Այս փոփոխությամբ մենք կտեսնենք Ազգային ժողովի և Ազգային ժողովի նախագահի դերակատարության բարձրացում ներքին և արտաքին քաղաքականության վարման գործընթացում
Գլխավոր » Լրահոս » Այս փոփոխությամբ մենք կտեսնենք Ազգային ժողովի և Ազգային ժողովի նախագահի դերակատարության բարձրացում ներքին և արտաքին քաղաքականության վարման գործընթացում

Այս փոփոխությամբ մենք կտեսնենք Ազգային ժողովի և Ազգային ժողովի նախագահի դերակատարության բարձրացում ներքին և արտաքին քաղաքականության վարման գործընթացում

Արցախի «Արդարություն» խմբակցության անդամ Մետաքսե Հակոբյանի ելույթը՝ ԱՀ Ազգային ժողովի նախագահի ընտրության օրակարգով հրավիրված ԱՀ ԱԺ նիստի ժամանակ

«Փաստը, որ Արցախի Հանրապետության խորհրդարանը Ազգային ժողովի նոր նախագահ է ընտրում, արդեն իսկ ողջունելի է այն  առումով, որ մենք պետություն ենք, ինքնուրույն քաղաքական գործընթաց ենք իրականացնում։ Հիմա, երբ հայտնվել ենք մի իրավիճակում, երբ թիրախում է մեր սուբյեկտայնությունը, որը հնարավոր և անհնար միջոցներով իջեցվել է նվազագույնի, մենք պարտավոր ենք կարևորել քաղաքական ինքնուրույն գործընթացները՝ որպես սուբյեկտայնության դրսևորման նշան, քանզի դա պետականությունը պահպանելու գլխավոր գործառույթներից է և պետք է կարևորել ու ամենայն պատասխանատվությամբ վերաբերվել՝ չխուսափելով նաև հանրաքվեներից և համապետական ընտրություններից։

Միևնույն ժամանակ ծանոթ լինելով Արցախի Հանրապետության իշխանությունների մարտավարությանը՝ մտահոգություն կա, որ այս փոփոխությունը իշխանությունների կողմից կրկին իրականացվող փոփոխությունների իմիտացիա է, այլ ոչ թե իրական բարեփոխումների սկիզբ, և եթե մտահոգությունս տեղին է, ապա վստահեցնում եմ ձեզ, որ հիմա, երբ Արցախի ժողովուրդն իր շնչի վերջին պատառիկներով գոյի պայքար է տանում, առավել քան երբևէ կարևոր և անհրաժեշտ է ուժեղ իշխանություն ունենալ։ Որևէ մեկը չի կարող հակառակը պնդել այն փաստի, որ Արցախի ներկայիս իշխանությունները իրենց կառավարման ընթացքում հաջողեցին միայն մի բանում՝ տապալել ու շարունակել տապալել պետական կառավարման ողջ գործընթացը։ Այդպես էլ չկարողացան ինքնուրույն որոշումներ ընդունել, դրսևորել քաղաքական կամք և շատ դեպքերում արտաքին և ներքին ճնշման ներքո գնացին հակապետական քայլերի։

Իհարկե ուրախ ենք, որ թեկնածուն մեր գործընկեր խմբակցության պատգամավորն է, որի հետ երեք տարի համախոհության մթնոլորտում իրականացրել ենք պայքար հանուն հայրենիքի, հանուն Արցախի Հանրապետության հայկական մնալու և երբեք ոչ մի  միլիմետր չենք շեղվել այդ ուղուց։ Իրապես լիահույս ենք, որ այս փոփոխությամբ մենք կտեսնենք Ազգային ժողովի և Ազգային ժողովի նախագահի դերակատարության բարձրացում ներքին և արտաքին քաղաքականության վարման գործընթացում, Հայաստանի Հանրապետության իշխանությունների հանդեպ սուբյեկտային կեցվածք դրսևորելու հնարավորություն ձեռք կբերենք, ականատեսը կլինենք Արցախի Հանրապետությունում տարատեսակ, իսկ երբեմն ավելի հաճախ ոչ սահմանադրական և ոչ օրենքով նախատեսված խորհուրդների և հանձնաժողովների փակմանը։

Ավարտելով խոսքս՝ վստահ եմ, որ մեր գործընկերը ընտրվելու դեպքում Ազգային ժողովում կարևոր դերակատարություն կունենա՝ հավատարիմ մնալով պայքարի ճանապարհին մեր որդեգրած սկզբունքներին, իր և իր կուսակցության դիրքորոշմանը»։

1