Մարտը սկսված է, բոլորս զինվոր ենք
Յուրաքանչյուր ոճրագործություն, անշուշտ, արժանի է իր օրինական դատաստանին, հատկապես՝ եթե այն իրագործվել է ոչ թե մեկ մարդու, այլ մի ամբողջ ժողովրդի հանդեպ, իրագործվել է ամենավայրագ ու մարդկային երևակայութունից դուրս ձևերով: Նման ոճրագործությունները ոչ այլ ինչ են, եթե ոչ՝ ցեղասպանություն: Ցեղասպանություն ապրած ազգի համար անչափ կարևոր է իր հանդեպ գործած հանցանքի ճանաչումը, հատկապես այն երկրի կողմից, ում ձեռքով իրականացվել է:
Հայերիս համար ցեղասպանություն եզրույթը 100 եւ ավելի տարիների վաղեմություն ունի արդեն, քանզի տարբեր պատմական ժամանակներում հայերի ջարդ իրականացրած Թուրքիան շարունակում է մնալ անդատաստան, ավելին՝ իրեն հատուկ կեղծարարի հմտությամբ փորձում է թոզ փչել քաղաքակիրթ աշխարհի աչքերին:
Անպատժելիության հետեւանքը եղավ Բաքուն, Սումգայիթը, Մարաղան, քանզի Թուրքիայի եղբայրակից Ադրբեջանը քաջ գիտակցում էր, որ կարելի է մի ամբողջ ազգ կոտորել, բայց մնալ անպատիժ, պատմական իրողությունը ներկայացնել այլ կերպ, ցինիկ հայտարարություններ անել, լվանալ ձեռքերն ու ապրել քաղաքակիրթ ազգի դիմակով:
Ղարաբաղյան պայքարը կանխեց դեռեւս 100-ից ավելի տարիներ առաջ սկսված ցեղասպանությունը, որը պիտի շարունակվեր Արցախում:
Հազարավոր մարդիկ պահանջատեր են, որովհետեւ մինչ օրս ոճրագործություններին համապատասխան գնահատական այդպես էլ չի տրվել, իսկ չդատապարտելը, անշուշտ, պարարտ հող է նոր ոճիրների համար:
Ցեղասպանությունների ճանաչման, դատապարտման ու հատուցման հարցում նշանակալից են քարոզչական աշխատանքները, որոնք պետք է կատարվեն ամեն օր, անխոնջ ու անդուլ, քանզի թուրքական եւ ադրբեջանական քարոզչամեքենանները շարունակում են ձեռք ձեռքի տված խեղաթյուրել պատմությունը, աշխարհով մեկ ներկայացնել իրենց <<անմեղությունը>>, խոսում են իբր հայերի ձեռքով իրականացրած ջարդերի մասին, բարբաջում են Խոջալուի <<ցեղասպանություն>> եւ նման այլ զառանցանքներ, որոնք շատ հաճախ ժխտվում են հենց իրենց իսկ պատմաբանների կողմից:
Պատմությունն անհնար է ջնջել, մաքրել, տեղը գրել այն, ինչ ցանկանում ես, ինչ ձեռնտու է:
Թուրքիայի եւ Ադրբեջանի հայասպան քաղաքականությունը շարունակվում է նաեւ այսօր: Օրինակները շատ են, անպատժելիությունը՝ փաստ:
Այսօր աշխարհի տարբեր երկրներում տեղի են ունենում 1915 թվականի Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառումներ, իսկ Հայոց ցեղասպանության համահայկական հռչակագիրն արտահայտում է ՀՀ եւ համայն հայության պահանջատիրությունը:
Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների մեկնարկին շատ կարևոր է խոսել նաեւ ցեղասպանության հետեւանքների, նրա շարունակական էջերի եւ այսօրվա իրականության մասին: Զգոնություն է պետք ՝ չեզոքացնելու թուրքական եւ ադրբեջանական հակահայկական լոբբին:
Այսօր երկու ոճրագործ պետությունները շփոթահար են, նրանք նոր առիթներ են որոնում՝ շեղելու իրավիճակը, քաղաքական խաղեր են մոգոնում, Գալիպոլիի ճակատամարտեր հորինում, ուժեղացնում ադրբեջանա-ղարաբաղյան սահմանային լարվածությունը: Սա էլ բնական է, սա էլ թուրքի ու նրանից ոչնչով չտարբերվող եղբայրակցի վարքագիծ է, քանզի նրանք նույն <<քաղաքակիրթ>> հանցագործներն են: Նրանց խաղերը միշտ կեղտոտ են, նրանց պատմությունն իսկ արդեն աղտոտված է:
Ցեղասպանության 100-ամյակի շեմին՝ <<հիշում եմ եւ պահանջում>> կարգախոսով սկսած պայքարում բոլորս զինվորներ ենք: Մարտը սկսված է, նահանջի հրաման չի լինելու:Հաղթանակը կոչվում է արդարություն:
Խմբագրական, մարտի 4, 2015թ.