Սահմանադրական փոփոխությունը խնդրի լուծումը կարգավորում է մինչև 2025թ. գարուն
Գլխավոր » Լրահոս » Սահմանադրական փոփոխությունը խնդրի լուծումը կարգավորում է մինչև 2025թ. գարուն

Սահմանադրական փոփոխությունը խնդրի լուծումը կարգավորում է մինչև 2025թ. գարուն

ԱՀ ԱԺ ՀՅ Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանի հայտարարությունը՝ հունիսի 29-ի հերթական նիստի ժամանակ.

«Երեկ Ազգային ժողովն ընդունեց Սահմանադրության մեջ լրացումներ կատարելու մասին որոշումը: Դրանով փաստորեն մենք կարող ենք գտնել իրավական, քաղաքական կամ ֆորսմաժորային այլ իրավիճակներում հիմնական հուզող հարցի պատասխանը, և երկիրն այլ ընթացք չի ունենա, զարգացումները օրինական դաշտում կլինեն: Փոփոխության հարցը կարգավորում է նշված խնդրի լուծումը մինչև 2025թ. գարուն: Ազգային ժողովում խորհրդակցության ժամանակ երեք քաղաքական ուժերի մեջ կար կոնսեսուս՝ անդրադառնալ արդեն Ազգային ժողովում գտնվող Սահմանադրության ընդհանուր փաթեթի քննարկմանը և ընդհանրապես դրա ճակատագրին, որովհետև Սահմանադրության ընդհանուր փաթեթի քննարկումը նշված բոլոր հարցերի պատասխանը կարգավորում է ոչ միայն հիմա, այլև 2025թ. հետո: Աշխատանքային խորհրդակցության ժամանակ խոսվեց այն հարցի մասին, որ մինչ այդ կարիք կա հանրաքվեի մասին օրենքում և ընտրական օրենսգրքում փոփոխություն կատարելու։ Իշխող խմբակցության կողմից ասվեց, որ կառավարության հետ միասին կքննարկեն ու այդ հարցերին կաշխատեն լուծում տալ:

Հումանիտար աղետի եզրին գտնվող Արցախում նման հարցի քննարկումն առաջին հայացքից կարող է ժամանակավրեպ թվալ, բայց Ազգային ժողովը քաղաքական օրենսդիր մարմին է, և հենց Ազգային ժողովից է կախված լինելու 2025թ. հետո կունենա՞նք այն իրավակարգավորումները, որոնք հնարավորություն կտան երկիրը այդ ռիսկերից հեռու պահելու: Նման սահմանադրական փաթեթ չընդունելը նշանակում է ռիսկի տակ դնել այն, որ գործող նախագահը և գործող խորհրդարանը կարող են լինել այս պետության վերջին խորհրդարանն ու նախագահը:

Ըստ իս, Ազգային ժողովը հենց դրանով պիտի զբաղվի: Մյուս սոցիալական, այլ հարցերը շատ կարևոր են, և ես գնահատում եմ, որ պատգամավորները ուժերի ներածին չափով դրան միշտ անդրադառնում են, փորձում են այդ խնդիրները լուծել, բայց Ազգային ժողովի հիմնական առաքելությունն այն է, որ թույլ չտա այն իրավակարգավորման բացակայությունը, որը ֆորսմաժորային իրավիճակում երկիրը կհասցնի կոլապսի, և դրան իրավական լուծում չի լինի: Մեկ անգամ ևս գոհունակություն հայտնելով, որ հարցին ժամանակավոր լուծում է տրվել, առաջարկում եմ սեպտեմբերից, եթե պետք է, արտահերթ քննարկենք այս հարցը ու կդառնանք մեր հիմնական ֆունկցիան կատարած»:

1