Արցախի շրջափակման 227-րդ օրը
Գլխավոր » Լրահոս » Արցախի շրջափակման 227-րդ օրը

Արցախի շրջափակման 227-րդ օրը

Արցախի Հանրապետության կառավարությունը շրջափակման 227-րդ օրը հրապարակել է տեղեկագիր.

1. Համազգային հանրահավաքով վերահաստատվել է Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու անթույլատրելիությունը

Հուլիսի 25-ին տեղի է ունեցել համաժամանակյա հավաք Ստեփանակերտի «Վերածննդի» և Երևանի «Ազատության» հրապարակներում: Հանրահավաքի ժամանակ Համաժողովրդական շարժման ու հայ ժողովրդի անունից կոչեր են հնչեցվել՝ ուղղված Հայաստանի Հանրապետության իշխանություններին ու միջազգային հանրությանը:

«Միջազգային ամենատարբեր հարթակները վերջին օրերին մեր կողմից իրազեկման արդյունքում սկսել են լրացուցիչ ուշադրություն դարձնել բարձրաձայնվող խնդրին, հարցի շուրջ ուշադրությունը նոր ընթացք է ստացել: Ամենակարևորը հաջողվել է վերահաստատել ու ապացուցել, որ Արցախը և նրա ժողովուրդը երբեք չեն կարող լինել Ադրբեջանի կազմում: Սա քմահաճույք չէ: Սա Արցախի ժողովրդի գոյության անբացարկելի նախապայմանն է»,-շեշտել է պետնախարար Գուրգեն Ներսիսյանը հանրահավաքի ժամանակ ունեցած ելույթում:

2. ՀԱՀ նախագահը Արցախը հայտարարել է աղետի գոտի՝ ակնկալելով միջազգային հրատապ արձագանք և անվտանգային, քաղաքական ու հումանիտար աջակցություն միջազգային հանրությունից

Հուլիսի 24-ի երեկոյան տեղի է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրատապ առցանց մամուլի ասուլիսը միջազգային և Սփյուռքի շուրջ 100 լրագրողների համար՝ 35 երկրից, որոնց մեծամասնությունը միջազգային լրագրողներ էին, ներառյալ՝ աշխարհի ամենառաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Նախագահը բացման խոսքում անդրադարձել է Արցախի շրջափակման նախապատմությանն ու համատեքստին, շրջափակման հետևանքով ստեղծված հումանիտար աղետին, որը դրսևորվում է կյանքի բոլոր ոլորտներում՝ սննդից մինչև առողջապահություն, գյուղատնտեսությունից մինչև կրթություն: Արդեն արձանագրվում են շրջափակման ուղղակի և անուղղակի հետևանքով մարդկային մահեր՝ նորածին երեխաներից մինչև տարեց քրոնիկ հիվանդներ: 

Հաշվի առնելով առկա ծանրագույն վիճակը և ահագնացող սպառնալիքները Արցախի ժողովրդի ֆիզիկական գոյության դեմ՝ Ա. Հարությունյանն ասուլիսի ընթացքում Արցախը հայտարարել է աղետի գոտի՝ ակնկալելով միջազգային հրատապ արձագանք և անվտանգային, քաղաքական ու հումանիտար աջակցություն միջազգային հանրությունից՝ կոլեկտիվ և անհատական կերպով:

«Արցախն այժմ աշխարհում միակ տարածքն է, որը գտնվում է լիակատար մեկուսացման ու պաշարման մեջ՝ առանց որևէ հումանիտար օգնության ու միջազգային ներկայության: Եթե նույնիսկ աղետի գոտի հայտարարելու պայմաններում միջազգային հրատապ աջակցություն չլինի, ապա Արցախը կարելի է հանգիստ կերպով համարել որպես համակենտրոնացման ճամբար՝ իր բոլոր հետևանքներով հանդերձ», — նշել է Արցախի Հանրապետության նախագահը և մի շարք պահանջներ ներկայացրել  միջազգային հեղինակավոր կառույցներին՝ մասնավորապես.«Ներգրավված դերակատարներից պահանջում ենք դադարեցնել աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի հանցավոր օրակարգին, ինչը միայն խորացնում է անմեղ մարդկանց տառապանքները և կոչ ենք անում կոնկրետ քայլերի իրականացում՝ երաշխավորելու բարենպաստ միջավայր Արցախի ժողովրդի կայուն անվտանգության և հակամարտության խաղաղ ու արդարացի կարգավորման համար»:

