Կհամագործակցենք ընտրված նախագահի հետ բոլոր այն հարցերում, որոնք բխում են Արցախի ժողովրդի շահերից
Գլխավոր » Լրահոս » Կհամագործակցենք ընտրված նախագահի հետ բոլոր այն հարցերում, որոնք բխում են Արցախի ժողովրդի շահերից

Կհամագործակցենք ընտրված նախագահի հետ բոլոր այն հարցերում, որոնք բխում են Արցախի ժողովրդի շահերից

«Միասնական հայրենիք» խմբակցության ղեկավար Մարսել Պետրոսյանի ելույթը՝ ԱՀ ԱԺ նախագահի ընտրության օրակարգով հրավիրված նիստի ընթացքում

«Այսօր Ազգային ժողովի նիստերի դահլիճում տեղի է ունենում մի կարևոր իրադարձություն, հնարավոր է, որ այն ինչ-որ առումով բեկում մտցնի մեր ընդհանուր քաղաքականության մեջ, հնարավոր է նաև ոչինչ չլինի: Նախորդ նախագահական և խորհրդարանական ընտրություններում «Ազատ հայրենիք»-ը Ազգային ժողովում ստացել է մեծամասնություն, ստացել է ժողովրդի մեծամասնության քվեն: Այդ քվեն ինչ-որ առումով նաև սրբություն է յուրաքանչյուր քաղաքական ուժի համար, քանի որ դրա մեջ ամփոփվում է ժողովրդի վստահությունը: Եթե ժողովրդի մեծամասնությունն իր քվեն տվել է «Ազատ հայրենիք»-ին, դա չի նշանակում, որ այդ քվեն «Ազատ հայրենիք»-ի սեփականությունն է, այն վստահություն է, և «Ազատ հայրենիք»-ը պարտավոր է իր ընտրողներին վերադարձնել այդ վստահությունը, ինչը չարվեց, և որի փայլուն վկայությունն է այսօրվա արտահերթ ընտրությունը:

«Ազատ հայրենիք»-ը քաղաքական կուսակցություն է, պետք չէ այն վերածել քաղաքական ակումբի: Ազգային ժողովի նախագահ ընտրում են, ոչ թե նշանակում: Բոլոր դեպքերում մենք, փոխանակ ժողովրդավարության ոլորտում առաջընթաց ապրենք՝ ելնելով իրավիճակից, ժամանակի թելադրանքից, այն թելադրանքներից, որոնք թափվում են Լեռնային Ղարաբաղի վրա, ընդհուպ մինչև Հայաստանից, Ադրբեջանից, Եվրոպայից, Ռուսաստանից, շարունակում ենք քայլ առ քայլ ոտնահարել մեր բոլոր նվաճումները: Եթե այսպես շարունակելու լինենք, չգիտեմ՝ վերջնական առումով ինչ հանգրվանում ենք հայտնվելու:

Բոլորդ էլ գիտեք իմ անձնական վերաբերմունքը Դավիթ Իշխանյանի հանդեպ՝ որպես ՀՅԴ անդամ, որպես քաղաքական գործիչ, մարտիկ, ծնող, լավ ընկեր: Նա օժտված է բոլոր բարեմասնություններով, որպեսզի ղեկավարի Ազգային ժողովը: Եթե Ազգային ժողովի գումարման առաջին նիստում վճիռ կայացվեր, որ ՀՅԴ անդամ լինի խորհրդարանի նախագահ, ես լիարժեքորեն համամիտ կլինեի և կփորձեի իմ կուսակից ընկերներին բացատրել դրա կարևորությունը, անհրաժեշտությունը, դրական միտումները և ոչ միայն: Սակայն այսօր ես ու մեր քաղաքական ուժը դա համարում ենք քաղաքական որոշում: Այս իրավիճակում նման քաղաքական որոշում կայացնելը ոչ միայն վտանգավոր է, այլև հղի է անսպասելի երևույթներով:

Այսօր փաստորեն, երբ մենք հաճախակի ենք խոսում օրենքի, տառի, ոգու պահպանության, սրբության մասին, ինքներս ոտնահարում ենք այդ օրենքը, օրենքի տառը, ոգին: Ես չեմ կարծում, թե «Ազատ հայրենիք» խմբակցության կազմում չկան արժանապատիվ անձինք: Պետք չէ ինչ-որ մեկին ղեկավար առաջադրելիս նրան վերագրել չունեցած բազմաթիվ հատկություններ ու առանձնացնել բոլորից՝ ներկայացնելով որպես անփոխարինելի: Այո’, նման նախադեպ եղել է, իսկ ի՞նչ ենք շահել այդ նախադեպից: Ոչի՛նչ: Դա նույնպես քաղաքական որոշում էր, որը վերջնարդյունքում Ազգային ժողովին ոչինչ չի տվել: Այն ժամանակ նույնպես Ազգային ժողովում կային պատգամավորներ, որոնք իրենց մտածողությամբ, զարգացողության աստիճանով, քաղաքական մտածելակերպով չէին զիջում նրան, ում նշանակել են: Պետք չէ ֆետիշացնել ամեն ինչ և ներկայացնել, թե մենք ինչ-որ հեղափոխություն ենք կատարում: Ընդհանրապես նման քայլերը դիտարկում ենք որպես ժողովրդին «շղվցրած պահել»: Սա շատ վտանգավոր քաղաքականություն է. չենք մտածում հետևանքների ու արդյունքների մասին:

Ես ավելի քան համոզված եմ, որ Դավիթ Իշխանյանն ընտրվելու դեպքում իրենից կախված ամեն ինչ կանի, որպեսզի արդարացնի բոլորի հույսերը: Մենք՝ որպես քաղաքական ուժ, բնականաբար կհամագործակցենք ընտրված նախագահի հետ բոլոր այն հարցերում, որոնք բխում են Արցախի ժողովրդի շահերից»:

1