Դու ի՞նչ կապ ունես այն տարածքների հետ, որի վրա Հայաստանի ինքնիշխանությունը չի տարածվում. Լարիսա Ալավերդյանը՝ Փաշինյանին

Եթե մենք այսօր հավաքվել ենք այստեղ, դա չի նշանակում, որ մեղադրում ենք միայն միջազգային հանրությանը, բայց ով ուզում է հայտարարի, թե Արցախն Ադրբեջանի կազմում է կամ Հայաստանի մաս չէ, մեկ է, այդ անօրինական եւ ոչ լեգիտիմ հայտարարությունները չեն կարող պատնեշ լինել ՄԱԿ-ի բազմաթիվ մարմինների, մեխամիզմների համար, որոնք ինքը պարտավորված է իրականացնել: Այս մասին այսօր՝ հուլիսի 17-ին, Երևանում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց արցախցիների բողոքի ակցիայի ժամանակ նշեց Հայաստանի առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը:
«Այսօր ԼՂՀ-ն չճանաչված, բայց ամբողջովին լեգիտիմ կայացած պետություն է, և որեւէ մեկը չի կարող իր քմահաճույքով չեղյալ հայտարարել ժողովրդի արտահայտած կամքը: ԼՂՀ-ն, չլինելով ՄԱԿ-ի անդամ պետություն, բայց լինելով միջազգային իրավական սուբյեկտ, այնտեղ նույնչափ պետք է պաշտպանվեն մարդու իրավունքները, ինչպես որեւէ ճանաչված երկրում»,-ասաց նա:
Լարիսա Ալավերդյանի խոսքով՝ ՄԱԿ-ն այժմ քողարկում է իր անգործությունը. «ՄԱԿ-ն իր առավելությունները հանձնել է ոմն Շառլ Միշելի, որի հայտարարությունները հակասում են Եվրախորհրդարանի քաղաքականությանը: Եվրախորհրդարանը երբեւէ չի հայտարարել, որ կարող է Ստեփանակերտը հումանիտար օգնություն ստանալ Աղդամով: Էդ քանի՞ եղբայր եք էդ խելքով: Հստակեցնենք. Արցախի Հանրապետությունն ունի իրավական սուբյեկտություն եւ որպես այդպիսին նա պահանջում է, որ ՄԱԿ-ի կողմից նշանակվեն առնվազն 2 հատուկ զեկուցողներ: Մենք պահանջում ենք, որ ՄԱԿ-ը հայտարարի Արցախում մարդու իրավունքների հարցով նոր պաշտոնի ստեղծում: Երկրորդը՝ ՄԱԿ-ն ունի հատուկ զեկուցող ցեղասպանությունների կանխարգելման հարցով: Իսկ Արցախում Ադրբեջանը ստեղծել է պայմաններ, որոնք անհնարին են դարձնում մարդկային խմբի այդտեղ ապրելը: Դա ցեղասպանություն է: Ընդ որում, այդ կոնվենցիայի երրորդ հոդվածով ասվում է, որ պատժելի է ոչ միայն զուտ ցեղասպանությունը, այլեւ ցեղասպանության փորձը, կոչերը:
Արցախի Հանրապետությունը չի եղել, չէ եւ չի լինելու անօրինական ստեղծված միավոր, այն է Ադրբեջանի կազմում:
Ո՞ւր է ՄԱԿ-ի արձագանքը թուրք-ադրբեջանական հանցավոր, ցեղասպանական ագրեսիայի մասին: Մենք պահանջում ենք, որ ցեղասպանական քաղաքականության կրող եւ իրականացնող մարդկանց հանդեպ անպայման ընդունվել եւ կիրառվեն կոշտ սանկցիաներ»,-հայտարարեց Լարիսա Ալավերդյանը:
Նա ընդգծեց, որ ՄԱԿ-ը եւ այդ կառույցի անդամ բոլոր պետությունները պարտավոր են պաշտպանել արցախահայությանը եւ Արցախի լեգիտիմ կայացած ինքնորոշման իրավունքի իրացումը. «Ինքնորոշման իրավունքը ՄԱԿ-ի բոլոր փաստաթղթերում առաջին հոդվածն է, եւ միայն դրանից հետո են գալիս մնացած իրավունքները: Այսօր չկա մի իրավունք, որ չի խախտվում այսօր Ադրբեջանի կողմից՝ միջազգային ատյանների լռությամբ, քիչ է մնում ասեմ մասնակցությամբ: Մենք հստակ պահանջում ենք ՄԱԿ-ից ստեղծել եւ գործի դնել բոլոր այն մեխանիզմները, որոնց մասին շատ գեղեցիկ գրված է ՄԱԿ-ի կայքում, մասնավորապես, երեխաների իրավունքները: Ինչո՞ւ եք ուզում բերել նրան, որ ամեն ինչը բախումնային սցենարներով զարգանա: Իրականացրեք ձեր պարտականությունները, մենք իրականացնելու ենք մեր իրավունքները»,-հայտարարեց Ալավերդյանը:
Սխալ եմ համարում այն մոտեցումը, որ եթե Հայաստանի իշխանությունը ճանաչել է Արցախն Ադրբեջանի կազմում, միջազգային հանրություն ի՞նչ անի. ժամանակին Պոլ Պոտը, լինելով Կամբոջայում ընտրված ղեկավար, կոտորել է իր ժողովրդին: Այդ ժամանակ միջազգային հանրությունը չի ասել՝ Պոլ Պոտն ընտրված է, մենք ինչ գործ ունենք: Հակառակը, դա կոչվել է դեմոցիդ եւ դա միջազգային ուժերով դադարեցվել է: Այս մասին այսօր՝ հուլիսի 17-ին, Երեւանում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանի առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը:
«Մենք պահանջում ենք միջազգային հանրությունից քիչ գլխով անելու ու ասել՝ դե եթե Հայաստանը արդեն ճանաչել է, մենք ի՞նչ անենք: Բա միջազգային ամբողջ պարտականությունները որտե՞ղ մնացին: Մենք եկել ենք դա արտահայտենք: Ուզում է Նիկոլ Փաշինյանը լինի, իր ամբողջ թիմը լինի, ճանաչեն, դա ի՞նչ կապ ունի: Բա միջազգային իրավունքը, միջազգային հարաբերությունները որտե՞ղ մնացին»,-ասաց նա:
Անդրադառնալով Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհով հումանիտար օգնություն տեղափոխելու վերաբերյալ Բաքվի առաջարկին՝ Լարիսա Ալավերդյանն ասաց, որ դա ուղղակի պնդում է, թե Արցախն Ադրբեջանի անքակտելի մասն է. «Դա է ուզում Ադրբեջանն ապահովել: Ուզում է ասել, թե Ադրբեջանն է տերը, ինքը կարող է օգտակար լինել, եւ որեւէ մարդասիրական աղետ չկա: Ուղղակի կա արցախցիների կողի ընկած վիճակ, որ իրենք չեն ուզում արդեն իսկ իրենց պետությունից ստանալ այդ օգնությունը: Սա սրիկայություն է»:
Ինչ վերաբերում է նրան, որ Հայաստանը ճանաչում է Արցախն Ադրբեջանի կազմում, նա ընդգծեց. «Կարող ես ճանաչել, բայց դու ի՞նչ կապ ունես այն տարածքների հետ, որի վրա Հայաստանի ինքնիշխանությունը չի տարածվում: Նիկոլ Փաշինյանի ստորագրությունը նոյեմբերի 9-ի հայտարարության տակ օրինական չէ, որովհետեւ Հայաստանի սուվերենությունը չի տարածվում այն տարածքների վրա, որի տակ ինքը ստորագրել է»:
Նրա խոսքով՝ Եվրոպան անտարբեր է Արցախի հայերի ճակատագրով. «Իրենց հետաքրքրում է երկու բան, մեկը, որ Ռուսաստանը դուրս գա տարածաշրջանից, երկրորդը՝ Իրանը հնարավորինս թուլանա եւ չկարողանա մրցել Թուրքիայի հետ։
Արցախը՝ որպես չճանաչված պետություն, ունի մասնակի միջազգային իրավական սուբյեկտություն, եւ որպես այդպիսին կարող է դիմել որեւէ մեկ ատյանի: Օրինակ՝ ՄԱԿ-ի կանոնադրության մեջ գրված է, որ անկախ նրանից, պետությունը ՄԱԿ-ի անդամ է, թե ոչ, նա կարող է դիմել այն դեպքում, երբ իրեն վտանգ է սպառնում: Մյուս կողմից ՄԱԿ-ի ՅՈՒՆԻՍԵՖ-ի գրասենյակ, բա ո՞ւր եք, բա էդ 30 հազարը երեխա՞ չեն: Մենք պահանջում ենք, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ը անմիջապես սկսի աշխատել այն երեխաների հետ, որոնք գտնվում են Արցախում, այսպես կոչված, շրջափակման մեջ: Դա շրջափակում չէ, դա ցեղասպանական մեթոդ է: Դա ցեղասպանության փորձ է, իսկ փորձը նույնչափ պատժելի է, ինչպեսեւ ցեղասպանությունը»,-ընդգծեց Լարիսա Ալավերդյանը:
Նշենք, որ Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը Facebook-ի իր էջում տեղեկացրել էր, որ Արցախում մեկնարկած համաժողովրդական շարժումը այսօրվանից կծավալվի նաև Հայաստանի Հանրապետությունում. «Առավոտյան ժամը 11։00-ից ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության և Արցախի կառավարության օպերատիվ շտաբի համակարգմամբ կկազմակերպվեն Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ իրազեկման ակցիաներ։ Կոչ եմ անում բոլորին միանալ շարժմանը և մասնակից դառնալ նախատեսված միջոցառումներին.,-գրել էր նա:
Նշենք, որ այստեղից ակցիայի մասնակիցները կուղեւորվեն ՌԴ դեսպանատան մոտ:
news.am