Ստեփանակերտ-Բաքու բանակցությունները վարելու աշխարհաքաղաքական մրցապայքար է ընթանալու. Գանտահարյան

Radar Armenia-ի զրուցակիցը միջազգայնագետ Շահան Գանտահարյանն է։
— Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը և պետնախարարը հրաժարական տվեցին։ Նոր պետնախարար նշանակվեց Սերգեյ Շահրամանյանը։ Այս փոփոխություններն ի՞նչ հետևանք կարող են ունենալ Արցախում ստեղծված իրավիճակի վրա։
— Արցախի նախագահի հրաժարականի մասին որոշակի ժամանակ է՝ արդեն խոսվում էր, անգամ կիսապաշտոնական շրջանակներում էր այդ լուրը շրջանառվում։ Պետական ինստիտուտների ղեկավարների ընդհանուր փոփոխությամբ է պայմանավորված, կարծում եմ, երևույթը, և ոչ միայն՝ նախագահի հրաժարականը։ Փաստորեն, թե՛ Ազգային ժողովի նախագահի, թե՛ պետնախարարի և թե՛ հանրապետության նախագահի փոփոխություններ են։ Ուշագրավ է, որ խորհրդարանական համապատկերի փոփոխությամբ չեն պայմանավորված պետական ինստիտուտների ղեկավարների փոփոխությունը։ Դրականն այն է, որ գործընթացները ընթանում են կոնսենսուսով։ Անգամ նախկին նախագահներն են ներգրավված խորհրդակցություններին և որոշման կայացման գործընթացներին։ Նախագահի հրաժարականի հայտարարության ամենաառանցքային բաժինն այն էր, որ հրաժարական է տալիս՝ պահպանելու արցախյան ներկայունությունն ու համերաշխությունը։ Փաստորեն, կա համաարցախյան գիտակցություն, որ ներքին խլրտումները միայն կօժանդակեն Ադրբեջանի ծրագրերին։ Նկատվում է նաև սահմանադրական ճգնաժամ չստեղծելու և պետական ինստիտուտների լեգիտիմությունը պահպանելու հատուկ ճիգ։
— Արցախի դիրքորոշման առումով փոփոխություններ ակնկալո՞ւմ եք։
— Չեմ կարծում՝ հիմնական փոփոխություններ կգրանցվեն։ Նախապատրաստվում է Ստեփանակերտ-Բաքու բանակցությունների մեկնարկ, իսկ այստեղ արդեն տեսանելի է աշխարհաքաղաքական շահագրգռություն․ մի կողմից՝ Մոսկվան պիտի փորձի զուտ եռակողմ ձևաչափի ղեկը իր ձեռքում պահել, մյուս կողմից՝ միջազգային հանրությունը հետևողականորեն պիտի արծարծի միջազգային գործիքակազմի ներգրավումը այս բանակցություններին։
— Ամերիկյան կողմը պնդում է, որ Բաքվի և Ստեփանակերտի ներկայացուցիչները պետք է հանդիպեն։ Բաքվից արձագանքում են, որ դա ընդունում են ի գիտություն, ապա հավելում՝ հարցը քաղաքական նրբերանգներ ունի։ Արցախում ստեղծված իրավիճակը հումանիտա՞ր, թե՞ քաղաքական խնդիր է։
— Բաքուն միայն իր օրակարգով կհամաձայնի Ստեփանակերտի հետ բանակցել։ Պարզ է Բաքվի նախապայմանային մոտեցումը․ չի շտապում արձագանքել ԱՄՆ-ի առաջարկին, որովհետև դեմ է միջազգային որևէ ձևաչափի ներգրավմանը, մյուս կողմից՝ հաշվի է նստում Մոսկվայի դեմ քայլ չառնելու քաղաքականության հետ։ Իրոք գերնուրբ արանքում են հայտնվել կողմերը։ Ընթանալու է Ստեփանակերտ-Բաքու բանակցությունները վարելու աշխարհաքաղաքական մրցապայքար։ Եվ, այս առումով, չեմ կարծում, որ խաղը ընթանալու է զուտ ադրբեջանական կանոններով։
