Կարևոր է ազգային արժեքային կողմնորոշման ամրապնդումը երիտասարդության շրջանում
Գլխավոր » Լրահոս » Կարևոր է ազգային արժեքային կողմնորոշման ամրապնդումը երիտասարդության շրջանում

Կարևոր է ազգային արժեքային կողմնորոշման ամրապնդումը երիտասարդության շրջանում

«Դրօշակի» հարցերը Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար, ՀՅԴ անդամ Լեռնիկ Հովհաննիսյանին։

— Պարոն Հովհաննիսյան, ի՞նչ վիճակ է տիրում շրջափակված Արցախի երիտասարդության շրջանում, որո՞նք են երիտասարդական պետական քաղաքականության հիմնական խնդիրները։

—Երիտասարդական պետական քաղաքականությունը Արցախի Հանրապետության պետական քաղաքականության բաղկացուցիչ մասն է և ունի ռազմավարական նշանակություն։ Բնականաբար, շրջափակումը բավականին լուրջ սրբագրումներ է մտցրել մեր երիտասարդական քաղաքականության մեջ, հատկապես երիտասարդական ծրագրերի իրականացման առումով։ Վերջին տարիներին երիտասարդական ծրագրերն ուղղված են եղել երիտասարդության ոլորտում առկա հիմնախնդիրների վերհանմանը, դրանց լուծման ուղիների մշակմանը, նաև ամենակարևոր խնդիրներից մեկի՝ համահայկական և միջազգային համագործակցության զարգացմանը։ Թե՛ համահայկական և թե՛ միջազգային երիտասարդական կազմակերպությունների հետ սերտ կապեր ենք ունեցել, տարբեր ծրագրեր, թրեյնինգներ իրականացրել, ինչը, ցավոք սրտի, հիմա հնարավոր չէ։ Համահայկական և միջազգային համագործակցության ոլորտում մեր կորուստները բավականին մեծ են, և չենք կարողանում բացի վիրտուալ կապից՝ այլ կապ հաստատել և համատեղ ծրագրեր իրականացնել։

Ներքին քաղաքականության առումով ծրագրերը հիմնականում ուղղված են երիտասարդության շրջանում ազգային արժեքների ամրապնդմանը, ռազմահայրենասիրական, առողջ ապրելակերպի դաստիարակությանը, հայկական ավանդական արժեքների պահպանմանը, հայրենաճանաչությանը, բանակ-հասարակություն կապի ամրապնդմանը, ոչ ֆորմալ կրթության, երիտասարդության հասարակական և քաղաքացիական ակտիվության խթանմանը։ Այդ ծրագրերի հետ կապված տարբեր ուղղությամբ աշխատանքներ են կատարվում, մասնավորապես իրազեկվածության առումով երիտասարդության տեղեկատվական շտեմարան է ստեղծվել, «youngartsakh.am» կայքն է աշխատում, որտեղ կարելի է ծանոթանալ մեր աշխատանքներին, երիտասարդության հետ առնչվող տարբեր խնդիրների քննարկմանը և այլն։
Ազգային արժեքների կողմնորոշման հետ կապված տարաբնույթ ծրագրեր ենք իրականացնում, մասնավորապես Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի հետ ենք ակտիվ աշխատում, կազմակերպում կրոնաժողովրդական տարբեր տոների հանրահռչակման միջոցառումներ, կլոր սեղաններ, ազգային-ազատագրական պայքարի, Արցախյան շարժման հետ կապված իրադարձությունների վերաբերյալ միջոցառումներ։ Ավելացնեմ նաև, որ գյուղական համայնքներում զարգացման ծրագրեր ենք իրականացնում։ Օրինակ՝ անցած տարի Ասկերանի շրջանի Խանցք, Իվանյան, Խնձրիստան, Խաչմաչ համայնքներում տարբեր միջոցառումներ կազմակերպվեցին։

Եթե մինչև 2022 թ․ ոլորտի բյուջեն 45 մլն դրամ էր, ապա այսօր այդ բյուջեն 10-12 մլն դրամ է, բնականաբար ավելի քիչ ծրագրեր ենք իրականացնում։

Երիտասարդական ծրագրերի մրցույթ ենք հայտարարում, ներկայացված ծրագիրը պետք է արժանանա փորձագիտական հանձնաժողովի հավանությանը։ 2022 թ․ ինը ՀԿ-ի կողմից ներկայացվել է 11 ծրագիր, որից 4-ը հավանության են արժանացել և ֆինանսավորվել նախարարության կողմից։ Ծրագրերը հիմնականում ուղղված էին շրջաններում, սահմանամերձ բնակավայրերում երիտասարդության իրազեկվածության բարձրացմանը, նրանց հետ տարվող աշխատանքներին, մշակութաժամանցային միջոցառումներին։ Այս տարի ևս հայտարարվել է երիտասարդական ծրագրերի մրցույթ, փորձագիտական հանձնաժողովի կողմից հավանության արժանացած ծրագրերը ֆինանսավորվում ու իրագործվում են։

—Վառելիքի, սննդի սղությունը չի խոչընդոտում արդյո՞ք այդ ծրագրերի իրագործմանը։

—Բնականաբար այսօր որոշակի խնդիրներ կան, հատկապես, որ հունիսի 15-ից Արցախը գտնվում է լիակատար շրջափակման մեջ, և որևէ հումանիտար բեռ չի հասնում, Կարմիր խաչը նույնիսկ չի կարողանում որոշակի գործառույթներ իրականացնել։ Այս առումով, իհարկե, դժվարությունները շատ-շատ են, բայց ամեն ինչ անելու ենք ծրագրերը իրականություն դարձնելու համար։

—Այս իրավիճակում, մերօրյա աշխարհում արդյո՞ք իր բարձրության վրա է ազգայինը, և ի՞նչ քայլեր է ձեռնարկում նախարարությունը այն բարձր պահելու համար։

—Շրջափակված Արցախում շատ կարևոր է ազգային արժեքային կողմնորոշման ամրապնդումը երիտասարդության շրջանում, առողջ ապրելակերպի, հոգևոր-մշակութային, ռազմահայրենասիրական դաստիարակությունը, ընդհանրապես երիտասարդների հասարակական ակտիվության խթանումը։ Ճիշտ է, հիմա երիտասարդությունը սահմանափակված է այդ ակտիվությունն իրացնելու հարցում, բայց մենք ամեն ինչ պետք է անենք, որ այն խթանենք։ Երիտասարդությունը մեր ապագան է, և եթե չունենանք առողջ, ազգային արժեքային կողմնորոշմամբ ամրապնդված երիտասարդություն, ապա մեր վիճակը, մեղմ ասած, չի կարող լինել բավարար։

—Արցախի երիտասարդներին կարելի՞ է կազմակերպված համարել, ի՞նչն է նրանց համախմբում։

—Իհարկե, առկա է կարծիքների բախում, բանավեճեր, բայց հիմնականում կարելի է համարել, որ միասնականությունը պահպանվում է։ Մենք դա տեսնում ենք տարբեր միջոցառումների ժամանակ, երբ որոշ հասարակական կազմակերպություններ միավորված ինչ-որ խնդիրներ են ուզում լուծել։ Բայց այդ դաշտում էլ կան անելիքներ․ պետք է ամեն ինչ անել այս իրավիճակին համապատասխան երիտասարդությանը ակտիվություն ներշնչելու համար։

—Շատ է խոսվում, որ Արցախյան շարժման առաջամարտիկները երիտասարդներն ու ուսանողներն էին, արդյո՞ք Արցախը ազատագրած ոգին դեռ վառ է։

—Այսօրվա երիտասարդությունը շատ բան ունի սովորելու 1988-ի սերնդից, որովհետև նրանք էին առաջամարտիկները։ Ուղղակի այսօր որոշակիորեն պակասում է նախաձեռնողականությունը և դրա առկայության, ակտիվ պայքարի, տարբեր ոլորտներում ակտիվ ներգրավվածության պայմաններում երիտասարդությունը շատ ավելի գործ կարող է անել և առաջամարտիկի դերակատարությունը իր վրա վերցնել։

—Ձեր գործունեության ընթացքում, որպես ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախկին նախարար, որպես նախարարի տեղակալ և որպես ՀՅԴ Արցախի երիտասարդական միության պատասխանատու, հանդիպումներ եք ունեցել տարբեր վայրերի ՀՅԴ երիտասարդության հետ․ ի՞նչն է միավորում հայրենիքում և Սփյուռքում ապրող դաշնակցական երիտասարդներին։

—Գաղափարների ընդհանրությունն է միավորում դաշնակցական երիտասարդներին՝ լինի Արցախում, ՀՀ-ում, թե Սփյուռքում։ Ամենակարևորը գաղափարական միասնությունն է, այսինքն՝ Ազատ, Անկախ և Միացյալ Հայաստանի տեսլականը, Հայ դատի հիմնախնդիրների համար պայքարը, միահամուռ պայքարը համահայկական արժեքների համար։

Խոսելով այսօրվա մասին՝ կարող եմ ասել, որ ներկա իրավիճակում գաղափարը նույնն է, մարտահրավերները չեն փոխվել, ուղղակի կան որոշակի մարտավարական խնդիրներ, որոնք լուծելու դեպքում մենք, անպայման, հաջողություններ կունենանք։ Ես հավատում եմ մեր երիտասարդությանը, հավատում եմ, որ կկարողանանք առաջամարտիկի դերը վերականգնել։

Հարցազրույցը՝ Տաթևիկ Աղաջանյանի

«Դրօշակ» թիվ 8, 2023թ

1