Դավիթ Իշխանյանն ընտրվել է ԱՀ ԱԺ նախագահ
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ օգոստոսի 7-ին գումարվել է ԱՀ ԱԺ արտահերթ նստաշրջան՝ ԱՀ ԱԺ նախագահի ընտրության օրակարգով։
ԱՀ ԱԺ նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցը շնորհակալություն է հայտնել Արթուր Թովմասյանին՝ խորհրդարանական ակտիվ գործունեության, վերջին տարիներին Ազգային ժողովի նախագահի պաշտոնում կատարած աշխատանքների համար։
ԱՀ ԱԺ նախագահի թափուր պաշտոնի համար «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության կողմից առաջադրվել էր «Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Բյուրոյի անդամ Դավիթ Իշխանյանի թեկնածությունը։
Հիմնավորելով առաջադրված թեկնածությունը՝ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը կարևորել է Դավիթ Իշխանյանի անցած մարտական ու քաղաքական ուղին։
«Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը ներկայացրել է թեկնածուի կենսագրական տվյալները։
Ելույթ ունենալով ներկաների առջև՝ Դավիթ Իշխանյանը շնորհակալություն է հայտնել այս վճռորոշ պահին պատասխանատու պաշտոնն իրեն վստահելու համար։
«Պայքարի ոգին այսօր թևածում է Արցախում: Արցախում բնակվող յուրաքանչյուր անհատ՝ դպրոցական մանուկից մինչև զառամյալ ծերունի, դիմադրություն ցուցաբերելով թշնամու օրեցօր սաստկացող ճնշումներին, կարողանում է պահպանել իր քույրերի և եղբայրների, հայրերի և պապերի կերտած պետությունը»,- իր խոսքում նշել է Դավիթ Իշխանյանը՝ ավելացնելով, որ չպետք է հրաշքների սպասել, քանի որ առանց մեր մասնակցության հրաշքներ չեն լինելու։
Թեկնածության առաջադրման մասին մտքեր են փոխանակել ԱՀ ԱԺ բոլոր խմբակցությունները։ Կայացած գաղտնի քվեարկության արդյունքում 22 կողմ, 9 դեմ ձայների հարաբերակցությամբ ԱՀ ԱԺ նախագահ է ընտրվել Դավիթ Իշխանյանը։