Շարունակելու ենք պահպանել կրթության գերակայությունը. Նորայր Մկրտչյան
Արցախի շրջափակումը բազմաթիվ խնդիրներ է ստեղծել յուրաքանչյուր ոլորտի համար։ Այն հատկապես իր բացասական ազդեցությունն է ունեցել կրթության ոլորտի, մասնավորապես՝ ուսումնական գործընթացի կազմակերպման վրա։ Այս բոլոր դժվարություններով հանդերձ, ուսումնական տարին մոտենում է ավարտին։
Կրթության ոլորտում առկա խնդիրների, դրանց լուծումների և սպասվող բարեփոխումների մասին «Ապառաժ»-ը զրուցել է ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Նորայր Մկրտչյանի հետ։
-Պարոն Մկրտչյան, շուտով կլրանա ձեր պաշտոնավարման 100-րդ օրը։ Ռազմական ու կրթական ոլորտները միմյանց հետ սերտ փոխկապակցված են, սակայն, այնուամենայնիվ, ավելի քան 30 տարի ռազմական ոլորտում գործունեություն ծավալելուց հետո, ինչպիսի՞ զգացողություններ ունեք կրթության ոլորտի պատասխանատու պաշտոնում նշանակվելուց հետո։
— Չնայած բավական երկարատև ժամանակահատված անցկացրել եմ զինված ուժերի շարքերում, սակայն երբևիցե չեմ կտրվել կրթական ոլորտից։ Ծառայության բերումով մշտապես համագործակցել ենք, և փոքրիշատե քաջատեղյակ էի բոլոր երևույթներին ու գործընթացներին, որոնք առկա են ԿԳՄՍ նախարարությունում, ուստի ինձ համար, կարելի է ասել՝ նորություն պարունակող ոչինչ չկար, սակայն բավականին ժամանակ էր պետք, որպեսզի լիարժեքորեն ծանոթանամ ոլորտին։ Եթե միայն նախարարության անվանումից հետևություն կատարեք, պիտի հասկանաք՝ ինչպիսի լայն դաշտ ունի՝ բարձրագույն կրթություն, գիտություն, հանրակրթություն, մշակույթ և սպորտ։ Այս բոլոր ուղղություններում մենք ձեռնարկում ենք և մինչև իմ նշանակումը ձեռնարկվում էին լայնածավալ քայլեր, որոնք վերջին հաշվով պիտի էապես ազդեին այս բոլոր ոլորտների որակական առաջընթացին։ Ճիշտն ասած, չեմ հաշվել, թե որերորդ օրն եմ զբաղեցնում այս պատասխանատու պաշտոնը, սակայն հավաստիացնում եմ, որ իմ ուժերի ներածին չափով և դեռ ավելին անելու եմ, որպեսզի իմ ղեկավարած գերատեսչությունն իր ամբողջ անձնակազմով, իր ենթակա կառուցվածքային ստորաբաժանումներով հասնի հաջողությունների այս պատասխանատու ոլորտում։
— Ձեր պաշտոնավարումը համընկել և շարունակում է Արցախի Հանրապետության համար ծանր ժամանակաշրջանի հետ։ Բազմաթիվ դժվարություններով հանդերձ՝ ուսումնական տարին գրեթե մոտենում է իր ավարտին։ Ինչպե՞ս կամփոփեք այն։
— Տարին, ինչպես և հետպատերազմյան տարիները, եղել է բավականին բարդ, լեցուն տարբեր իրադարձություններով։ Ինչպես գիտեք, 44-օրյա պատերազմից հետո անմիջապես վրա հասավ հետպատերազմյան ծանր փուլը, որի բացասական հետևանքներն առ այսօր առկա են թե՛ հոգեբանական դաշտում, թե՛ ուսումնադաստիարակչական գործընթացի կազմակերպման ասպարեզում։ Բացի այդ, պետք է նշենք նաև համավարակի առկայությունը, շրջափակումը. այս բոլորն, իրոք, իրենց ազդեցությունն են թողնում և՛ ուսումնադաստիարակչական գործընթացի կազմակերպման վրա, և՛ ընդհանրապես՝ կրթության որակի վրա, սակայն ի շնորհիվ մեր գերատեսչության անձնակազմի, բոլոր աշխատակիցների, ուսուցչական հանրույթի ջանքերի՝ կարողացել ենք կատարել հնարավորինս, որպեսզի ապահովենք կրթության ոլորտի գործունեությունը՝ ելնելով այն համոզմունքից, որ կրթության գերակայությունը վեր է ամեն ինչից։
Այսօր ստանում ենք բազմաթիվ բացասական արձագանքներ, դժգոհություններ մեր հասարակության տարբեր խավերի ներկայացուցիչների կողմից, հատկապես նրանց կողմից, ում երեխաները սովորում են բուհերում կամ հանրակրթական հաստատություններում, որ խիստ վերաբերմունք է ցուցաբերվում, հաշվի չի առնվում ստեղծվծած իրավիճակը և պահանջվում է ավելի շատ, այն դեպքում, որ կարելի է մեղմ վերաբերմունք ցուցաբերել թե՛ կենտրոնացված, թե՛ միասնական քննությունների ժամանակ՝ հաշվի առնելով իրավիճակը, դիմորդների կամ աշակերտների բարոյահոգեբանական ճնշված վիճակը։ Մենք հաստատակամորեն ընտրել ենք այնպիսի քաղաքականություն, որ երբևիցե չպետք է զիջումների գնալ որակյալ կրթության ապահովման գործում, որովհետև դրա այլընտրանք չկա ու չի կարող լինել, ուստի շարունակելու ենք կրթության գերակայությունը պահպանել։
— Ո՞րոնք են այն հիմնական խնդիրները, որոնք հասցրել եք նկատել ոլորտում։
— Չէի ասի թերություն կամ բաց, այլ՝ հարցեր, որոնք կուտակվել են տարիների ընթացքում։ Օրինակ՝ կադրային խնդիրները, հատկապես բնագիտական առարկաների ուսուցիչների պակասն այսօր զգացվում է։ Խնդիրներ կան ներառական կրթության ոլորտում՝ ներգրաված երեխաների հետ աշխատող հատուկ մանկավարժների, հոգեբանների, սոցիալական մանկավարժների պատրաստվածության հետ կապված։ Ունենք խնդիր՝ կապված նյութատեխնիկական համալրվածության հետ, այսինքն՝ մեր դպրոցների մեծ մասը դեռևս չունի ժամանակակից լաբորատիորիաներ, որոնց միջոցով պետք է ապահովվի կրթության բարձր որակ։ Բավականին լուրջ խնդիրներ կան շենքային պայմանների հետ կապված՝ տարբեր շրջաններում և տարբեր դպրոցներում, որտեղ անհրաժեշտ է իրականացնել հիմնանորոգումներ։ Խնդիրները շատ են. աշխատելու ենք աստիճանաբար լուծումներ գտնել և կարգավորել դրանք։
— Թշնամին կարծես զիջել չի պատրաստվում։ Առջևում ձմեռ է, որն ըստ երևույթին ավելի խիստ սոցիալ-տնտեսական պայմաններում ենք անցկացնելու, քան նախկինն էր։ Հաշվի առնելով այդ խնդիրները և հատկապես ջեռուցման խնդիրը, ինչպե՞ս եք պլանավորում նոր ուսումնական տարին։ Ի՞նչ քայլեր են նախատեսվում կրթական գործընթացը հնարավորինս արդյունավետ և անխափան կազմակերպելու համար։
— Իհարկե, անելու ենք ամեն ինչ, որպեսզի ուսումնական գործընթացի խափանումներ չլինեն։ Հետպատերազմյան ժամանակաշրջանում հաջողվել էր ջեռուցման համակարգերի մի մասը փոխարինել։ Մեծ քանակի գազի ջեռուցման համակարգեր փոխվել է տարբեր դպրոցներում, սակայն ունենք ևս 37 դպրոց, որտեղ պետք է իրականացվի այդ համակարգերի փոխարինումը։ Այլընտրանքային վառելանյութերի շնորհիվ իրականացվելու է դպրոցների ջեռուցումը։ Արդեն իսկ սկսել ենք նախապատրաստվել, որպեսզի ձմռան շեմին և ընթացքում պատրաստ լինենք և ջեռուցման հետ կապված խնդիրներ չառաջանան։
— Շուտով ավարտին կմոտենան միասնական քննությունները։ Բավականին դիմորդներ կան, ովքեր դիմել են ՀՀ բուհեր։ Ի՞նչ է սպասվում նրանց։
— Մենք համագործակցում ենք ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ, ԳԹԿ-ի հետ: Նրանց համապատասխան դրական վերաբերմունքի պատրաստակամության շնորհիվ մենք ներկա դրությամբ խնդիրներ չունենք միասնական քննությունների հետ կապված։ Այն ամբողջությամբ իրականացվում է այստեղ: Նույնը պետք է նշեմ նաև ներբուհական քննությունների մասին: Իսկ ինչ վերաբերում է ուսանողների ՀՀ տեղափոխմանը, ապա նշենք, որ խնդիրներ չեն լինելու։ Կենտրոնացված կարգով իրականացվելու է նրանց և ուղեկցող ծնողների տեղափոխումը, ովքեր դիմել են ՀՀ բուհեր և ընդունվել։
— Արցախի կառավարությունը՝ ինչպես ամեն տարի, այս տարի ևս սահմանել է ՀՀ բուհերում նպատակային անվճար տեղեր Արցախի ուսանողների համար, որն ըստ էության ներդրում է մտավոր կապիտալում, հետագայում այդ կապիտալն ի օգուտ մեր պետության զարգացման օգտագործելու համար։ Ձեր կարծիքով՝ որքանով են այս ծախսերը փոխհատուցվում հետագայում և որքանո՞վ են արդարացված՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ ուսանողներից շատերն այդպես էլ չեն վերադառնում։ Խոսքը վերաբերում է հատկապես բժիշկներին, որոնք նախընտրում են իրենց գործունեությունը շարունակել ՀՀ-ում, սակայն որոնց կարիքն այսօր ունի Արցախը։
— Ծանոթ էի իրավիճակին անգամ մինչև այս պաշտոնը զբաղեցնելը։ Ցանկացած ներդրում մտավոր կապիտալում արդարացված է նախ և առաջ այն պատճառով, որ մենք օգնում ենք, որպեսզի ուսանողները չզգան ֆինանսական խնդիրներ, կենտրոնանան իրենց ուսման վրա։ Մի որոշ մասը, անշուշտ, վերադառնում է, սակայն, համաձայն եմ Ձեր այն մտքի հետ, որ մի որոշ մասն էլ չի վերադառնում, հատկապես՝ բժշկական ոլորտի մասնագետները։ Այստեղ խնդիր կա նաև իրավակարգավորումների հետ կապված։ Աշխատանքներ են տարվելու նաև այս ուղղությամբ, որպեսզի սահմանենք այնպիսի լծակներ, մեխանիզմներ, որոնց կիրառումը թույլ կտա նման դեպքերը հասցնել նվազագույնի։
— Այսօր և ապագայում Արցախի Հանրապետությանն անհրաժեշտ են ազգային գաղափարախոսությամբ զինված, խելացի քաղաքացիներ։ Այս առումով ակներև են ՀՀ-ում տեղի ունեցող ցավալի գործընթացները, մասնավորապես՝ Հայոց պատմության աղավաղումը դասագրքերում, Հայոց ցեղասպանության մերժումը։ Ձեր կարծիքով՝ որո՞նք են անելիքներն այս պարագայում և արդյո՞ք կարող ենք հեռու մնալ այս գործընթացներից և ունենալ սեփական մոտեցում։ Ի՞նչ է սպասվում Հայոց եկեղեցու պատմություն և ՆԶՊ առարկաներին, որոնք կարծես թե ևս աստիճանաբար դուրս են մղվում ՀՀ դպրոցներից։ Ո՞րն է մեր դիրքորոշումը։
— Չեմ ուզում կարծիք հնչեցնել, թե ինչպիսի գործընթացներ են տեղի ունենում ՀՀ գիտակրթական ոլորտում, սակայն կարող եմ նշել, որ մենք քայլեր ենք ձեռնարկում, որպեսզի նոր ուսումնական տարին սկսելուն պես ավելի բարձրացնենք հայագիտական ուղղվածության առարկաների դասավանդման աստիճանը և հագեցնենք ծրագրերը։ Օրինակ, նոր ուսումնական տարում նախատեսվում է 8-9-րդ դասարաններում որպես նոր առարկա մտցնել «Արցախի պատմություն» առարկան։ Ազգային եկեղեցու վերաբերյալ նոր ծրագրային նյութեր են նախապատրաստվում ներդնելու նպատակով։ Փակագծեր չբացելով՝ նշեմ, որ գործնական այլ քայլեր ևս նախատեսվում են, որոնք այս պահին գտնվում են քննարկումների փուլում։ Դրանց մասին կտեղեկացնենք առաջիկայում։
— Արցախի կառավարությունում քննարկվում է կրթական բարեփոխումների նոր հայեցակարգ։ Ի՞նչ է այն իրենից ներկայացնում։
— ԱՀ պետական նախարարի հրամանով ստեղծվել է հանձնաժողով, որը պետք է զբաղվի հանրակրթության ոլորտի բարեփոխումների հարցով։ Անդրանիկ նիստը հրավիրելուց հետո կազմել ենք խնդրահարույց հարցերի ծավալուն շրջանակ։ Ներկա պահին ինձ մոտ առկա են նմանատիպ շուրջ 60 հարցեր, որոնք վերաբերում են հանրակրթությանը։ Այս հարցերը պետք է քննարկվեն այդ հանձնաժողովի կազմից ձևավորված ենթահանձնաժողովներում և դրանից հետո ստանան իրենց տրամաբանական շարունակությունը՝ օրենքների, կառավարության որոշումների, կրթության նախարարի հրամանների ու այլ իրավական ակտերի տեսքով, որով կկարողանանք էլ ավելի բարելավել կրթության ոլորտը։
-Եթե ամփոփեք ուսումնական պրոցեսի կազմակերպման հետ կապված խնդիրները և հարցերը, ըստ Ձեզ՝ որո՞նք կհամարեք ոլորտի առաջնային խնդիրները և արդյո՞ք հնարավորություն կա դրանց լուծումներ տալ։
— Խնդիրների շրջանակը բավականին մեծ է, առաջնահերթություններ՝ վարանում եմ նշել, որովհետև բոլորն էլ առաջնահերթ են, կարևոր են ու ածանցված են մեկը մյուսին։ Պետք է ունենալ ռազմավարություն և այդ ռազմավարության հիման վրա ծրագրային մեթոդական մշակումներ իրականացնել և դրանք ներդնել կրթական համակարգում։ Ներդնելուց հետո ծագում է մասնագետների վերապատրաստման խնդիրը, այսինքն՝ բոլոր հարցերը փոխկապակցված են իրար։ Վերապատրաստման խնդրի հետ միաժամանակ առաջանում է կառավարման խնդիր։ Գոյություն ունի նաև տեխնիկական հագեցվածության խնդիր։ Մենք աշխատում ենք նորագույն տեխնոլոգիաներ ներդնել կրթության ոլորտում, որպեսզի կարողանանք ավելի քիչ ժամանակ և ռեսուրսներ ծախսելով հասնել ցանկալի արդյունքի։
— Այս պայմաններում կարևոր է նաև հմուտ և բանիմաց մասնագետների դերը դպրոցներում։ Ի՞նչ քայլեր են արվում այս ուղղությամբ։
— Միանշանակ տարբեր առարկաներից ուսուցիչների վերապատրաստման և ատեստավորման գործընթացի մեկնարկը շուտով կտրվի: Այն ամբողջությամբ պլանավորված է և իրականացվելու է մինչև ուսումնական տարվա սկիզբը՝ այն հաշվարկով, որպեսզի բոլոր ուսուցիչները կարողանան վերապատրաստվել ու ատեստավորվել։ Ուշադրություն ենք դարձնելու նաև նոր ծրագրերի մշակմանը։ Կարևորվելու է գիտակրթական ոլորտի ակտիվացումը, հատկապես այն միտումով, որ գիտությունը լայն տեմպերով իր տեղը գտնի բուհերում, այսինքն՝ բուհերում գիտությամբ զբաղվելը դառնա ինտենսիվ և օրինաչափ երևույթ։
—Խոսեցիք բուհերի մասին։ Հասարակության տարբեր շերտերում այն կարծիքը կա, որ Խորհրդային Միության կրթական համակարգն ավելի արդյունավետ էր, իսկ բոլոնյան համակարգը զիջում է իր արդյունավետությամբ։ Տեսնո՞ւմ եք ոլորտում բարեփոխումների կարիք և արդյո՞ք ձեռնարկվում են քայլեր։
— Ընդհանրապես սովետական համակարգը, իրոք, բազմաթիվ դրական կողմեր ուներ, և յուրաքանչյուր ոք, ով բախտ է ունեցել անցնել այդ ուսուցման համակարգով, կրթվել այդ համակարգով, երբևիցե չի հանդգնի բացասական կարծիք արտահայտել համակարգի մասին։ Ամեն դեպքում՝ գիտենք, որ կրթությունը և տեխնիկան զարգանում են խելահեղ տեմպերով, ուստի համաշխարհային գիտական կենտրոններում օգտագործվող առաջավոր համակարգերը և կրթական գործընթացները պետք է որդեգրենք, յուրացնենք և ներդնենք մեր կրթական ոլորտում։ Այստեղ պետք է խոսք կգնա ոչ միայն զուտ բոլոնյան կամ սովետական համակարգերով առաջնորդվելու, այլ ամեն համակարգից կարևորն ու արդյունավետը յուրացնելու մասին, որը մեր կրթական համակարգում ցույց է տալու լավ ու դրական արդյունքներ, ապահովելու է առաջընթաց։
-Եվ վերջում, որպես ամփոփում՝ ո՞րն է ձեր պատգամը արցախի ուսուցիչներին և աշակերտներին։
— Մենք նախապատրաստում ենք նոր ուսումնական տարում շրջանառության մեջ դնել ուսուցչի վարքականոնը և աշակերտի վարքականոնը, որտեղ սահմանվելու են նրանց էթիկական նորմերը, վարվեցողությունը, պատասխանատվության աստիճանն է ամրագրվելու։ Մշակել ենք պայմանագրի նոր ձև, որը ստորագրվելու է աշակերտի ծնողի և դպրոցի միջև, և ըստ որի՝ այդ իրավափոխհարաբերությունները կարգավորվելու են։ Մինչև հիմա խոսվում է աշակերտների իրավունքների մասին, բայց երբևիցե այդ նույն չափ չի խոսվել աշակերտների պարտականությունների մասին։ Աշակերտի պարտականություն ասելով՝ պետք է հասկանանք նաև ծնողի պարտականությունները, որովհետև այս կամ այն չափ ծնողը պարտավորություն է կրում և պարտականություններ ունի իր երեխայի համար, ով սովորում է հանրակրթական ուսումնական հաստատությունում։
Ես ցանկանում եմ, որպեսզի ուսուցիչները շարունակեն իրենց հայրենանվեր առաքելությունը, իրենց նվիրյալ ծառայությունը ժողովրդին, իսկ մենք էլ պատրաստ ենք անել հնարավորը, որպեսզի վերականգնվի հայ ուսուցչի երբեմնի փառքն ու հեղինակությունը, որը դարեր ի վեր գոյություն ուներ մեր հասարակության մեջ։ Աշակերտներին մաղթում եմ՝ լինեն կարգապահ, լսեն ուսուցիչներին, լավ սերտեն իրենց դասերը, դասերին ներկայանան պատրաստ, որպեսզի կարողանան գիտությանբ այդ ոլորտում հասնեն նորանոր հաջողությունների, որովհետև փրկությունը ոչ միայն ուժեղ բազուկ ունենալու մեջ է, այլև՝ պայծառ միտք, իսկ դրա համատեղումը գրեթե անպարտելի է դարձնելու մեր ազգին։