«Թշնամու ոտքը հայի տուն չի մտնի, բայց հայի ոտքը պետք է թշնամու տանը լինի միշտ…»: ԿԱՐՈՏ ՄԿՐՏՉՅԱՆ
Կարոտ Մկրտչյանն այսօր կդառնար 60 տարեկան: Նա ծնվել է 1964թ. փետրվարի 19-ին Սիրիայում: Մեկ տարի անց Հայաստան է տեղափոխվում Կարոտի ընտանիքը և հաստատվում է Պռոշյան գյուղում: Ըմբշամարտիկ, մարտարվեստի գիտակ Կարոտը 1989 թվականից եղել է Պռոշյանի մարտական ջոկատների հրամանատարը:
1990թ. աշնանը Կարոտի խումբը Նոյեմբերյան-Շամշադին գծից վերադառնալուց հետո մեկնում է Հյուսիսային Արցախ, ուր Շահեն Մեղրյանի հրամանատարությամբ համալրում է Շահումյանի պաշտպանական ուժերը։ Զենք-զինամթերքի հայթայթումից զատ, Կարոտն իր ընկերների՝ Պետոյի և Հրաչի հետ միասին, շրջանի ինքնապաշտպանությունը կազմակերպելու համար կարճ ժամանակում տեղացի ուժերից ստեղծում էր նոր մարտական խմբեր, սովորեցնում նրանց զենքի ու մարտարվեստի նրբությունները։ 1991թ. ապրիլի 18-ին Պռոշյանի, Բաղրամյանի, Հրազդանի ջոկատները միանում են Գետաշենի՝ Թաթուլ Կրպեյանի հրամանատարության տակ գտնվող խմբերին։ Կարոտի խումբը տեղափոխվում է Մարտունաշենի դիրքեր՝ համալրելու Սիմոն Աչիգյոզյանի հրամանատարությամբ գործող ջոկատը։ Այդ օրերին հատկապես մեծ արձագանք գտավ 1991թ. ապրիլի 30-ին Օղակ 1-ին գործողության ժամանակ Սիմոն Աչիգյոզյանի և «Արաբո» ջոկատի համագործակցությամբ Կարոտի առաջնորդած ազատամարտիկների մղած կռիվը Մարտունաշենում՝ խորհրդային բանակի զինվորների և ադրբեջանական ՕՄՕՆ-ի դեմ։ 1991թ. Կարոտը նշանակվեց Ստեփանակերտի՝ Աշոտ Ղուլյանի 1-ին վաշտի, գրոհային դասակի հրամանատար։ Կարոտի խումբը մասնակցեց Լեսնոյի և Խոջալուի ազատագրմանը, ինչպես նաև Ումուդլուի, Փարուխի և Մալիբեյլիի մարտերին։
«Թշնամու գնդակը ինձ երբեք չի դիպչի»,-ասում էր Կարոտը:
Նրա վերջին մարտը եղել է 1992 թվականի հունիսի 13-ին` Շահումյանի Ջամբազի դիրքերում: Նրա մարտական ընկերները հենց այդ վայրում էլ վերջին անգամ տեսել են Կարոտին: