Հիշում ենք ու խոնարհվում․ Արտակ Իշխանյանի ծննդյան 30-ամյակն է
Հարգանքի տուրք ու խոնարհում՝ Արտակ Իշխանյանի 30-ամյակին։ Հուլիսի 3-ին լրանում է Արտակ Իշխանյանի ծննդյան 30-ամյա տարելիցը։ 1993թ․ հենց այս օրն է Մարտունու շրջանի Աշան գյուղում ծնվել ՀՅԴ և ուղեկից կառույցների շարքերում պատանեկան տարիներից ակտիվ գործունեություն ծավալած Արտակ Իշխանյանը։
Հարազատ գյուղի հուշահամալիրում նրա հիշատակին կազմակերպվել է հուշ-ցերեկույթ։ Ելույթ են ունեցել Աշանի Անիթա Հովսեփյանի անվան դպրոցի սաները, ՀՅԴ երիտասարդական ու պատանեկան միությունների, ՀՄԸՄ Արցախի միավորի անդամներ։
Իր խոսքում ՀՅԴ ԱԵՄ-ի Կենտրոնական վարչության անդամ Տիրուհի Գասպարյանը նշել է, որ հոգու մեծ կսկիծով են այսօր շնորհավորում սիրելի ընկերոջ ծննդյան 30-ամյակը, գլուխ խոնարհում նրա անմար հիշատակի առջև․
«Սերն առ հայրենիք կիսատ չի լինում. կա՛մ սիրում են, կա՛մ՝ ոչ։ Հայրենիքի հարատևման համար մեր հայորդիները մշտապես ստիպված են եղել պատերազմել թշնամու դեմ։ Այդ իսկ պատճառով ոչ ոք չգիտի խաղաղության գինն այնքան լավ, որքան որ մենք։ Ինչպես Արցախի հերոս Ալեն Մարգարյանն է ասել. «Պատերազմն աշխարհի ամենաբարձրաճաշակ սիրահարն է. այն միշտ տանում է լավագույններին»։ Այդ լավագույններից էր նաև Արտակ Իշխանյանը»։
ՀՅԴ պատանեկան, երիտասարդական միությունների դպրոցով անցած Արտակ Իշխանյանն իր երդմանը հավատարիմ մշտապես ծառայել է Դաշնակցության գաղափարներին։ Նա կենացներում լուռ էր, իսկ ՀՅԴ Արցախի երիտասարդական միության, կուսակցության ու Հայ մարմնակրթական ընդհանուր միության Արցախի մեկուսի մասնաճյուղի շարքերում՝ մշտապես համախմբողի և ոգևորողի դերում։
Միջոցառման ընթացում ՀՅԴ Արցախի երիտասարդական միության անդամ Մարթա Չիլինգարյանն արտասանել է Արտակ Իշխանյանի հիշատակին նվիրված իր հեղինակային բանաստեղծությունը։
ՀՄԸՄ-ի Արցախի մեկուսի մասնաճյուղի մի խումբ անդամներ համալրել են խմբապետերի շարքը՝ երդման համար ընտրելով խորհրդանշական վայր ու օր՝ մասնաճյուղի վարչության անդամ Արտակ Իշխանյանի հայրենի գյուղն ու նրա ծննդյան օրը։ Հայ Մարմնակրթական ընդհանուր միության Արցախի մեկուսի մասնաճյուղի Կենտրոնական վարչության ատենապետ Դավիթ Գրիգորյանի համար դժվար էր խոսք փոխանցելը, որովհետև Արտակն իր ու իր ընտանիքի համար հարազատ անձնավորություն էր։
«Արտակը լուռ տեսակ էր. նա գործով էր ապացուցում իր մարդ տեսակը։ Չէր սիրում բողոքել, բամբասել, լուռ կատարում էր իր առջև դրված պարտականությունը։ Նա մեծ ներդրում ունի ՀՄԸՄ-ի Արցախի միավորի կազմավորման գործում, ու ինձ բախտ է վիճակվել 2019թ․ նրա հետ Արցախում այս կառույցի հիմքը դնելու»,- նշել է նա։
Աշանի դպրոցի տնօրեն Մխիթար Շինդյանը, համբերություն մաղթելով բոլոր նահատակների ընտանիքներին ու հարազատներին, նշել է, որ Արտակն իր ընկերների հետ միասին իր կյանքը տվել է, որ գոնե այս իրավիճակում կարողանանք ապրել այս հողի վրա։
«Դեռևս հստակություն չկա, ամեն ինչ մշուշոտ է, բայց տեսնելով մեր երիտասարդներին, աշակերտներին՝ վստահաբար նայում ենք դեպի ապագան ու հույս պահում, որ ամեն ինչ կընկնի իր տեղը, որովհետև մենք իրավունք չունենք թողնելու, որ թափված արյունն իզուր անցնի»։
Արտակ Իշխանյանի ծննդյան օրվա առթիվ կազմակերպվել է նաև հրաձգության մրցույթ։ ՀՅԴ Արցախի պատանեկան միության, ՀՄԸՄ-ի Արցախի միավորի անդամներից ու Աշան գյուղի դպրոցականներից լավագույն արդյունքներ գրանցած մասնակիցները պարգևատրվել են պատվոգրերով։
Արտակը նահատակվել է 2020թ. հոկտեմբերի 31-ին՝ Մարտունի քաղաքի մոտակայքում, անօդաչուի հարվածից։ Նահատակված 7 տղաների մարտական դիրքը վեր է ածվել սրբատեղիի, կանգնեցվել է խաչքար-հուշարձան, իսկ շրջակայքը բարեկարգվել է ու խնամվել։