Արցախի շրջափակման այս օրերին նույնիսկ ամենաչնչին հաղթանակները կարևոր են մեզ համար
Ս․թ․ հունվարի 13-ից մեկնարկել էր ՀՅԴ Բյուրոյի երիտասարդական գրասենյակի Պատանեկան հարցերի հանձնախմբի կողմից կազմակերպված «Պատանի ախոյան» մրցաշարքը, որը տևել է մինչև ապրիլի 28-ը։ Մրցաշարքի նպատակը պատանիների դաստիարակության գործին նպաստելն էր, որին իրենց մասնակցությունն են բերել Հայաստանի, Արցախի, Սիրիայի, Լիբանանի, Նոր Ջուղայի, Թեհրանի, Հունաստանի, Ֆրանսիայի, Նիդեռլանդների, Արեւմտյան ԱՄՆ-ի ՀՅԴ պատանեկան միությունները, ընդհանուր՝ 53 մասնակցով։
Մրցաշարքին ՀՅԴ Արցախի պատանեկան միությունները ներկայացնում էին Վանքի մասնաճյուղից Մարթա Չիլինգարյանը և Անգելինա Հայրապետյանը։ Վերջինս «Դրվագի պատմում» ասպարեզում գրավել է առաջին մրցանակային տեղը, իսկ Մարթա Չիլինգարյանը, գերազանցելով բոլոր մասնակիցների արդյունքները, վաստակել է 100 միավոր և դարձել մրցաշարքի «Պատանի ախոյան»։ Այս կապակցությամբ «Ապառաժ»-ը զրուցել է մասնակիցների հետ՝ նրանց տպավորություններն ու կարծիքները լուսաբանելու համար։
Մարթա Չիլինգարյանը խոսքի սկզբում շնորհակալություն հայտնեց ՀՅԴ Բյուրոյի երիտասարդական գրասենյակի Պատանեկան հարցերի հանձնախմբին՝ «Պատանի ախոյան» մրցույթը կազմակերպելու և իրենց մասնակցության հնարավորություն տալու համար։
««Պատանի ախոյան»-ը լոկ մրցույթ չէր մեզ համար, այն հնարավորություն էր գաղափարակից ընկերներ գտնելու, մեր տաղանդները բացահայտելու և ներկայացնելու, նոր նպատակներ սահմանելու և դրանց հասնելու, մեր միասնականությունն ու ազգային գաղափարներն ի ցույց դնելու համար»,- ասել է Մ․ Չիլինգարյանը։
Մարթան կարևորեց հատկապես Արցախի շրջափակման պայմաններում մրցույթին մասնակցելը։
«Մրցույթը մեզ` արցախցիներիս համար կարևոր էր իր տեսակով։ Չնայած նրան, որ գտնվում ենք շրջափակման մեջ, այս կերպ մենք կարողացանք ինչ-որ չափով հաղթահարել այդ շրջափակումը, շփվել Արցախից դուրս գտնվող մեր ընկերների հետ։ Այս մրցաշարքն օգնեց մեզ չինքնամեկուսանալ և անհաղորդ չմնալ աշխարհում կատարվող իրադարձություններին։ Մենք շփվեցինք Սփյուռքի մեր ընկերների հետ, ոգևորվեցինք նրանց ազգային մտածելակերպով, որն այդ մի քանի ժամերի ընթացքում փոխանցվեց մեզ և ստիպեց ավելի ուժեղ լինել, դիմակայել շրջափակման այս ծանր օրերին, և անկախ ամեն ինչից սրտի խորքում ամուր պահել ազատ ու անկախ Հայրենիք ունենալու գաղափարը», — նշել է Մարթան։
Մարթայի համար ոգևորիչ էր, որ իր ներկայացրած նյութը բոլորի կողմից միաձայն հավանության է արժանացել։
«Շփոթված և հիացած էի, երբ լսում էի, թե ինչպես են խոսում իմ ներկայացրած նյութի բովանդակության մասին․ տպավորությունները բազմազան էին և հպարտացնող։ Զարմանալին այն էր, որ նույնիսկ այս օրերին հաղթանակի ոգին դեռ շարունակում է ուղեկից լինել ինձ և նորանոր հաղթանակներ նվաճելու ձգտում առաջացնել։ Ինձ համար մեծ պատիվ է կրել «Պատանի ախոյան» կոչումը։ Ուրախ եմ, որ հենց ինձ է շնորհվել այն, սակայն գիտակցում եմ նաև, որ պարտավորեցնող է»,-ասել է նա։
Մարթայի խոսքով՝ մանավանդ Արցախի շրջափակման այս օրերին նույնիսկ ամենաչնչին հաղթանակները կարևոր են, որովհետև դրանք ուրախություն ու ոգևորություն են պատճառում հասարակությանը։
«Իմ այս հաղթանակն իսկապես ոգևորել է ընտանիքիս, ուսուցիչներիս, ընկերներիս և մեր միության անդամներին», — եզրափակել է Մարթան։
Անգելինա Հայրապետյանը նույնպես շնորհակալական խոսք է ուղղել ՀՅԴ Բյուրոյի երիտասարդական գրասենյակի Պատանեկան հարցերի հանձնախմբին՝ իրենց նախաձեռնած այս հրաշալի մրցույթի համար։
«Հպարտ եմ, որ հնարավորություն ունեցա մասնակցելու «Պատանի Ախոյան» մրցաշարքին և ներկայացնելու Արցախը։ Ավելի հպարտ եմ և ուրախ, որ ներկայացնելով միությունս՝ կարողացա զբաղեցնել առաջին պատվավոր տեղը` «Պատանի Ախոյան» մրցույթի «Դրվագի պատմում» ասպարեզում» ,- նշել է Անգելինան։
Նա մրցույթին ներկայացրել է ՀՅԴ պատմության դրվագներից՝ «Նեմեսիս» գործողությունը։
«Շրջափակման այս դժվարին օրերին ինձ ավելի են ուժ տալիս Նեմեսիսի, Լիզբոնի և նման այլ հերոսական դրվագները, որտեղ հերոսները կարողանում են բարձր պահել հայ ազգի փառքն ու արժանապատվությունը։ Նրանց սխրանքներն ուժ են տալիս մեզ առաջ նայելու՝ պայծառ գալիքի տեսլականով»,- ասել է նա։
Անգելինան իր այս հաղթանակը դասում է իր կյանքում վաստակած հաղթանակներից ամենակարևորների շարքում։
«Մեծ սիրով կմասնակցեմ նաև այլ մրցույթների, և ջանք ու եռանդ չեմ խնայի՝ նորից ու նորից հաղթելու և բարձր պահելու հայրենիքիս, միությանս ու իմ պատիվը»,- ասել է նա։
Ըստ նրա՝ նմանատիպ մրցույթները հնարավորություն են տալիս ծանոթանալու և շփվելու տարբեր երկրներում գտնվող միևնույն գաղափարն իրենց մեջ կրող պատանիների հետ։ Անգելինայի խոսքով՝ ինքը պատահական չէր ներկայացրել ՀՅԴ պատմության ամենանշանավոր դրվագներից մեկը, որովհետև գիտակցում էր, որ բոլորին ի վերջո իրար կապում է Սողոմոն Թեհլերյանի գաղափարախոսությունը, որը ծնվել է Դաշնակցության մեջ։
«Ինչպես հայտնի երգում է ասվում, մեզ միացնողը Դաշնակցությունն է, իսկ նպատակը՝ արդարությունը, այնպիսի արդարությունը, որին իր ժամանակ կարողացել է հասնել Սողոմոն Թեհլերյանը, և որին պետք է ձգտենք մենք։ Ուստի կարևոր եմ համարել, որ հատկապես Նեմեսիսի մասին բոլորս իմանանք ու լավ իմանանք։ Նեմեսիսի գաղափարը նորից արդիական է դարձել մեզ համար», — եզրափակել է Անգելինան։