Բացման խոսքն ամփոփելով՝  Ա. Հարությունյանը նշել է. «Հակամարտությունը չի կարող համարվել լուծված, քանի դեռ չեն լուծվել դրա հիմքում ընկած քաղաքական հիմնախնդիրները, այն է՝ Արցախի ժողովրդի անվտանգության և իրավունքների, ներառյալ ինքնորոշման իրավունքի ճանաչման ու պաշտպանության հետ կապված խնդիրները», — ասել է նա եզրափակիչ խոսքում:

3. Վերջին մեկ  ամսում  հղիության վաղ շրջանում պտղի կորուստների ցուցանիշն աճել է գրեթե երեք անգամ. գլխավոր բժիշկ


«Պաշարված Արցախ» հեռուստահարցազրույցի ժամանակ ասել է Ստեփանակերտի Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի գործադիր տնօրեն Վարդգես Օսիպովը։

«Անցած ամիս մենք, ցավոք, ունեցանք նաև պերինատալ մահացության ցուցանիշների որոշակի աճ։ Բնականաբար, այս ամենը պայմանավորված է բազմաթիվ պատճառներով։ Սա սթրես է, որը ապրում է մեր բնակչությունը, այդ թվում՝ հղի կինը: Ի լրումն այս ամենի` շատ կարևոր է բալանսավորված  սննդակարգը։ Բոլորը գիտեն, որ մեր բնակչությունը հնարավորություն չունի առաջին անհրաժեշտության սննդամթերք  օգտագործելու: Մինչդեռ դա է հանդիսանում առողջ սերունդ ունենալու գրավականը»:

4. Ադրբեջանական կողմը շարունակաբար արգելում է դեղորայքի մատակարարումը Արցախ

Հուլիսի 22-ին և 24-ին  ԱՀ Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 24 բուժառու ուղեկցողների հետ միասին, «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։

ԿԽՄԿ մեքենաներով Արցախ են վերադարձել 26 բուժառուներ՝ ուղեկցողների հետ միասին, ովքեր ժամանակին պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար։
Ավելի քան 200 բուժառուներ սպասում են իրենց տեղափոխությանը Հայաստանի Հանրապետության մասնագիտական բժշկական կենտրոններ՝ անհապաղ բուժօգնություն ստանալու համար:

Չնայած իրականացված ջանքերին՝ Կարմիր խաչը տևական ժամանակ չի կարողանում ապահովել խիստ անհրաժեշտ դեղորայքի մատակարարում Հայաստանից, քանի որ ադրբեջանական կողմը շարունակաբար արգելում է նույնիսկ դեղորայքի մատակարարումը:

5. Ադրբեջանական դիրքերից հերթական անգամ կրակել են քաղաքացիական անձանց ուղղությամբ

Հուլիսի 24-ին ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային տարբեր տեսակի զենքերից կրակ են բացել Շոշ  գյուղի վարչական տարածքում  գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող տրակտորի ուղղությամբ։ Զինադադարի խախտման հետևանքով  դադարեցվել են  գյուղատնտեսական  աշխատանքները: Բարեբախտաբար ոչ ոք չի տուժել։

6. Արցախի Հանրապետության Ազգային ժողովի ուղերձը ՀՀ-ին և միջազգային հանրությանը

Հուլիսի 21-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովը արտահերթ նստաշրջանի ընթացքում հանդես է եկել ՄԱԿ-ի կողմից Արցախում խաղաղություն պարտադրելու համար պատշաճ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ ուղերձով, որում մասնավորապես ասված է. «Դիմում ենք Հայաստանի Հանրապետությանը և միջազգային հանրությանը՝ անհապաղ միջոցներ ձեռնարկել Արցախի Հանրապետությունում տեղակայված խաղաղապահ առաքելությանը միջազգային մանդատով օժտելու համար՝ սահմանված ընթացակարգով դիմելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, Գլխավոր ասամբլեային՝ առաջարկելով պատշաճ քայլեր կատարել տարածաշրջանում խաղաղության և անվտանգության պահպանման ուղղությամբ»,- մասնավորապես ասված է ԱԺ-ի ուղերձում:

7. Արցախցի լրագրողները Ստեփանակերտ-Շուշի ճանապարհահատվածից կոչ են ուղղել օկուպացված Շուշիում ընթացող Գլոբալ մեդիա ֆորումի մասնակիցներին

Հուլիսի 22-ին, արցախցի մի խումբ լրագրողներ խաղաղ ակցիա են իրականացրել Ստեփանակերտից Շուշի տանող ճանապարհահատվածին: Ակցիայի մասնակիցները Արցախի Հանրապետության լրագրողների համայնքի կողմից մարդկային և մասնագիտական կոչ են ուղղել Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշիում ընթացող Գլոբալ մեդիա ֆորումի մասնակիցներին, որում մասնավորապես ասված է. «Դադարեցնել Լեռնային Ղարաբաղի, շրջափակման և ընդհանուր հակամարտության վերաբերյալ միայն միակողմանի տեղեկությունների և նարատիվների հաղորդումը,

Զերծ մնալ բռնապետական ձեռքում գործիք դառնալուց և էթնիկ զտումների քաղաքականությունը խթանելուց։ Հակառակ դեպքում դուք ծանր պատասխանատվություն եք կրում մարդկության դեմ շարունակվող այս հանցագործության համար:

Մենք հավատում ենք, որ դուք կարող եք փոփոխություն կատարել աշխարհում և փրկել մարդկային կյանքեր:

Մենք ակնկալում ենք ձեր մարդկային և մասնագիտական աջակցությունը՝ ի պաշտպանություն ճշմարտության, մարդու իրավունքների, ազատությունների և արժանապատվության»,- նշված է արցախցի լրագրողների կոչ-ուղերձում:

8. Հուլիսի 25-ից հանրապետության ողջ տարածքում լրիվությամբ դադարեցվել է  հանրային տրանսպորտի աշխատանքը

Ադրբեջանի կողմից Արցախը շրջափակելու հետևանքով առաջացած վառելիքի գերսղության պայմաններում հուլիսի 18-ից հանրային տրանսպորտը մայրաքաղաք Ստեփանակերտում կաթվածահար վիճակում է, սակայն պահպանվում էին միջշրջանային երթուղիները։ 
Այս պահին վառելիքի սուղ պաշարները ամբողջությամբ սպառվել են և հուլիսի 25-ից հանրապետության ողջ տարածքում հանրային տրանսպորտի աշխատանքը լրիվությամբ դադարեցվել է:

9. Ստեփանակերտի ջրամատակարարումը վտանգված է. «Ջրմուղ-կոյուղի»-ն ահազանգում է

Հովհարային անջատումների պատճառով Արցախում խմելու ջրի խնդիր է հասունանում: Այս մասին ահազանգում է Ջրմուղ- կոյուղի ընկերությունը: Մինչեւ հիմա ունեցած վառելիքի պաշարներով կարողացել են Ստեփանակերտի բնակիչներին շուրջօրյա ջուր մատակարարել նաև էլեկտրամատակարարման անջատումների ժամանակ: Սակայն շրջափակումը շարունակվելու դեպքում, լուրջ խնդիրներ կլինեն կայուն ջրամատակարարման ապահովման հարցում:

10. Ստեփանակերտը սանիտարական ճգնաժամի շեմին է հայտնվել

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Սանմաքրում» համայնքային ըկերության տնօրեն Եղիշե Մանգասարյանն ասել է, որ ընկերությունն անում է հնարավորը Ստեփանակերտի՝ մաքուր քաղաքի համբավը պահպանելու համար, բայց վառելիքի պաշարների օրեցօր նվազումը լրջագույն խնդիրներ է առաջացնում աղբահանության ոլորտում, հաճախ՝ անհաղթահարելի:

«Եթե իրավիճակն այսպես երկար շարունակվի, ապա չենք կարողանալու լուծել աղբահանության խնդիրը»,-մանրամասնել է զրուցակիցը՝ հավելելով, որ այդ հանգամանքը կարող է հակասանիտարական իրավիճակի հանգեցնել:

11. Արցախի լիակատար շրջափակումը խախտում է արտասահմանյան և հայաստանյան  բուհեր ընդունված արցախցի ուսանողների իրավունքը. ԿԳՄՍ նախարար

«Այս փուլում մենք իրականացնում ենք դիմորդների հաշվառում, ովքեր իրենց ուսումը պետք է շարունակեն արտասահմանյան և հայաստանյան տարբեր բուհերում: Կփորձենք  ապահովել մեր դիմորդների տեղափոխումը:  Եթե նման հնարավորություն չստեղծվի, ապա ունենք նաև այլընտրանքային տարբերակ.ամենայն հավանականությամբ մենք կկազմակերպենք նրանց ուսումնառությունը առցանց եղանակով՝ համապատասխան բուհերի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն»,-ընդհանրացրել է նախարար Ն. Մկրտչյանը:

12. Շարունակական շրջափակման դեպքում` մանկապարտեզներն օգոստոսին կդադարեցնեն իրենց գործունեությունը. ԱՀ ԿԳՄՍ նախարար

«Փորձելու ենք հուլիս ամսվա ընթացքում շարունակել ապահովել  նախադպրոցական հաստատությունների գործունեությունը: Եթե իրավիճակը մնա անփոփոխ, ապա ցավով պիտի նշեմ, որ, ամենայն հավանականությամբ, օգոստոսին  հնարավորություն չենք ունենա ապահովելու մանկապարտեզների գործունեությունը»,- նշել է Ն. Մկրտչյանը՝ հիմնական պատճառներից առանձնացնելով սննդի սղությունը և հանրային տրանսպորտի աշխատանքի դադարումը:

13. Շրջափակման պատճառով անհնար է դարձել արցախցիների մասնակցությունը համահայկական և միջազգային մրցաշարերին

Անդրադառնալով շրջափակման հետևանքով սպորտի ոլորտում առաջացած խնդիրներին՝ Ն. Մկրտչյանն նշել  է, որ  օգոստոսի  սկզբին Արցախի մարզիկները պետք է մասնակցեին ՀՀ-ում մեկնարկող համահայկական խաղերին: «Այն մարզիկները, ովքեր գտնվում են Արցախում, զրկված են այդ հնարավորությունից։ Արցախի ֆոտբոլի  հավաքական թիմը պետք է մասնակցեր Աբխազիայի ընտրանու հետ  հանդիպմանը, սակայն նույն պատճառով դա ևս չեղարկվեց:

Արցախցի մարզիկները Հայաստանի հավաքականի կազմում պետք է մասնակցեին նաև մի շարք միջազգային մրցաշարերի, ինչը նույնպես, ցավոք, չհաջողվեց»,-տեղեկացրել է Արցախի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը:

14. Շրջափակման հետևանքով իրենց գործունեությունը պաշտոնապես դադարեցրել են ավելի քան 2000 տնտեսավարող սուբյեկտներ

«Շրջափակումից ի վեր իրենց գործունեությունը դադարեցրել են 1450 տնտեսավարող սուբյեկտներ, իսկ արդեն Արցախի ամբողջական պաշարումից հետո՝  ևս 790 տնտեսավարող սուբյեկտներ։  2827 տնտեսավարող սուբյեկտներ գործում են մասնակիորեն` իրենց արտադրական հզորության միայն չնչին մասով։ Այս պահին 14 600-ից ավելի քաղաքացիներ կորցրել են իրենց  աշխատանքը, և այս ցուցանիշն ամեն օր ավելանում է»,- ասել է Արցախի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմինե Մուսայելյանը։ 

Նրա խոսքով՝ 2022 թվականի առաջին կիսամյակի համեմատ`  հանքարդյունահանման ոլորտում գործող սուբյեկտների իրացման շրջանառությունը կրճատվել են 94 տոկոսով, շինարարության ոլորտում՝ 89, արտադրության ոլորտում՝ 60,6, առևտրի ոլորտում՝ 54,5, էներգետիկայի բնագավառում՝ 41,8 տոկոսով։ Իսկ հուլիս ամսին գրեթե բոլոր ուղղություններում զրոյական ցուցանիշներ են՝ պայմանավորված բոլոր տեսակի ապրանքների ներկրման արգելափակմամբ:

15. Սոցիալական խոցելի խմբերի խնամքն ու բուժումը շրջափակման պայմաններում գրեթե անհնար է դարձել

«Առաջին հերթին կցանկանայի առանձնացնել միայնակ տարեցների` տնային պայմաններում խնամքի հարցը։ Մեր աշխատողները տնային այցելությունների շնորհիվ այդ խոցելի խմբին ցուցաբերում էին աջակցություն, սակայն այս պահին  խնդիրը  խորանում է վառելիքի խիստ սղության պատճառով։  Մենք հնարավորություն ենք ունենում  սպասարկել միայն  ծայրահեղ դեպքերում և ամենախիստ պահանջների դեպքում»,-նշել է Արցախի Հանրապետության սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար Վահրամ Առաքելյանը։

Նախարարն անդրադարձել է նաև շուրջ 800 հաշմանդամների` Հայաստանի Հանրապետության առողջարանային հիմնարկներ ամենամյա ուղեգրումների  խնդրին` ընդգծելով, որ շրջափակման պայմաններում սոցիալական այդ խմբի համար կենսական նշանակության ծրագիրը ևս անհնար է դարձել։

Օրվա վիճակագրական թարմացումներ Արցախի բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով մոտ 1,700 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից՝ վերջին 5 օրվա ընթացքում աճելով շուրջ 30  դեպքով։Մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 644 հիվանդ, իսկ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ՝ ևս 70-ը՝ համապատասխան բուժում ստանալու համար: ԿԽՄԿ գործունեության հանդեպ հարուցված ադրբեջանական լրացուցիչ խոչընդոտների պատճառով գրեթե մեկ ամիս շարունակ դադարեցվել էին տեղափոխությունները մայիսին, կրկին կասեցվել հունիսի 15-ին, իսկ հունիսի 25-ին վերականգնվելուց հետո՝ վերջին անգամ դադարեցվել հուլիսի 10-ին:Շրջափակման հետևանքով իրենց տներ չեն կարողացել վերադառնալ ընդհանուր առմամբ շուրջ 3,900 անձինք, ներառյալ՝ 550 երեխա, որոնց մի մասն արդեն վերադարձել է տուն՝ Կարմիր խաչի և ՌԴ խաղաղապահների աջակցությամբ:

Ստեփանակերտ-Գորիս մայրուղով (Լաչինի (Քաշաթաղի) միջանցքով) ոչ մի քաղաքացի ազատորեն չի երթևեկել, և մարդկանց երկկողմանի տեղաշարժի դեպքերը նվազել են շուրջ 214  անգամով, եղածն էլ միայն Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահների աջակցությամբ (227 օրվա ընթացքում մարդկանց 553,700 -ի փոխարեն՝ 2,590   մուտք և ելք։ Ընդ որում՝ վերջին 5 օրում գրանցվել է քաղաքացիների՝ 50 ելքի և մուտքի դեպք:Արգելափակված ճանապարհով Արցախի քաղաքացիների ոչ մի մեքենա չի անցել, իսկ մեքենաների ընդհանուր շարժը գրեթե 71  անգամ ավելի քիչ է եղել, քան պետք է լիներ առանց շրջափակման (227  օրվա ընթացքում 207,920  -ի փոխարեն՝ 2,931  մեքենայի մուտք և ելք, այն էլ՝ միայն Կարմիր խաչի և ՌԴ խաղաղապահների կողմից): Դա նշանակում է, որ վերջին 5 օրվա ընթացքում արձանագրվել է մեքենաների 8 մուտք և ելք:Շուրջ 16 անգամ ավելի քիչ կենսական նշանակության ապրանք է ներկրվել միայն Կարմիր խաչի և ռուս խաղաղապահների կողմից, քան իրականում պետք է լիներ առանց շրջափակման (227  օրվա ընթացքում մոտ 90,400   տոննայի փոխարեն՝ 5,715   տոննա, որից վերջին 5 օրվա ընթացքում՝ 0 տոննա:

Շրջափակման ընթացքում Ադրբեջանը հանրագումարային 160  օր շարունակ լրիվությամբ կամ մասնակիորեն ընդհատել է Հայաստանից Արցախ գազամատակարարումը, իսկ էլեկտրամատակարարումը լրիվությամբ խափանված է արդեն 198 օր շարունակ: Դա հանգեցրել է  ամենօրյա հովհարային ու լրացուցիչ վթարային անջատումների և բազմաթիվ հիմնարկների գործունեության փակման կամ կրճատման:Շրջափակումից ի վեր 1450 տնտեսավարող սուբյեկտ (ընդհանուրի 33,9 %-ը) շրջափակման պայմաններում աշխատելու անհնարինության պատճառով կասեցրել է իր գործունեությունը, իսկ 2827 տնտեսավարող սուբյեկտ գործում է մասնակիորեն՝ արտադրական հզորությունների չնչին մասով կամ պետական աջակցությամբ։

Շրջափակման և կենսական ենթակառուցվածքների խափանման պատճառով շրջափակման մեկնարկից առ այսօր փաստացի աշխատանքը և եկամտի աղբյուրը կորցրել է նախնական հաշվարկներով շուրջ 14,600  մարդ (ներառյալ՝ պետական աջակցությամբ աշխատատեղի ժամանակավոր պահպանման դեպքերը), որը մասնավոր հատվածում աշխատողների 80 տոկոսից ավելին է։ Ցուցանիշը հատկապես վերջին շրջանում արագորեն աճում է։

Դադարել են 32,6 կիլոմետր ճանապարհի, տասնյակ կիլոմետր ջրագծի, հազարավոր հեկտար հողատարածքների ոռոգման համակարգերի, 3,717 բնակարանների, ավելի քան 40 սոցիալական և արտադրական ենթակառուցվածքների շինարարական աշխատանքները։

Շրջափակման ընթացքում Արցախի Հանրապետության տնտեսությանը հասցվել է շուրջ 429 մլն ԱՄՆ դոլարի վնաս՝ հանգեցնելով մոտ 48 տոկոսի չափով ՀՆԱ-ի կանխատեսված տարեկան ցուցանիշի (903 մլն դոլար) չապահովմանը:

1