ՀՕՄ-ի բոլոր միավորները  միասնական կամքով  նյութապես և բարոյապես սատար  կանգնեցին արցախցիներին
Գլխավոր » Լրահոս » ՀՕՄ-ի բոլոր միավորները  միասնական կամքով  նյութապես և բարոյապես սատար  կանգնեցին արցախցիներին

ՀՕՄ-ի բոլոր միավորները  միասնական կամքով  նյութապես և բարոյապես սատար  կանգնեցին արցախցիներին

Հայ Օգնության Միության Արցախի միավորի ատենապետուհի Մելանյա Բալայանը «Ապառաժ»-ի հետ զրույցում խոսել է միավորի խնդիրների, տեղահանությունից հետո իրականացված ծրագրերի եւ անելիքների մասին: ՀՕՄ-ի Կենտրոնական վարչության որոշմամբ՝ Արցախի միավորը գործում է ՀՕՄ-ի Հայաստանի շրջանային վարչության ներքո՝ որպես «Արցախ» մասնաճյուղ պահպանում է մեկուսի կարգավիճակը։

Մ․Բալայանը նշել է, որ Արցախի բռնատեղահանումից հետո առաջնային խնդիրը կապված էր  ՀՀ տարբեր բնակավայրերով սփռված հոմուհիների մասին տեղեկություններ հավաքելու, կապ հաստատելու ու նոր իրավիճակում աշխատանքները կազմակերպելու հետ:

Նրա խոսքով՝ ՀՕՄ-ի Կենտրոնական Վարչության կոչին ընդառաջ, ՀՕՄ-ի բոլոր միավորները  միասնական կամքով  նյութապես և բարոյապես սատար  կանգնեցին արցախցիներին։ Տեղահանությունից հետո Հայաստանի  Շրջանային վարչության  ծրագրերն ուղղված էին արցախահայության օժանդակությանը, որին անմիջական մասնակցություն է ցուցաբերել  ՀՕՄ–ի Արցախի միավորը՝  իր գործունեությունը շարունակելով ՀՕՄ-ի Հայաստանի Շրջանային վարչության գրասենյակում:

«Մեր հօմուհիներն ակտիվորեն   մասնակցեցին արցախահայերի համար առաջին անհրաժեշտության  սննդի, հիգիենայի  տուփերի պատրաստման  և  տրամադրման   աշխատանքներին: Կարճաժամկետ ծրագրերով շուրջ 10 000 ընտանիքների հատկացվել է տարբեր տեսակի օժանդակություն՝ դրամական, նվեր–քարտերի, սննդիարկղերի, անկողնային պարագաների,  ծածկոցների, տաքացուցիչների, տաք հագուստի,  հիգիենայի պարագաների տեսքով, որոնք բաշխվել են ՀՀ բոլոր մարզերում և Երևան քաղաքում ՀՕՄ-ի մասնաճյուղերի և ՀՅԴ կոմիտեների միջոցով»,- հայտնել է Մելանյա Բալայանը:

2024թ․ փետրվարին դրամական օժանդակություն է տրամադրվել Գորիսում և շրջակա գյուղերում բնակություն հաստատած Արցախից տեղահանված 53 կարքավոր ընտանիքի։ Օգնությունը տրամադրվել էր ՀՕՄ–ի Արևմտյան ԱՄՆ-ի շրջանի կողմից, նախապես ճշտված ցուցակներով։

ԱՄՆ Արևելյան շրջանի կողմից դրամական օգնություն է տրամադվել Խնձրիստանից տեղահանված 50 ընտանիքի՝ առաջնահերթություն տալով Խնձրիստանի «Սոսե» մանկապարտեզների սանիկների, զոհված և պայթյունից վիրավորված, ինչպես նաև բազմազավակ ընտանիքներին։ 

Կենտրոնական վարչության որոշումով  40 000 դրամ(100 ԱՄՆ $) արժողությամբ «Երևան սիթիի» սննդային քարտեր  են տրամադրվել 847 ընտանիքի։  Ծրագրում ընդգրկվել են 2023 թ․ սեպտեմբերի 19-ին և  25-ին մարտական գործողությունների և պայթյունի հետևանքով  զոհված, անհայտ կորած և գերի ունեցող ընտանիքները, ինչպես նաև ՀՕՄ-ի և ուղեկից կառույցների անդամները։

ՀՕՄ-ի Արցախի միավորի ատենապետուհու խոսքով՝ երկարաժամկետ ծրագրերի շրջանակում նախատեսվում է  իրականացնել բնակարանային, աշխատանքի տեղավորման, հոգեբանական, առողջապահական, իրավա–խորհրդատվական  ծրագրեր։

Նա նշել է, որ արցախահայության  օժանդակության  ծրագրերին զուգահեռ ՀՕՄ-ի Արցախի միավորը  հետևողականորեն  շարունակել  է նաև իր մնայուն ծրագրերը: ԿՎ-ի որոշմամբ՝ «Զոհված հերոսների զավակներ» ծրագրում ընդգրկվել են նաև 2023թ․  սեպտեմբերի 19-ի մարտական գործողությունների  և սեպտեմբերի 25–ի վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով զոհվածների  ու անհայտ կորածների անչափահաս  երեխաները։ Առ այսօր ծրագրում  ընդգրկվել են 360 նոր երեխաներ։ 

ՀՕՄ-ի Կրթաթոշակ ծրագրի շրջանակներում 1000-ական ԱՄՆ դոլար է տրամադրվել  2023-2024 ուս․տարվա ՀՕՄ-ի կրթաթոշակի արժանացած Երևանի բուհերում սովորող արցախցի  երկու  ուսանողների։

Մելանյա Բալայանը հավելել է, որ այսօր փորձում են նոր պայմաններում ու նոր իրավիճակում շարունակել ՀՕՄ-ի աշխատանքները: «Տեղ գյուղից այն կողմ Հայրենիք ենք թողել, բայց այսօր էլ հայրենիքում ենք, ուստի պետք է սրբել արցունքները և հանուն համազգային տեսլականի շարունակել ՀՕՄ-ի առաքելությունը»,- ավելացրել է նա։

Տաթեւիկ ԱՂԱՋԱՆՅԱՆ

1