Հայտարարել է, որ արցախցիները ՀՀ քաղաքացիներ չեն, միևնույն ժամանակ, դեմ գնալով իր պնդմանը, մեր կենսաթոշակային կուտակային ֆոնդերի գումարները փոխանցում է ՀՀ ֆոնդերին․ Արմինե Ավագիմյան
Գլխավոր » Լրահոս » Հայտարարել է, որ արցախցիները ՀՀ քաղաքացիներ չեն, միևնույն ժամանակ, դեմ գնալով իր պնդմանը, մեր կենսաթոշակային կուտակային ֆոնդերի գումարները փոխանցում է ՀՀ ֆոնդերին․ Արմինե Ավագիմյան

Հայտարարել է, որ արցախցիները ՀՀ քաղաքացիներ չեն, միևնույն ժամանակ, դեմ գնալով իր պնդմանը, մեր կենսաթոշակային կուտակային ֆոնդերի գումարները փոխանցում է ՀՀ ֆոնդերին․ Արմինե Ավագիմյան

Կենսաթոշակների կուտակային բաղադրիչն Արցախում ներդրվել է 2019 թվականից։ Մինչև 2023 թվականի Արցախից բռնի տեղահանումը այդ համակարգում արցախցի մոտ 34500 շահառուների կողմից ներդրումներ են կատարվել, որոնք կազմել են մոտ 17 մլրդ դրամ։ 2024 թվականի հունիս ամսին ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ՀՀ Արդարադատության և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների համահեղինակած օրենսդրական նախաձեռնությանը, ըստ որի նախատեսվում է արցախցիների կուտակած միջոցները փոխանցել ՀՀ կենսաթոշակային կուտակային համակարգ: Արցախցիների հետ քննարկումներ այս ուղղությամբ չեն եղել, ընդհանրաես նկատի չեն առել նրանց պահանջները, հաշվի չեն առնվել նրանց սոցիալական ծանր վիճակը եւ որոշվել են գանձված գումարների ճակատագիրը։

Այսօր արցախցիների մեծ մասը պահանջում է հետ ստանալ իր գումարները, շատ քիչ մասն է ցանկանում համակարգի շահառու մնալ, դա այն փոքր խումբն է, ովքեր աշխատում են ՀՀ-ում։

Վերոնշյալ խնդրի շուրջ «Ապառաժ-ը» զրուցել է «Գեն» նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեն Արմինե Ավագիմյանի հետ, ում բազմաթիվ արցախցիներ են դիմում այս հարցի առնչությամբ։

-Բազմաթիվ նամակներ, բողոքներ ենք ստանում, մարդիկ մտահոգված են և պահանջում են հետ ստանալ կենսաթոշակային հիմնադրամ փոխանցված իրենց գումարները։ Այսօր արցախցիների մեծ մասը սոցիալական շատ ծանր ու անելանելի իրավիճակում են գտնվում, նույնիսկ այնպիսի դեպքեր կան, որ քաղաքացիները զանգում են և խորհրդատվության կարգով հարցնում, թե ո՞ր բանկերն են վարկեր տրամադրում արցախցիներին, որպեսզի կարողանան վճարել տան վարձավճարները։ Մասնագիտությամբ ֆինանսիստ լինելով՝ խորհուրդ եմ տալիս բանկերի չդիմել, դիմանալ։ Միաժամանակ, ակնհայտ արտագաղթ է սկսվել Հայաստանից, և փաստն այն է, որ ծանր կացության մեջ հայտնված արցախցիներն այդ գումարների կարիքը շատ ունեն։

Խնդիրը նրանում է, որ ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել այդ գումարները փոխանցել ՀՀ կենսաթոշակային կուտակային ֆոնդերին՝ առանց արցախցիների կարծիքը հաշվի առնելու։ ՀՀ կառավարությունը անընդհատ երկակի ստանդարտներով է առաջնորդվում։ Վերջին մի քանի ամիսների ընթացքում հայտարարել է, որ արցախցիները ՀՀ քաղաքացիներ չեն, միևնույն ժամանակ, դեմ գնալով իր պնդմանը, մեր կենսաթոշակային կուտակային ֆոնդերի գումարները հրաժարվում է հետ վերադաձնելուց և փոխանցում է ՀՀ ֆոնդերին։ Տեղեկացնեմ, որ ի տարբերություն ՀՀ գործող օրենսդրության, որով նախատեսված է շահառուների գումարների վերադարձման դեպքերը, մասնավորապես շահառուի մահը կամ ծանր հիվանդությունը, ԱՀ կառավարության նախաձեռնությամբ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություն է կատարվել այդ հարցի շուրջ, և ավելացվել է նաև ֆորսմաժորային իրավիճակում գումարների հետվերադարձը, սակայն ՀՀ կառավարությունը անտեսել է նշված փոփոխության առկայությունը։

Նշեմ, որ խնդրի առնչության շուրջ փետրվարի սկզբին դիմել ենք ՀՀ Կենտրոնական բանկ, Կենտրոնական դեպոզիտարիատ, ինչպես նաև ԱՀ իշխանություններին։ Ներկայացրել ենք մեր հարցադրումները նշված գումարների հետագա ճակատագրի վերաբերյալ։ Միաժամանակ հարցում ենք արել ճշտելու այն տեղեկատվությունը, որ 2023 թվականի ապրիլից Արցախի աշխատողներից գանձված 4 մլրդ դրամ գումարը չի փոխանցվել ֆոնդերին: Կարծում եմ՝ նշված փաստի առթիվ հետաքննություն կատարելու անհրաժեշտություն կա։ Ո՞ւր են գնացել այդ գումարները։ Սովորական աշխատող արցախցին պե՞տք է իմանա, թե ում կողմից են տնօրինվել իրենց գումարները։

Արմինե Ավագիմյանը նշեց նաև, որ կենտրոնին դիմում են 2023 թվականի սեպտեմբերի 19-ի պատերազմում և բենզինի պահեստի պայթյունից զոհվածների հարազատներ, որոնց տրվում են համապատասխան խորհրդատվություններ՝ հետագա քայլերը ճիշտ անելու համար։ Ապա ավելացրեց, որ բացի կենսաթոշակային կուտակային խնդրից, կան նաև մի շարք կարևոր խնդիրներ՝ կապված սոցիալ-տնտեսական, մշակութային ժառանգության պահպանման, Արցախ վերադարձի հետ, որոնց լուծման համար կենտրոնը համագործակցում է միջազգային կազմակերպությունների ու համապատասխան փորձագետների հետ։

Ապառաժ

1