ՌԴ-Թուրքիա կապը նախկինը չի լինելու. Շահան Գանտահարյան
Գլխավոր » Լրահոս » ՌԴ-Թուրքիա կապը նախկինը չի լինելու. Շահան Գանտահարյան

ՌԴ-Թուրքիա կապը նախկինը չի լինելու. Շահան Գանտահարյան

Radar Armenia-ի զրուցակիցը միջազգայնագետ Շահան Գանտահարյանն է։

— Քիշնևում ավարտվեցին հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն ուղղված հնգակողմ բանակցությունները։ Ի՞նչ տպավորություններ ունեք այս հանդիպումից։ 

— Արդունավետության առումով որևէ բեկումնային կետ չկա․ առանցքը սահմանազատումն ու սահմանագծումն է և ռազմագերիների ու պահվող անձանց վերադարձի անհրաժեշտության ընդգծումը։ Երևույթը, սակայն, որոշակի ուղերձներ ունի։ Հնգակողմ լինելը ինքնին գործընթացին նոր տարողունակություն է հաղորդում, և ԵՄ-ն ուզում է ասել, որ ինքը ներգրավված է բարձրագույն աստիճանաչափերով։ Ի վերջո, Ֆրանսիան ու Գերմանիան ԵՄ-ի գլխավոր հենասյուներն են, և դրանց առաջին դեմքերով մասնակցությունը տարողունակության նոր աստիճանաչափ է հաղորդում։

— Պայմանավորվածություն կա՝ հունիսի 21-ին Փաշինյան-Ալիև-Միշել եռակողմ ձևաչափով հանդիպել Բրյուսելում։ Հնգակողմից հետո նման հայտարարությունն ինչի՞ մասին է վկայում։

— Հաջորդ հանդիպման թվականը մոտալուտ է, ինչը նշանակում է, որ եվրոպական ձևաչափով բանակցային գործընթացը շարունակվում է։ Բրյուսելը ինտենսիվացնում է իր միջնորդությամբ բանակցային գործընթացը, և սա ուղերձ է Մոսկվային, որ բացառապես ռուսական միջնորդությամբ ձևավորված ֆորմատը չի աշխատելու։

— Արևմուտքը մոդերատորության ղեկն ակտիվորեն իր ձեռքն է վերցնում՝ նպատակ ունենալով դուրս մղել Ռուսաստանին։ ԱԳ նախարարների մակարդակով մեկ հանդիպում էլ Վաշինգտոնում կկայանա։ Կխնդրեի մեկնաբանել այս հանգամանքը։

— Այո, մրցապայքարը նոր թափ է հավաքում։ Կարծում եմ՝ Վաշինգտոնն ու Բրյուսելը համակարգում են մոդերատորության ժամացույցի սլաքների շարժը։ Միաժամանակ, մտահոգիչ է պաշտոնական Վաշինգտոնի կողմից Ալիևի համաներման մասին արած ակնարկը ողջունելը։ Սա ադրբեջանական թեզի ամբողջական յուրացում է։

— Թուրքիայում Էրդողանի վերընտրությունից հետո Ալիևը չի՞ մեծացնի ագրեսիվ քաղաքականության դոզան և շարունակի ճնշում գործադրել Հայաստանի վրա։ Ընդհանրապես, Էրդողանի վերընտրությունն ի՞նչ հետևանքներ կունենա տարածաշրջանային զարգացումների վրա։ 

— Չեմ կարծում, թե հիմնավորապես կփոխվի Անկարայի քաղաքականությունը։ Անկարան կշարունակի փոխկապակցել Անկարա-Երևան երկխոսության գործընթացը Երևան-Բաքու բանակցությունների հետ։ Քրդական հանգույցը, ներթուրքական երկփեղկվածությունն ու Թուրքիայի տնտեսական ճգնաժամը խաղաթղթեր են ԱՄՆ-ի ձեռին՝ ճնշելու Անկարայի քաղաքականությունը։ Դրա ապացույցն այն է, որ Վաշինգտոնն Էրդողանի ընտրվելուց անմիջապես հետո Անկարայից պահանջեց անհապաղ վերացնել Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության վետոն։ Ֆինլանդիայից հետո Շվեդիայի հերթն է, և Անկարան որոշ ձգձգումներից հետո այլընտրանք չունի։ Սրանք ցուցիչներ են, որ ՌԴ-Թուրքիա կապը նախկինը չի լինելու։

Հայկ Մագոյան

1