Ադրբեջանին ընդամենը պատրվակներ էին պետք Արցախը մեկուսացնելու և Հայաստանի հետ կապող ճանապարհը փակելու համար. Գուրգեն Ներսիսյան

Այս մասին հուլիսի 6-ին՝ Հայաստան-Արցախ հեռուստակամուրջ-ասուլիսի ժամանակ հայտարարեց Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման առանցքային դեպքերի մանրամասներին: «Ճանապարհը փակելուց հետո մենք նորից ենք վերահաստատել, որ խաղաղապահների միջնորդությամբ ու մասնակցությամբ կարող ենք կազմակերպել այցելություն Կաշենի հանքավայր, սակայն դրան զուգահեռ պետք են երաշխիքներ, որ ճանապարհը կբացվի: Օրինակ՝ դա կարելի էր անել զուգահեռաբար, սակայն այդպես էլ նման երաշխիքներ չեն տրվել, ու իրականում Ադրբեջանին պետք էլ չէր, քանի որ այն նպատակը, որը հետապնդվում էր՝ ճանապարհի փակումը, արդեն արված էր»,-ընդգծեց պետնախարարը:
Նրա խոսքով՝ թեև այդ իրավիճակի հետ գազամատակարարումը և էլեկտրամատակարարումը որևէ առնչություն չունեին, այդուհանդերձ, Ադրբեջանը դադարեցրեց Հայաստանից Արցախ գազի ու էլեկտրաէներգիայի մատակարարումը:
«Երկու դեպքում էլ ընդհատումը տեղի ունեցավ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում, որտեղ արցախյան կողմը հասանելիություն չուներ: Մի քանի անգամ միջազգային հորդորներից հետո Ադրբեջանը վերականգնել էր գազամատակարարումը, իսկ այն պահից սկսած, երբ Հաագայի դատարանը նշեց, որ բավարար ապացույցներ չեն ներկայացվել գազի ու էլեկտրաէներգիայի մատակարարման դադարեցումը որպես Ադրբեջանի գործողությունների հետևանք հավաստելու համար, Ադրբեջանը դրանով ոգևորվեց և վերջնականապես զրկեց Արցախին Հայաստանից մատակարարվող գազից ու էլեկտրաէներգիայից»,-ասաց Ներսիսյանը՝ հավելելով, որ այդ ողջ ընթացքում արցախյան կողմը բոլորին ներկայացրել է, որ այս ամենը ընդամենը պատրվակ է, և Ադրբեջանի իրական նպատակը Արցախի ժողովրդին մեկուսացնելն ու Հայաստանի հետ կապից զրկելն է:
Ըստ պետնախարարի՝ որոշակի ժամանակ ճանապարհը փակ պահելը հանգեցրեց նրան, որ դադարեցվեց Կաշենի հանքավայրի գործունեությունը, հանքանյութի արտահանումը: Կազմակերպությունը նույնիսկ հայտարարեց, որ դադարեցնում է գործունեությունը՝ միջազգային փորձագետներին ընձեռելով բնապահպանական բոլոր ուղղությունները հետազոտելու հնարավորություն: «Թվում էր, թե ադրբեջանական կողմի համար իրավիճակը հանգուցալուծված է՝ ճանապարհն այլևս փակ պահելու անհրաժեշտություն չկա, նպատակը, որն Ադրբեջանը հետապնդում էր, արդեն իրագործված է: Բայց իրականում, ոչ: Ադրբեջանն առաջ քաշեց Արցախը Հայաստանին կապող ճանապարհին սքաներ սարքի տեղադրման հարցը՝ այս անգամ պատճառաբանելով, որ իբր Հայաստանից Արցախ զենք է տեղափոխվում, ինչը կանխելու համար պետք է սքաներ տեղադրել: Թեև դա նախատեսված չէր եռակողմ հայտարարությամբ, և Արցախը Հայաստանին կապող ճանապարհը պետք է գտնվեր բացառապես Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների վերահսկողության տակ, իսկ երաշխիքը, որ կողմերը չեն կատարի եռակողմ հայտարարությամբ արգելված որևէ գործողություն, նույնպես պետք է լինեին Ռուսաստանի Դաշնության խաղաղապահները: Այդուհանդերձ, իրավիճակը հասավ մի կետի, երբ, որպեսզի մեր պնդումները հավաստի ընդունվեին, որ Հայաստանից Արցախ զենք չի բերվում, հնարավոր ճանաչվեց նաև ճանապարհը սքաներ սարքով վերահսկելը»,-մանրամասնեց Արցախի պետնախարարը՝ նշելով, որ Ադրբեջանը հայտարարեց, թե սքաներ սարքը պետք է գործի ոչ թե խաղաղապահների, այլև ադրբեջանցիների կողմից՝ կառավարվելով որոշակի հեռավորությամբ տեղադրված խցիկում ծառայություն իրականացնողների միջոցով:
Այնուհետև տեղադրվեց անցակետ, սքաներ սարք, և սկսվեցին ԿԽՄԿ-ի և ռուս խաղաղապահների միջոցով բեռնափոխադրումների, քաղաքացիական անձանց ստուգումներ: «Բնապահպանական խնդիրների պատրվակով սկսված և յուրաքանչյուր տասը օրը մեկ տրանսֆորմացիայի ենթարկող քաղաքականությունն իրականում իր անհրաժեշտ արդյունքը չէր տալիս: Արցախի ժողովուրդը չէր կոտրվում, օգնություն չէր մուրում և համբերատար հետևում էր, թե երբ խելքի կգա միջազգային հանրությունը, և ի վերջո երբ կտեսնի այն իրականությունը, ինչ կատարվում է: Բայց, քանի որ դա վտանգավոր էր Ադրբեջանի համար, ծագեց հնարավորինս արագ Արցախի ժողովրդին բանակցային սեղանի շուրջ տեղափոխելու և իրենց պայմանները թելադրելու ու պարտադրելու կարիք: Սրանից լավ իրավիճակ չէր կարող լինել՝ տևական շրջափակում, հանրության տրամադրությունների անկում, դժվարություններ, խնդիրներ, մտահոգություններ, իսկը ժամանակն էր զիջումներ պարտադրելու: Անմիջապես սկսվեցին Բաքու այցելելու հրավերներ, վերաինտեգրման մասին հայտարարություններ, նախազգուշացումներ, սպառնալիքներ», — փաստեց պետնախարարը՝ ընդգծելով, որ այս ամենին զուգահեռ շփման գծի ողջ երկայնքով ադրբեջանական կողմից անընդհատ կրակում էին, խափանում գյուղատնտեսական աշխատանքները, տեղի են ունենում դաշտում աշխատող գյուղացիներին թիրախավորելու, գյուղտեխնիկան շարքից հանելու, ոստիկանության ծառայողների սպանության, սպանության փորձի, մեր ժողովրդի կյանքի իրավունքն ապահովող անձանց վիրավորելու և սպանության դեպքեր: