Արցախը Համահայկական Օրակարգի Կիզակէտն Է. ՆՍՕՏՏ Արամ Ա. Կաթողիկոս

10 Օգոստոս 2023-ին, Արցախի Ազգային ժողովի նախագահ Դաւիթ Իշխանեան հեռաձայնային կապ հաստատեց ՆՍՕՏՏ Արամ Ա․ Վեհափառ Հայրապետին հետ։ Ան շնորհակալութիւն յայտնեց Նորին Ս. Օծութեան իրեն փոխանցած շնորհաւորութեան եւ յաջողութեան մաղթանքներուն համար: Այս առիթով, Ան յատուկ կերպով անդրադարձաւ Արցախի ապաշրջափկման ուղղութեամբ հայրապետին տարած աշխատանքնեուն եւ ունեցած հանդիպումներուն՝ միջազգային ընտանիքի եւ դիւանագիտական նեկայացուցչական պատուիրակութիւններուն հետ։
Վեհափառ հայրապետը ընդգծեց, որ Արցախը մեր համահայկական օրակարգի կիզակէտն է եւ յատկապէս ա՛յս օրերուն բոլորս պէտք է լծուինք հետեւողականօրէն աշխատելու Արցախի ապաշրջափակման ու անոր ժողովուրդի ինքնորոշման իրաւունքի վերահաստատման։ Նորին Սրբութիւնը ապա շեշտեց համահունչ եւ ներդաշնակ կերպով աշխատելու հրամայականը թէ՛ ներգաղութային, թէ՛ համասփիւռքեան եւ թէ Հայաստան-Արցախ-Սփիւռք եռամիութեան ծիրէն ներս։ Միաժամանակ Վեհափառ Հայրապետը վստահեցուց, որ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնը վերանորոգ յանձնառութեամբ պիտի շարունակէ իր աշխատանքները թէ՛ Արցախի ապաշրջափակման եւ թէ անոր ինքնորոշման իրաւունքին գծով։
«Ազդակ»
Դավիթ Իշխանյանը շնորհակալություն է հայտնել հայրապետական օրհնանքի համար
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահը երեկ՝ օգոստոսի 10-ին, հեռախոսակապ է հաստատել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Արամ Ա-ի հետ:
Դավիթ Իշխանյանը շնորհակալություն է հայտնել հայրապետական օրհնանքի և բարեմաղթանքների համար:
Երկու կաթողիկոսներն էլ իրենց լիակատար աջակցությունն են հայտնել Արցախի Հանրապետության ապաշրջափակման ու մեր ժողովրդի ինքնորոշման իրավունքի վերահաստատման ուղղությամբ տարվող աշխատանքներին:
Վեհափառ հայրերը հավաստիացրել են, որ Հայ առաքելական եկեղեցին միշտ լինելու է Արցախի և Արցախի ժողովրդի կողքին, և սերտ համագործակցության պատրաստականություն են հայտնել:
nankr.am