ՀՅԴ պատանեկան ճամբար Մարտունիում
Գլխավոր » Լրահոս » ՀՅԴ պատանեկան ճամբար Մարտունիում

ՀՅԴ պատանեկան ճամբար Մարտունիում

Տարիներ ի վեր Արցախի պատանիների ամառային հանգստի անբաժան մասն են կազմում ՀՅ Դաշնակցության երիտասարդական միությունների կողմից կազմակերպվող բակային ճամբարները։ Ամեն տարի աշխարհի տարբեր երկրներից դաշնակցական երիտասարդներ էին ժամանում Արցախ՝ իրենց հետ աշխուժություն բերելով Արցախ։ Շրջափակումն այս տարի անհնար դարձրեց այդ երիտասարդների մուտքն Արցախ, սակայն դա խոչընդոտ չհանդիսացավ, որ ՀՅԴ Արցախի երիտասարդական միությունը շարունակի ՀՅԴ պատանեկան ճամբարների ծրագիրը։

Մարտունի քաղաքում հուլիսի 17-ին մեկնարկել էր ՀՅԴ Արցախի երիտասարդական միության կողմից կազմակերպված պատանեկան բակային ճամբարը։ 12-16 տարեկան պատանիների համար նախատեսված ճամբարը հովանավորել է ՀՅԴ Արևմտյան շրջանի երիտասարդական միությունը:

Ըստ ՀՅԴ ԱԵՄ-ի Կենտրոնական վարչության անդամ Վահագն Խաչատրյանի՝ պատանիների առօրյան շատ հագեցած է անցնում։

«Պատանիներին սովորեցնում ենք ազգային երգ ու պար, կարդում ենք դասախոսություններ՝ նրանց մեջ սերմանելով ազգային արժեքներ և սեր առ հայրենիք ու ժողովուրդ»,-ասել է նա։

Վ. Խաչատրյանի խոսքով՝ այս պայմաններում բավականին դժվարություններ են ի հայտ եկել ճամբարի կազմակերպման ընթացքում:

«Ճամբարը պլանավորված էր նախքան Արցախի լիակատար շրջափակումը։ Այդ շրջափակումն էլ ավելի սրեց առկա իրավիճակը և բազմաթիվ խնդիրների առաջ կանգնեցրեց մեզ։ Սակայն դժվարությունները պատճառ չհանդիսացան, որ մենք հետ կանգնենք մեր առջև դրված խնդրից։ Մենք մեր առջև նպատակ էինք դրել այս պայմաններում պատանիների համար ապահովել աշխույժ ու ուրախ առօրյա՝ հագեցած նոր գիտելիքներով, ժամանցային, մշակութային ու սպորտային ծրագրերով, ցրել նրանց բացասական մտքերն ու մտածումները»,-ասել է Վ. Խաչատրյանը։

Ճամբարը ՀՅԴ երիտասարդականի համար ավանդական է։ Դրանք կազմակերպվում էին և՛ մինչև պատերազմը, և՛ պատերազմից հետո։ Ըստ Վ. Խաչատրյանի՝ պատերազմից հետո կազմակերպվել են շուրջ 12 ճամբարներ՝ Արցախի տարբեր համայնքներում, որին մասնակցելու հնարավորություն են ունեցել շուրջ 1500 պատանիներ։

«Մենք այս ծանր ժամանակաշրջանում պարտավոր էինք ավելացնել աշխարհի տարբեր երկրներից ՀՅԴ երիտասարդական միությունների հետ համատեղ կազմակերպվող  ճամբարների քանակը, որպեսզի հետպատերազմյան ծանր մթնոլորտը կարողանայինք ցրել ու չզրկել պատանիներին իրենց գունավոր մանկությունից։ Ցավոք սրտի, այս տարի Սփյուռքից մեր ընկերները չկարողացան ժամանել»,-նշել է Վ. Խաչատրյանը։

Ճամբարի նկատմամբ բավականին ուշադիր են հատկապես Մարտունու շրջանի ՏԻՄ մարմինները՝ ի դեմս Մարտունու քաղաքապետ Ազնավուր Սաղյանի։

«Հիմնական խնդիրներից մեկը Մարտունիում ջրի սակավության հարցն էր, սակայն Մարտունու քաղաքապետի և տեղական իշխանությունների աջակցությամբ այս հարցը լուծվեց։ Սննդի հետ կապված հարցերը ևս նրանց շնորհիվ լուծվեցին, և կարողացանք հնարավորինս պատանիներին ապահովել նաև ուտելիքով։ Ճամբարի մասին տեղեկացել է նաև ԱՀ ՆԳՆ ոստիկանությունը, ԱՀ ՆԳՆ ԱԻՊ ծառայությունը, ովքեր այցելել և ծանոթացել են ընթացող աշխատանքներին, իսկ բուժքրոջ կողմից իրականացվում է մշտական հերթապահություն»,-ասել է նա։

Ճամբարը մեկնարկում է առավոտյան ժամը 08։00-ին և ավարտվում 14։00-ին: Ըստ Վ. Խաչատրյանի՝ ճամբարը սպասվածից ավելի հետաքրքիր ու արդյունավետ է։

«Երեխաների կողմից սպասված են ճամբարները։ Նրանք էլ ակտիվ մասնակցում են ու մեծ աշխուժություն են ցուցաբերում։ Այդ աշխուժությունը բավականին ոգևորիչ է պատասխանատու կազմի համար։ Մարտունու պատանիները հատկապես աչքի են ընկնում իրենց կարգապահությամբ ու պատասխանատվությամբ։ Վստահ եմ, որ գալիք օրերն էլ ավելի հետաքրքիր են լինելու», — եզրափակել է Վ. Խաչատրյանը։

Վ. Խաչատրյանը նշեց նաև, որ ճամբարի ընթացքում ճամբարականների հետ  համացանցով կապ են հաստատել աշխարհի տարբեր երկրներից դաշնակցական երիտասարդներ և պատանիներ։

«Նպատակն էր՝ կոտրել պատանիների ինքնամեկուսացումը։ Նրանք ջերմ ու ընկերական հարաբերություններ են  ձեւավորվել  հատկապես Ավստրալիայի հայ պատանիների հետ: Նրանք ծանոթացել են, զրուցել ու միմյանց ուղղել հետաքրքրող հարցեր։ Ճամբարականները ավստրալահայ պատանիներին են ներկայացրել իրենց սովորած կանչերն ու երգերը: Մեր գլխավոր նպատակն այն է, որ պատանիները ճանաչեն միմյանց, նոր գիտելիքներ ստանան, գնահատեն ազգային արժեքներն ու Դաշնակցության դերը»,-ասել է Վ. Խաչատրյանը:

Ճամբարի ընթացքում կազմակերպվել են Ճանաչողական արշավներ, ֆուտբոլի, ինտելեկտուալ խաղի, կրակային պատրաստության, երգ ու պարի և այլ սպորտային ու հետաքրքիր խաղային մրցույթներ։

ՀՅԴ պատանեկան ճամբարի փակման արարողությունը տեղի է ունեցել հուլիսի 28-ին։ Այն նվիրված էր Լիզբոն 5-ի գործողության 40-ամյակին։

Միջոցառման ընթացքում պատանիները իրենց ծնողներին և հյուրերին ներկայացրել են երկու շաբաթների ընթացքում իրենց սովորածը։ Հնչել են Լիզբոն 5-ի տղաների խոսքերից, նրանց նվիրված բանաստեղծություններից ու երգերից, իսկ ծրագրի 2-րդ մասը նվիրված էր Հայաստանին ու Արցախին։ Պատանիները ներկայացրել են Արցախի ու Հայաստանի մասին երգեր, բանաստեղծություններ, պարել ազգային պարեր։
Միջոցառումը պատանիներն ավարտել են իրենց մայր հողում խաղաղ ապրելու մանկական երազանքի մասին բարձրաձայնելով ու Արցախն ամուր պահելու նրանց հավատը վերահաստատելով։
Միջոցառման ավարտին ելույթ են ունեցել ՀՅԴ Մարտունու կոմիտեության անդամ, հայրենադարձ Շանթ Չարշաֆճյանը և ՀՅԴ Արցախի Երիտասարդական միության Կենտրոնական վարչության անդամ Վահագն Խաչատրյանը, որից հետո հայտարարվել են ճամբարի հաղթող թիմն ու ամենաակտիվ մասնակիցները, որոնց հանձնվել են պատվոգրեր ու նվերներ։

Շանթ Չարշաֆճյանը նշեց, որ ՀՅԴ կուսակցության մեջ սովորություն չկա իրար շնորհակալություն հայտնելու, ուստի կազմակերպիչներին ասաց. «Ձեր վարձքը կատար, հաճախակի՛ եկեք Մարտունի և նմանատիպ ծրագրեր կյանքի կոչեք։ Կուզեի շնորհակալություն հայտնել ծնողներին։ 2,5 տարի է, ինչ ապրում եմ Մարտունիում, հասցրել եմ ծանոթանալ բոլորին, և տեսել եմ, թե ինչպիսի լավ դաստիարակություն ունեն ձեր երեխաները։ Այս 2 շաբաթների ընթացքում էլ ավելի համոզվեցի դրանում, տեսա, թե ինչպիսի տաղանդավոր երեխաներ կան, երբ երգում, պարում ու ասմունքում էին»։

ՀՅԴ ԱԵՄ-ի ԿՎ անդամ Վահագն Խաչատրյանն էլ իր խոսքում շնորհակալություն հայտնեց Մարտունու քաղաքապետարանին, ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ և ոստիկանության Մարտունու շրջբաժիններին ճամբարի կազմակերպմանն օժանդակելու համար։

«Շնորհակալություն ենք հայտնում հատկապես ծնողներին, որ այս անորոշ օրերին իրենց զավակներին վստահեցին մեզ։ Այս երկու շաբաթների ընթացքում պատանիների հետ միասին մենք կարողացանք սովորել ազգային երգեր ու պարեր, ունենալ դասախոսություններ, արշավներ և այլն։ Հուսով ենք՝ մեր այս փոքրիկ քայլով կարողացանք որոշակի չափով ուրախություն բերել պատանիների առօրյա։ Այս դժվարին պայմաններում սա այն նվազագույնն էր, որ կարողացանք անել նրանց համար»,- ասել է Վ. Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ այս երկու շաբաթների ընթացքում այնքան են մտերմացել վարիչները ճամբարի մասնակիցների հետ, որ շատ դժվար է նրանցից բաժանվելը։

Ճամբարի կազմակերպիչները հրաժեշտ են տվել ճամբարականներին՝ նորից վերադառնալու խոստումով։

Վ. Խաչատրյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այս ճամբարը դրական առումով առանձնանում էր նախորդ տարիներին կազմակերպված բոլոր ճամբարներից։

«Համեստություն չեմ անի, եթե նշեմ, որ այս տարվա ճամբարը վերջին տարիների լավագույն ճամբարներից մեկն էր՝ հաշվի առնելով թե՛ պատանիների կարգապահությունը, թե՛ ցուցաբերած ակտիվությունը։ Իհարկե, զգալի էր շրջափակման բացասական ազդեցությունը նրանց հոգեվիճակի և տրամադրության վրա։ Նախկինի պես չկային պատանիներին բնորոշ չարաճճիությունը, անհնազանդությունը։ Մենք մեր աշխատանքում փորձում էինք նրանց հնարավորինս ակտիվ պահել, ուրախ պահել»,-ասել է Վ․ Խաչատրյանը։

Ըստ նրա՝ բավականին ոգևորիչ էր այն, որ պատանիները իրենք էին խոստովանում, որ փոխվել են դեպի լավը։

«Մեզ մոտենում էին պատանիները, ու խոստովանում, թե ինչպես են նրանց բառապաշարից անհետացել վատ բառերը։ Մենք հենց սկզբից ժարգոնային բառեր օգտագործողներին թեթև «պատիժ» էինք տալիս, այնուհետև նկատեցինք, որ պատանիները սկսել են միմյանց օգտագործած վատ բառերը նկատել ու ինքնուրույն պատժել դիմացինին։ Բավականին մեծ արձագանք ենք ստացել նաև ծնողներից, ովքեր նույնպես անհատապես մոտենում ու շնորհակալություն էին հայտնում մեզ ու ասում, որ անհավատալի էր նրանց համար, որ իրենց երեխաները կարող էին այդքան փոխվել դեպի լավը»,- ասել է ԿՎ անդամը։

Վ. Խաչատրյանն ընդգծեց նաև այն փաստը, որ երեխաների մոտ կարողացել են ձևավորել թիմային մտածելակերպն ու ստեղծել նոր մեծ ընկերություն․

«Վերջին օրը պատանիները խոստովանեցին, որ իրենց թիմերում կային մարդիկ, ովքեր միմյանց հետ լավ հարաբերություններ չունեին, կամ չէին շփվում միմյանց հետ, սակայն ճամբարի արդյունքում ընկերացել են և դարձել մի մեծ ընտանիք։ Մենք նրանց սովորեցնում էինք միմյանց հետ խոսել ընկերով, ինչպես խոսում են վարիչների հետ։ Պատանիներից մեկը վերջին օրն ասաց, որ այնքան է փոխվել իր բառապաշարը, որ անգամ աղոթելիս Աստծուն սկսել է ընկեր Աստվածով դիմել։ Այս ամենը ոգևորիչ ու պարտավորեցնող է մեզ համար՝ շարունակել նրանց հետ աշխատանքը, որովհետև մեր պատանիներն աշխարհի ամենախելացի ու կարգապահ պատանիներն են, ովքեր արժանի են ուրախ մանկության ու պայծառ ապագայի»,-եզրափակել է Վ. Խաչատրյանը։

«Ապառաժ»

1