ՀՀ քաղաքացիներն իրենց սահմանադրական իրավունքով կքրեականացնեն Արցախն այլ պետության մաս ճանաչելը․ «ՀայաՔվե»

ՀՀ-ում սկսվել է աննախադեպ նախաձեռնություն, երբ ՀՀ քաղաքացիների ձայների ուժով նախատեսվում է օրենսդրական փոփոխություններ կատարել ՀՀ օրենքում։ Օրենսդրական փոփոխությունները ԱԺ կմտնեն համապատասխան քանակի ստորագրությունների առկայության դեպքում։
ՀանրաՔվեի մասին ՀՀ Սահմանադրական օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքացիական նախաձեռնության կարգով Ազգային ժողովին օրենքի նախագիծ առաջարկելու կամ ընդունած օրենքում փոփոխություն կատարելու օրենքի նախագիծը հանրաքվեի դնելու համար կազմավորվում է առնվազն 25 քաղաքացուց բաղկացած նախաձեռնող խումբ։
Օրենսդրական փոփոխություններն առաջարկվել է կատարել «ՀայաՔվե» քաղաքացիական նախաձեռնության կողմից, երբ հունիսի 12-ին նախաձեռնության 66 անդամներ օրենսդրական փոփոխությունների փաթեթը ներկայացրել են ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով։ «ՀայաՔվե» նախաձեռնությունը համակարգում է Ավետիք Չալաբյանը, իսկ նախաձեռնության լիազոր ներկայացուցիչը Արամ Պետրոսյանն է։
Նախաձեռնող խումբը հիմնվում է ՀՀ Անկախության հռչակագրի, ՀՀ Սահմանադրության և ՀՀ Գերագույն խորհրդի 1992թ. հուլիսի 8-ի որոշումների վրա և պահանջում է է քրեականացնել՝ Արցախը ՀՀ անունից այլ երկրի կազմում ճանաչելու գործողությունները, ինչպես նաև քրեականացնել Հայոց ցեղասպանությունից հրաժարվելը՝ վերահաստատելով, որ Արցախի ու Հայաստանի հանրապետությունների միավորումը և Հայոց ցեղասպանության ճանաչումը մեր պետության կողմից սահմանված անժամկետ համազգային նպատակներն են:
«ՀայաՔվե» քաղաքացիական նախաձեռնությունը պահանջում է օրենսդրությամբ ամրագրել, որ Հայաստանի Հանրապետության անունից Արցախը այլ պետության մաս ճանաչող պաշտոնատար անձը պատժվում է 10-15 տարի ազատազրկմամբ: Նույն պատիժը սահմանվում է Հայոց ցեղասպանությունից հրաժարված պաշտոնատար անձի համար:
Հունիսի 20-ին ՀՀ ԿԸՀ կողմից հաստատվել է «ՀայաՔվե» նախաձեռնող խմբի դիմումը և ստորագրահավաքի ժամկետ սահմանվել հունիսի 21-ից օգոստոսի 19-ը։ Ստորագրահավաքի պաշտոնական մեկնարկը նախաձեռնող խմբի կողմից տրվել է հունիսի 29-ին։
Ստորագրահավաքին մասնակցելու համար 18 տարին լրացած ՀՀ քաղաքացիները պետք է ստորագրեն տեղական ինքնակառավարման մարմինների հաստատություններում՝ մարզպետարանում, համայնքապետարանում, թաղապետարանում՝ ստորագրությունը հաստատելով անձնագրային տվյալներով:
ՀՀ Սահմանադրության 109-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանվում է, որ ընտրական իրավունք ունեցող առնվազն 50.000 քաղաքացի ունի ԱԺ-ում քաղաքացիական նախաձեռնության կարգով օրենքի նախագիծ առաջարկելու իրավունք։ Այսինքն՝ նախաձեռնող խումբն ունի 60 օր ժամանակ 50 000 ստորագրություն հավաքելու համար, որից հետո օրինագիծը պարտադիր կարգով մտնելու է ՀՀ ԱԺ օրակարգ և դրվելու է քվեարկության։
Եթե ՀՀ ԱԺ-ն դեմ արտահայտվի 50 000 քաղաքացիների դիմումին և մերժի նախագիծը, ապա նախաձեռնող խումբը պետք է հավաքի ևս 300 000 ստորագրություն, որից հետո նախագիծը դրվելու է հանրաքվեի։
ՀանրաՔվեի արդյունքում անհրաժեշտ ձայներ հավաքելուց հետո նախագիծը անմիջապես հրապարակվում է որպես օրենք, որը հետագայում կարող է փոփոխության ենթարկվել միմիայն նոր հանրաքվեի միջոցով։
«ՀայաՔվե»-ին մասնակցած բոլոր քաղաքացիները պարտադիր կերպով մասնակցության հավաստագիր են ստանում։
Ինչպես նշեցինք, ըստ օրենքի՝ ստորագրահավաքը պետք է անցկացվի բացառապես ՀՀ ՏԻՄ հաստատություններում, սակայն ինչպես նախաձեռնող խումբն է հայտարարել, ՀՀ իշխանությունները փորձել են արհեստական խոչընդոտներ ստեղծել նախաձեռնության իրականացման համար՝ հրաժարվելով ՏԻՄ հաստատություններում սենյակներ տրամադրելուց։
Այս պահին նախաձեռնությունը շարունակվում է ոչ միայն մայրաքաղաք Երևանում, այլ նաև ՀՀ մարզերում։
Հավելենք, որ նախաձեռնությանը կարող են մասնակցել նաև Արցախի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ունեն նույնականացման քարտ։
Նույնականացման քարտով ստորագրահավաքին մասնակցելու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով, նույնականացման քարտով մուտք գործել համակարգ և ստորագրել առցանց։