխարեն պահանջատեր չի լինելու․ Արցախի թեմի առաջնորդ
Գլխավոր » Լրահոս » Ոչ ոք մեր փոխարեն պահանջատեր չի լինելու․ Արցախի թեմի առաջնորդ

Ոչ ոք մեր փոխարեն պահանջատեր չի լինելու․ Արցախի թեմի առաջնորդ

ՀԱՍԵ Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը հանդիպումների շարք է սկսել տարբեր բնակավայրերում ապրող արցախցիների հետ: Հերթական հանդիպումը կայացավ հունիսի 21-ին Երևանի Սուրբ Խաչ եկեղեցում:

Հանդիպման ընթացքում նա խոսել է արցախցիներին հուզող մի շարք հարցերի մասին: «Որտեղ էլ ապրի, փախստականը և նրա կարգավիճակը մշտապես խոցելի են լինելու: Չի կարող մարդը ավելի լավ պայմաններում ապրել, քան իր տանը, իր օջախում և իր ներդաշնակ միջավայրում»,- ասել է թեմի առաջնորդը:

Նախքան հայրենի տներ վերադարձը նա կարևորել է արցախցիների համայնքային բնակեցումը՝ համայնքի ինքնությունը պահելու համար: «Ունենք հազարամյա պատմություն ունեցող գյուղեր, այսօր այդ գյուղի բնակիչները տարբեր վայրերում ու միջավայրերում են ապրում»,- նշել է նա:

Արցախի թեմի առաջնորդը նաև կոչ է արել համախմբվել, մշտապես արծարծել վերադարձի իրավունքը: «Եթե մենք պահանջատեր չլինենք, ոչ ոք մեր փոխարեն չի լինելու: Մենք անիրավ ձևով ենք հայտնվել այստեղ և դատ ունենք»,- ասել է Վրթանես Սրբազանը՝ կոչ անելով չլքել Հայաստանը: «Եթե այստեղից նորից բռնենք գաղթի ճանապարհը, մենք երկրորդ անգամ կկորցնենք Արցախը»,- ավելացրել է նա:

Արցախի թեմի թեմական խորհրդի ատենապետ, ազգագրագետ Լեռնիկ Հովհաննիսյանն անդրադարձել է Արցախյան հարցին ու Արցախում մնացած մշակութային ժառանգության պահպանությանը: Նա շեշտել է, որ որևէ մեկը չի ժխտում, որ արցախցիները վերադարձի իրավունք ունեն, բայց ինչպե՞ս և ին՞չ պայմաններում, այստեղ է հարցը:

«Մեր պայքարն այն է, որ այդ վերադարձը լինի մեր պայմաններով և միջազգային հանրության երաշխավորությամբ»,- նշել է նա: «Կարևոր է, որպեսզի այսօր Արցախյան հարցը փակված չհամարվի, նաև մշակութային ժառանգության պահպանության համար պայքարը շարունակվի: Քրտնաջան աշխատանք է պետք, որպեսզի կարողանանք արդյունք ունենալ: Չնայելով, թե այսօր ՀՀ իշխանությունը, միջազգային հանրությունը ինչ կեցվածք ունի, պետք է կարողանալ ճիշտ թիրախային տեղերում ներկայացնել հարցը»,- ավելացրել է Հովհաննիսյանը:

Ներկաները հարցեր են ուղղել Արցախ վերադարձի հնարավորության, կառավարության բնակարանային ծրագրի, ՀՀ քաղաքացիություն ընդունելու և այլ հարցերի մասին:

1