-Արցախի նախագահի հրաժարականի, ռուս խաղաղապահների ղեկավարի փոփոխության և սեպտեմբերի 4-ին կայանալիք Պուտին-Էրդողան հանդիպման միջև կապ տեսնո՞ւմ եք։
— Ստեփանակերտի ղեկին ով էլ լինի, այս պայմաններում չի կարող հաշվի չառնել ռուսական գործոնը։ Իսկ խաղաղապահների ղեկավարը պիտի իրականացնի Մոսկվայի ռազմաքաղաքական ղեկավարության կայացրած որոշումները։ Էրդողանի հայտարարությունը, որ խաղաղապահ առաքելության ժամկետը սպառվում է երկուսուկես տարուց, և Անկարան հույս ունի, թե Մոսկվան իր խոստումը կհարգի և կհեռանա Արցախից, քաղաքական տրամաբանությամբ կմղի Մոսկվային՝ իր դիրքերն ավելի ամրապնդել Արցախում։ ԱՄՆ-ն ճնշելու է Անկարային, որ փուլ առ փուլ հեռանա Մոսկվայից։ Անկարան Ռուսաստանի հետ իր գործարքները շարունակելու համար տարբեր ուղղություններով քաղաքական առևտուր պիտի փորձի անել։ Խաղաղապահ առաքելության ժամկետի հիշեցումը այդ առևտրի մաս է կազմում։ Դրա դիմաց Մոսկվան Դամասկոսի ճամփով հիշեցնում է, որ թուրքական զորքերը պետք է հեռանան սիրիական տարածքներից։ Նման պարանաձգումները շարունակվելու են։
— Ադրբեջանը հումանիտար բեռ ուղարկեց Արցախ, ըստ էության, ապացուցելով, որ Արցախում հումանիտար ճգնաժամ կա։ Այս փաստը ինչպե՞ս կարելի է օգտագործել՝ խնդիրը լուծելի դարձնելու նպատակով։
— Գիտեք՝ հակառակ նրան, որ Ադրբեջանը հաղթել է և շտապում է գրանցել դիվանագիտական համաձայնություններ, այդուհանդերձ, իր ցանկալի առաջադրանքները դեռևս չեն ամրագրվել․ զանգեզուրյան միջանցքի արծարծումը դուրս է եկել հռետորաբանությունից։ Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհը չի աշխատում։ Նախիջևան-Ադրբեջան ճանապարհը՝ ևս։ Սահմանազատման օրակարգի շուրջ չկա համաձայնություն։ Խաղաղության համաձայնագիրը դեռևս չի ստորագրվել։ Այս բոլորը խոսում են տարածաշրջանում ընթացող գերտերությունների ներգրավվածության, շահերի բախման կետերի և, այդ բոլոր հանգամանքներով պայմանավորված, հանգուցալուծումների չկայացման մասին։ Ինտեգրման օրակարգն էլ կարող է մյուս ուղղությունների նման ձգձգվել։
— Ինչպե՞ս եք մեկնաբանում ֆրանսիական և, հատկապես, գերմանական կողմերի ակտիվացումը Արցախում ստեղծված իրավիճակի շուրջ։
— Ֆրանսիայի, Գերմանիայի և, ընդհանրապես, Բրյուսելի ակտիվացումը տարածաշրջանում, այս դեպքում նաև՝ Արցախում, ռուսական գործոնի եզակիությունը չեզոքացնելու միտում ունի։ Հակակշիռ գործընթացներ նախագծելու, ներկայություն լինելու և ազդեցության գոտիներ ձևավորելու մղումներով պիտի ընկալել բոլորի ակտիվացումը կովկասյան տարածաշրջանում։
Հայկ Մագոյան