Փրկության միակ տարբերակն ընդդիմանալն է
Գլխավոր » Լրահոս » Փրկության միակ տարբերակն ընդդիմանալն է

Փրկության միակ տարբերակն ընդդիմանալն է

«Արցախի անվտանգության եւ զարգացման ճակատ» հանրային շարժման համակարգող Ռուբեն Վարդանյանն այսօր Ստեփանակերտից առցանց մասնակցել է Հայաստանի 6-րդ Միջազգային բժշկական համագումարի՝ «Սփյուռք-Արցախ-Հայաստան. համագործակցություն» քննարկմանը:

Ներկայացնում ենք հատվածներ նրա ելույթից (ենթավերնագրերը մերն են-Մեդիամաքս):

Փրկության միակ տարբերակը

«Ադրբեջանի կողմից իրականացվող շրջափակումն օրեցօր ավելի է վատթարացնում իրավիճակը, բայց այս իրավիճակը պահանջում է ոչ թե վախենալ կամ իրականությունից փախչել, այլ գիտակցել, որ փրկության միակ տարբերակն ընդդիմանալն է ու գործ անելը»:

Մեսրոպ Մաշտոցն առաջին դպրոցը բացել է Ամարասում

«Արցախը, գտնվելով նման ծանր վիճակում, չի զգում, որ Հայկական աշխարհը հասկանում է իր պարտականություններն ու պատասխանատվությունը, գիտակցում է Արցախի կարեւորությունը ոչ միայն արցախցիների, այլև ամբողջ Հայկական աշխարհի համար: Ուզում եմ հիշեցնել բոլորին, որ Մեսրոպ Մաշտոցն առաջին դպրոցը բացել է Ամարասում, եւ Արցախը ոչ միայն հազարավոր տարիների պատմություն ունի, այլև այն հազվագյուտ վայրերից է, որտեղ պահպանվել են հայկական ինքնության արմատները: Արցախը, Հայաստանը եւ Սփյուռքը փոխկապակցված են, եւ չի կարող մեկը պահպանվել առանց մյուսի»:

Չդառնալ փախստական

«Ադրբեջանը հետեւողականորեն անում է ամեն ինչ, որ այստեղ մարդիկ հիասթափվեն, հուսահատվեն, չհավատան, որ կարող են ապրել իրենց հայրենիքում: Փորձում է մարդկանց կոտրելով իր կամքը պարտադրել կամ ստիպել նրանց դուրս գալ Արցախից եւ դառնալ փախստական:

Եթե մենք չկարողանանք հավաքել մեր մտքերը, չկարողանանք ուժեղացնել մեր ոգին, եթե չկարողանանք մեր կամքը ցույց տալ եւ հասկանալ, որ որքան էլ մենք փոքր լինենք, կարող ենք ուժ ներկայացնել եւ ցուցաբերել մեր հետեւողականությունը, որ պատրաստ ենք պայքարել մինչեւ վերջ, պահպանել մեր հայրենիքը, եւ այդ պայքարը նշանակում է ոչ միայն զենքով պաշտպանել հայրենիքդ, այլ ամեն ուղղությամբ՝ կրթության, մշակույթի, առողջապահության մեջ լավագույնը դառնալով, մարդկանց սննդի, կենսագործունեության համար երկարաժամկետ լուծումներ ապահովելով, չենք կարող երկիր ունենալ»:

mediamax.am

1