Ո՞վ է պատասխանատու ստեղծված իրավիճակի համար
Գլխավոր » Լրահոս » Ո՞վ է պատասխանատու ստեղծված իրավիճակի համար

Ո՞վ է պատասխանատու ստեղծված իրավիճակի համար

Պատգամավոր Մարսել Պետրոսյանի հայտարարությունը՝ հունիսի 29-ին կայացած ԱՀ խորհրդարանի նիստի ժամանակ.

«Բոլորիդ քաջ հայտնի է, որ վաշինգտոնյան եռակողմ հանդիպումից հազիվ երեք ժամ անց Ադրբեջանը հերթական սադրանքն է իրականացրել Արցախի ժողովրդի հանդեպ: Դժվար է ասել՝ դա հստակ պատվե՞ր, անմտությո՞ւն, թե՞ ծրագրավորված հեռահար նպատակ հետապնդող նախաձեռնություն էր: Այսպես թե այնպես այս սանձարձակ գործողությունն ունեցել է նախապատրաստական գործընթաց, որին ուշադրություն չենք դարձրել: Նախ այդ երկրի արտաքին գործերի նախարարն է հայտարարել, որ հրաժարվում են երաշխավորել Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքներն ու անվտանգությունը, ապա այն լրացրել է պաշտպանության նախարարը՝ շեշտելով Արցախի զինուժի չեզոքացման հետ կապված Ադրբեջանի հնարավորությունների մասին: Մենք այս և նման հայտարարությունների տողատակերում խլրտացող վտանգները գնահատելու ունակություն չդրսևորեցինք, ինչպես սովորաբար: Արդյունքում ունենք այն, ինչ ունենք, իսկ արդյունքն ավելի քան ողբերգական է, որովհետև ունենք զոհեր:

Մեր խաղաղ բնակչությունն ամենևին էլ երաշխավորված չէ, որ առաջիկայում կբացառվեն նման սադրանքները: Չուսումնասիրելով 44-օրյա պատերազմի հետեւանքները, չգնահատելով այն, չմշակելով հետագա գործողությունների, կոնկրետ քայլերի իրականացման ծրագիր՝ մենք շարունակում ենք ընթանալ իրադարձությունների ետևից՝ բացառելով որևէ նախաձեռնություն մեր կողմից: Երկու տարի ինն ամիսների ընթացքում որևէ դրական տեղաշարժ ոչ միայն չի գրանցվել, այլև օր օրի իրավիճակն ավելի է վատթարացել ու շարունակում է վատթարանալ, որի համար որևէ պաշտոնյա պատասխանատվություն չի կրել, չի կրում և նախանշաններ անգամ չկան, որ երբևէ կրելու է: Ո՞վ է պատասխանատու ստեղծված իրավիճակի համար, մինչև ե՞րբ ենք մարդկանց կերակրելու պատրանքներով, կեղծ թեզերով, օրակարգերով՝ շահարկելով նրանց անկեղծ ու մաքուր զգացմունքները, ո՞րն է առաջ ընթանալու մեր օրակարգը, որո՞նք են մեր կողմից արվելիք այն քայլերը, որոնք կարող են տանել տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը, մեր ժողովրդի համար բարեկեցիկ կյանքի հիմքերի հաստատմանը:

Այս մասին Արցախի հանրությունն անտեղյակ է, անտեղյակ է նաև, թե ով կամ ովքեր են պատասխանատվություն կրում բոլորիս բաժին հասած մեծ ու փոքր այս ողբերգությունների համար, որոնք հարցականի տակ են դնում Արցախի ու նրա բնակիչների ֆիզիկական գոյությունը: Եվ վերջապես Արցախի ժողովուրդը հայտնվել է մի այնպիսի հորձանուտում, որը հնարավորություն չի ընձեռում կողմնորոշվելու՝ մենք ընդունո՞ւմ ենք ադրբեջանական կողմի մարտահրավերը և շարունակո՞ւմ ենք զինված պայքարը, միջազգային հանրության պահանջով դիմո՞ւմ ենք երկխոսության, թե՞ ամեն ինչ թողնում ենք բախտի քմահաճույքին՝ շարունակելով քնած մնալ ուղտի ականջում: Արցախի անվտանգության երաշխավորի բացակայության ներկա պարագայում ո՞վ կամ ովքե՞ր են պատասխանատվություն կրում Արցախում ստեղծված իրավիճակի համար, ժողովուրդը պարտադիր կարգով պետք է ստանա այս հարցի պատասխանը՝ հետագայում ճիշտ կողմնորոշվելու և որոշելու իր քայլերը»:

1