Արցախը միշտ ինքնավար է եղել, Արցախի մեր ժողովուրդը եկվոր չէ. Արամ Ա
Ազատության հրապարակում հուլիսի 25-ին տեղի ունեցած հանրահավաքում ցուցադրվեց Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի տեսաուղերձը: Նա հայրապետական օրհնություն հղեց հանրահավաքի մասնակիցներին, արցախցիներին՝ վստահեցնելով, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությամբ՝ իր բոլոր կառույցներով, նաեւ Սփյուռքը, արցախցիների հետ է.
«Մեր ժողովրդի բոլոր զավակներին վստահեցնում եմ՝ մենք որպես Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսություն, մեր միաբանությամբ, մեր թևերով, մեր կառույցներով, մարտիկներով և ողջ Սփյուռքը ձեզ հետ է: Մենք քաջ գիտենք, որ Արցախը գտնվում է իր ժամանակակից պատմության ամենաճակատագրական պահին, այս կացության դեմ մենք բոլորս պետք է մեր կամքը, հավատքը ավելի ամրապնդենք և Արցախի ապագայի նկատմամբ մեր տեսլականը միշտ պայծառ պահենք: Անցյալում Արցախը մերն էր, այսօր Արցախը մերն է, և հավատացեք, որ Արցախը միշտ պիտի մնա Արցախի ժողովրդինը, որովհետև մեր ժողովուրդը ողջ պատմության ընթացքում Արցախում էր և իր քրտինքը միախառնել է Արցախի հողին:
Արցախում են գտնվում մեր ժողովրդի արժեքները, սրբությունները, ավանդությունները: Արցախը միշտ ինքնավար է եղել: Արցախի մեր ժողովուրդը եկվոր չէ: Արցախի մեր ժողովուրդը Արցախի ծնունդն է: Պատմության ընթացքում երբեք Արցախը ենթակա չի եղել Ադրբեջանին»: