Ես ինչպե՞ս նայեմ թերսնված հղի կնոջ աչքերին, որի երեխան կարող է արատով ծնվել, ինչպե՞ս նայեմ տարեցների և որդեկորույս մայրերի աչքերին. դո՛ւք նայեք. Արցախի ՄԻՊ

Արցախի 7 ամիս շարունակվող ամբողջական շրջափակումը հասել է օրհասական կետի, երբ լրջագույնս վտանգված է 120 հազար մարդու, այդ թվում 30 հազար երեխաների, 20 հազար տարեցների կյանքը: Այս մասին այսօր՝ հուլիսի 14-ին, Ստեփանակերտում կայացած համաժողովրդական շարժման հանրահավաքի ընթացքում հայտարարել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:
«Երբ այլեւս մի ողջ ժողովրդի գլխին կախված են գոյաբանական սպառնալիքներ, որոնք անհերքելի են եւ ընդգծված: Գտնվելով շրջափակման մեջ եւ հունիսի 15-ից ամբողջությամբ կտրվելով հումանիտար հասանելիությունից՝ մեր ժողովուրդը կանգնել է թերսնուցման, սովի, Ադրբեջանի կողմից անթաքույց իրականացվող էթնիկ զտման, բռնի հպատակեցման եւ ցեղասպանության իրականացման անհերքելի սպառնալիքի ներքո:
Այսօր ահազանգի կոչնակը հնչեցնելու հերթական պահն է: Դիմում եմ միջազգային հանրության բոլոր դերակատարներին. Մարդու իրավունքնե՞ր, ասում եք: Ուրեմն՝ ասեք ինձ՝ ես ինչպե՞ս նայեմ այս ժողովրդի աչքերին եւ ասեմ, որ իրենք էլ ունեն իրավունքներ: Ես ինչպե՞ս նայեմ թերսնուցման մեջ գտնվող հղի կնոջ աչքերին, որի երեխան կարող է արատներով ծնվել: Ես ինչպե՞ս նայեմ այն մայրերի աչքերին, որոնց օրվա ամենամեծ երազանքը իրենց երեխայի համար մի բուռ միրգ կամ քաղցրավենիք հայթայթելն է:
Ես ինչպե՞ս նայեմ հերթերում կանգնած հազարավոր մարդկանց աչքերին, որոնք ժամերով հերթ են կանգնում մի բուռ շաքարավազ կամ ձեթ ստանալու համար: Եվ վերջապես ես ինչպե՞ս նայեմ այս հողակտորի համար իր ամենաթանկը տված, զոհված մոր աչքերին, որը ահաբեկված աչքերով նայում է ինձ վախենալով, որ կկորցնի իրեն մնացած վերջին սրբությունը՝ որդու գերեզմանը:
Ես ուզում եմ, որ դո՛ւք նայեք նրանց աչքերին, դո՛ւք պատասխանեք նրանց, որովհետեւ ես այլեւս պատասխաններ չեմ գտնում:
Գեղեցիկ ու շքեղ դահլիճներում մարդու իրավունքներից խոսելը մի բան է, այդ իրավունքների պաշտպանությունը գործնական քայլերով ապացուցելը՝ մեկ այլ բան:
Մտահոգված ենք, խիստ մտահոգված ենք, խորապես մտահոգված ենք, կոչ ենք անում եւ նմանատիպ այլ հայտարարություններ:
Բա՛վ է, հերի՛ք է: Մինչ դուք մերկապարանոց մտահոգություններ եք հայտնում, 120 հազար մարդ մատնվում է անմարդկային զրկանքների»,-ասաց Գեղամ Ստեփանյանը: Նա նաեւ դիմեց ռուս խաղաղապահներին, որոնց 2020 թվականի եռակողմ հայտարարությամբ վերապահվել է Արցախի ժողովրդի կյանքի իրավունքի եւ ֆիզիկական գոյության հիմնական երաշխավորի դերը. «Մեզ խաղաղություն էր խոստացվել: Խաղաղությունը ամեն օր տեղեկագրերում հրադադարի ռեժիմի խախտումների արձանագրումը չէ: Խաղաղությունը ամենօրյա հաց հայթայթելով ֆիզիկական գոյություն քարշ տալը չէ, խաղաղությունը սեփական հայրենիքում պատանդառված եւ ամեն ինչից զրկված լինելը չէ: Խաղաղությունն ամեն օր հոգեբանական հարձակումների եւ մեզ վրա թափվող անորոշություններիը չեն:
Տե՛ր կանգնեք ձեր մանդատին՝ ապահովելու իրական խաղաղություն, ապահովելու բարեկեցիկ կյանք, որ խոստացել եք մեր ժողովրդին ամենաբարձր մակարդակով»:
Նա դիմեց նաեւ Հայաստանի ժողովրդին. «Ինչպես միշտ, այս անգամ էլ կանգնեք ի պաշտպանություն Արցախի, մենակ մի՛ թողեք Արցախում ապրող հային իր սրբագույն երազանքի հետ մեն միայնակ:
Սփյուռքում ապրող քույրե՛ր եւ եղբայրնե՛ր, ձեզնից շատերը իրենց նախնիների օրինակով գիտեն, թե ինչ է նշանակում ցեղասպանվել, հայրենազրկվել, ինչ է նշանակում ապրել հայրենիքից հեռու, հայրենիքի կարոտը սրտում անթեղած: Ձեզ խնդրում եմ, եթե կուզեք, աղաչում եմ՝ վեր ելեք՝ կանխելու հայ ժողովրդի նոր ցեղասպանությունը: Վե՛ր ելեք՝ պարտադրելու աշխարհին գո՛նե այս անգամ պատասխանատվություն ստանձնել հայի ճակատագրի համար:
Մենք չենք կարող լինել Ադրբեջանի կազմում եւ վե՛րջ: Վերջապես հասկացեք: Բոլոր նրանք, որոնք դեռ իլյուզիաներ ունեն այս առիթով, թող պատասխանեն՝ արդյո՞ք հնարավոր էր պատկերացնել հրեաների կյանքը նացիստական Գերմանիայում: Այո՛, Ադրբեջանն այդ նույն նացիստական երկիրն է, որտեղ հասարակությունն ամբողջությամբ ներծծված է հայատյացությամբ:
Ացրախը ապրելու է, հարատեւելու է ի հեճուկս բոլոր չկամների եւ թշնամիների եւ ի փառս համայն հայության»:
Նշենք, որ Արցախում այսօր՝ հուլիսի 14-ին, մեկնարկել է համաժողովրդական շարժումը. Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հազարավոր արցախցիներ են հավաքվել: Շարժման մեկնարկի մասին նախօրեին հայտարարել էր Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը: Հանրահավաքին մասնակցում է նաեւ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
Ավելի ուշ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը հանդես էր եկել տեսաուղերձով եւ հայտարարել, որ միանում է շարժմանը:
Շարժման նպատակն է հասնել Լաչինի միջանցքի ապաշրջափակմանը: