Վախկոտներն ու դասալիքները թող չկնճռոտեն հայրենիքը պաշտպանողների անբիծ ճակատը. Տիրուհի Գասպարյան
Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրման 105 ամյակին նվիրված տոնական համերգին Հայ Հեղափոխական Դաշնակցության Արցախի երիտասարդական միության անունից ելույթ ունեցավ ՀՅԴ Արցախի երիտասարդական միության Կենտրոնական վարչության անդամ Տիրուհի Գասպարյանը.
«ԱՀ մեծարգո նախագահներ, հարգարժան հոգևոր և պետական այրեր, սիրելի կուսակցական ընկերներ և հրավիրյալներ, ողջունում ենք ձեզ Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման 105-ամյակին նվիրված տոնական համերգին։ Ինչպես մեզ համար այս դժվարին օրերին, այնպես էլ 1918թ. այս օրերին մեր ժողովուրդը կանգնած էր ճակատագրական լինել-չլինելու խնդրի առջև։ ՀՅԴ սերմանած ազատ ու անկախ և միացյալ Հայաստան ունենալու գաղափարի և նույն գաղափարի քուրաներում կոփված հայորդիների անմնացորդ նվիրումի շնորհիվ կերտվեց Հայաստանի առաջին Հանրապետությունը՝ չնայած առկա անհաղթահարելի թվացող խնդիրներին: Սարդարապատի, Ղարաքիլիսայի և Բաշ-Ապարանի հերոսամարտերից ոգեշնչված և շարունակելով հայ ժողովրդի Ազգային-ազատագրական պայքարի մեկդարյա ուղին, հաղթեցինք արցախյան առաջին պատերազմում, որը պսակվեց ազատ ու անկախ Արցախ, Հայաստանի երրորդ Հանրապետություն ունենալու պատվով։ Մայիսյան հաղթանակների երաշխիքներից գլխավորը անձնվեր ղեկավարությունն էր ինչպես պատերազմի դաշտում, այնպես էլ հասարակության մեջ։
Մեր անկախությունն ու պետականությունը մեզ ոչ ոք չի նվիրել: Մենք դրա համար վճարել ենք այնքան, որքան թերևս ոչ ոք չի վճարել: Մենք դա արել ենք միայնակ, համախմբված՝ ի հեճուկս ճակատագրի հարվածների։ Ինչպես հայ ժողովրդի մղած բոլոր պատերազմներում, այնպես էլ Սարդարապատի ճակատամարտում, իրենց ուրույն դերն են ունեցել արցախցիները, որոնցից Արցախի Նախիջևանիկ գյուղից Դանիել Բեկ-Փիրումյանի անմիջական ջանքերով հնարավոր եղավ կազմակերպել Սարդարապատի ռազմաճակատի գիծը և արժանի հակահարված տալ թուրք զավթիչներին։ Մայիսի 28-ը հայ ժողովրդի հավաքական լինելիության երաշխավորն է, այսօր ամբողջական հայրենիք ու պետականություն ունենալու, արժանապատիվ ապրելու առհավատչյան Արցախում է: Այլ ելք չունենք, միասին մենք պետք է կերտենք նոր արշալույս, այնպես, ինչպես մեր պապերը կերտեցին մայիս 28-ի արշալույսը։ Միասին կհաղթենք այնպես, ինչպես հաղթել ենք մայիսյան հերոսամարտերում։ Միասին կհաղթահարենք բոլոր դժվարություններն այնպես, ինչպես հաղթահարեցինք այդ օրերի դժվարությունները։ Շրջափակման մեջ գտնվող Արցախից ամեն օր հիշում և կրկնում ենք Արամ Մանուկյանի խոսքերը. «Թող համոզվեն ու ըմբռնեն ազգերի դեմոկրատիաները, ինքնորոշման սկզբունք հայտարարողներն ու ընկերվարական տեսականեն ճառողները, որ դեռևս սուրն է միմիայն այս երկրի վրա իրավունք որոշողը։ Թող յուրաքանչյուր հայ իր զենքը ձեռքին դիմի ռազմաբեմը, իսկ վախկոտներն ու դասալիքները թող չկնճռոտեն հայրենիքը պաշտպանողների անբիծ ճակատը։ Շարժվի՛ր, հա՛յ ժողովուրդ, դու որոշած ես չը չքանալ այս աշխարհից, դիմիր դեպի քո փառքի ու անկումիդ որոշող մարտադաշտը, բայց այս անգամ՝ ՎԱՀԱՆՈՎ՝ ