Պահանջում ենք ՀՀ-ից՝ հրաժարվել Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու մտահղացումից

«Տասնամյակներ շարունակ Ադրբեջանը վարել է Արցախում էթնիկ զտման քաղաքականություն, այսօր էլ անցել է իր հանցավոր ծրագրերի իրագործմանը։ Պլանավորման, ծրագրավորման ու նախապատրաստության փուլերը վաղուց ավարտվել են եւ սկսվել է ոճրագործությունն իրագործման փուլը»,-այսօր Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի ունեցած հանրահավաքում ասաց Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը։
Նրա խոսքով՝ ավելի քան 7 ամիս է՝ Արցախի ժողովուրդը ենթարկվում է ֆիզիկական ու հոգեբանական բռնության եւ դրա սպառնալիքի, խոշտանգման․ «Արցախի ժողովրդին կանգնեցրել են սովի առաջ, զրկում են այսօր եւ վաղը ապրելու, գոյատեւելու տարրական հնարավորություններից ու պայմաններից: Այս ամենի նպատակը Արցախում կյանքն անտանելի դարձնելն է, արցախցուն տարագիր դարձնելը: Հույս ունենալով, որ միջազգային հանրությունը, համայն հայությունն ու Հայաստանի Հանրապետությունը կձեռնարկեն Արցախի ժողովրդին էթնիկ զտումից զերծ պահելու որեւէ քայլ, Արցախի ժողովուրդը հերոսաբար ու համբերատար կրել է բոլոր զրկանքները: Սակայն ժամանակը ցույց տվեց, որ միջազգային հանրության պասիվությունն ու ՀՀ-ի զիջողականությունը լրացուցիչ խթան հանդիսացան եւ խրախուսեցին Ադրբեջանին՝ դիմելու է՛լ ավելի կոշտ ու ծայրահեղ քայլերի։ Այդ ամենին զուգահեռ նսեմացնելով նույն միջազգային հանրության ու միջնորդ երկրների հեղինակությունը: Այդ պատճառով Արցախում սկսվեց համաժողովրդական շարժում, որը պետք է հիմք դառնա մեր զարթոնքին ու համախմբման, եւ այն արդեն իրականություն է»:
Պետնախարարը դիմելով արցախցիներին՝ ասաց՝ թեև ամեն օր սպասում եք, թե երբ կվերջանա այս մղձավանջը, բայցև հասկանում եք, որ այս պայքարը երկար է տևելու․ «Մեզ անհրաժեշտ է է՛լ ավելի ամրանալ, է՛լ ավելի համախմբվել, որպեսզի կարողանանք հաղթահարել բոլոր մարտահրավերները։ Խոնարհվում եւ հպարտանում եմ ձեզանով, որովհետեւ տեսնում եմ, թե ինչպես են ծեր ու մանուկ իրենց բաժին ծանրությունը կրում, ինչպես են որդեկորույս մայրերը թաքցնում արցունքներն ու հպարտ կեցվածքով ու հայացքով հայրենասիրություն ու նվիրում կրթում, երբ հանուն մեր արժանապատիվ գոյության զայրույթն ու ցավը ձեր մեջ խեղդելով ինչպես եք մի կերպ կերակրում ձեր երեխաներին, ինքներդ ձեր մտքերում անընդհատ կրկնելով՝ լավ է սոված ու մերկ լինել, քան ապրել անհայրենիք ու առանց արժանապատվության։ Կարդացեք նաև Արցախի պետնա
Գուրգեն Ներսիսյանն հակադարձեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ նույն օրը կյացած ասուլիսում արած հայտարարություններին։ Այսօր Փաշինյանը, պատասխանելով արցախցիներից մեկի դիտարկմանը, թե Արցախում մարդիկ քաղցած են, իսկ վարչապետի կինը իր այգու բերքի նկարներն է հրապարակում, ասել է, որ ՀՀ-ն Արցախին 150 միլիարդ դրամի աջակցություն է տվել․«150 միլիարդ դրամ ենք տվել, գոնե բադրիջան աճեցնեիք։ Առավոտից իրիկուն լայվ մտնելու փոխարեն գնացեք բադրիջան աճեցրեք, որ մարդիկ բադրիջանի սոված չմնան։ Ի՞նչ եք ուզում, ուզում եք՝ Հայաստանի ինքնիշխանությունը մատա՞ղ անենք։ Ո՞ւմ առաջ եք ուզում մատաղ անեք, ուզում եք Հայաստանի պետությո՞ւնը մատաղ անել»։
Գուրգեն Ներսիսյանը, ըստ էության հակադարձելով Փաշինյանին, ասաց․ «2023 թվականին Արցախի շրջափակման ընթացքում Արցախի ժողովուրդը կազմակերպել է ավելի մեծ ծավալի գյուղատնտեսական աշխատանքներ, քան 2020 թվականի 44-օրյա պատերազմին հաջորդած երկու տարիներին։ Այդ ամենը կատարվել է ադրբեջանական զինված ուժերի կրակի տակ եւ մեր քաղաքացիների կյանքի ու մահվան գնով։ Մեր աշխատանքի արդյունքն է, որ, ապրելով լիակատար շրջափակման պայմաններում, Արցախի ժողովուրդը կարողանում է գտնել որոշակի սնունդ՝ սովի չմատնվելու համար։ Ցավոք, արդեն տեւական ժամանակ է՝ չունենք մեր նվազագույն մթերքը բնակիչներին հասցնելու, բերքը հավաքելու, սովորական հացը քաղաքացուն հասանելի դարձնելու, հիվանդին հիվանդանոց հասցնելու հնարավորություն։ Այս ամենի մեղավորը հայտնի է Ադրբեջան անունով։ Արցախի ժողովուրդն այստեղ մեղքի բաժին չունի։ Այո՛, ՀՀ-ի ժողովուրդը, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա ֆինանսական աջակցություն է ցուցաբերում Արցախի ժողովրդին, որի համար երախտագիտություն ենք հայտնում, բայց այդ միջոցները շրջափակման ընթացքում օգտագործվել եւ հիմա էլ օգտագործվում են բացառապես Արցախի 40 հազար տեղահանված քաղաքացիներին, 30 հազար երեխաներին եւ շրջափակման ընթացքում աշխատանքից եւ եկամտից զրկված մեր ավելի, քան 50 հազար քաղաքացիների ու ընտանիքների գոյությունը պահպանելու համար»։ Պետնախարարն ասաց, որ պատրաստ է մանրակրկիտ հաշվետվություն ներկայացնել իր՝ պաշտոնը ստանձնելուց հետո ծախսված յուրաքանչյուր դրամի համար․ «Այս ամենը ներկայացնելուց հետո կրկին համոզմունք եմ ներկայացնում, որ Արցախում ստեղծված իրավիճակն Արցախից դուրս կա՛մ չի ընկալվում, կա՛մ կան թյուրընկալումներ»։
Նա հայտարարեց, որ Հայաստանում ընթացող ցույցերը, հանրահավաքները որեւէ տեղից չեն կառավարվում, դրանք այս օրհասական պահին հայ ժողովրդի այլընտրանքային դիրքորոշումը բարձրաձայնելուն եւ լսելի դարձնելուն ուղղված տարագիր արցախցիների գուցե հուսահատ քայլերն են։ «Մենք համոզված ենք, որ ՀՀ ժողովուրդը համաձայն չէ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելուն եւ որեւէ մեկին նման լիազորություն չի տվել, ու հարկ եղած դեպքում պատրաստ ու կարող է հայտարարել դա։ Արցախի ժողովրդի ճակատագիրը կարող է որոշվել միայն Արցախի ժողովրդի կողմից, որեւէ մեկը լիազորված չէ մեր անունից որոշելու մեր ապագան, իսկ Արցախի խաղաղասեր ժողովուրդը պատրաստ է ստանձնել իր բաժին պատասխանատվությունը այդ հակամարտության կարգավորման հարցում»,-ասաց Ներսիսյանը։
Նա դիմելով ՀՀ իշխանություններին՝ հայտարարեց՝
1. Արցախն ու Արցախի ժողովուրդը չեն կարող լինել Ադրբեջանի կազմում
2. Անընդունելի է ՀՀ կողմից Արցախն ու Արցախի ժողովրդին Ադրբեջանի կազմում ճանաչելու ցանկացած բանավոր կամ գրավոր հայտարարություն։ Ինչպես վկայում են տեղի ունեցող իրադարձությունները, դրանք կործանարար են Արցախի համար եւ դրանք նպաստում են Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի նկատմամբ նորանոր հանցանքներ կատարելուն
4․ Տասնամյակներ առաջ ծրագրվող ցեղասպանությունից փրկվելու համար համայն հայության անվերապահ սատարմամբ Արցախի ժողովուրդն օգտվել է ինքնորոշվելու իր միջազգային իրավունքից, ստեղծել է պետություն, կազմակերպել է արդի աշխարհակարգում ընդունված մոդելի պետական կառավարման համակարգ եւ ձեւավորել կայուն, ինքնակառավարվող, միջազգային իրավունքի սկզբունքների ու նորմերի, մարդու հիմնարար իրավունքների եւ ազատությունների հարգման հիման վրա հիմնված հասարակարգ ու իրավակարգ, ուստի, Արցախը չի կարող դիտարկվել Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ, քանի ոչ այն վաղուց կայացած քաղաքական միավոր է
5. Արցախի ժողովրդի ինքնապահպանությունն ու դրա հրամայականով ինքնորոշման իրավունքի իրացումը համայն հայության կամարտահայտությունն է, եւ որեւէ մեկը, որեւէ իշխանություն Արցախի, Հայաստանի եւ աշխարհասփյուռ հայության անունից լիազորված չէ զիջելու Արցախի ժողովրդի իրավունքներն ու ընդունելու որոշում Արցախը հոշոտելուն պատրաստ Ադրբեջանի մաս ճանաչելու մասին։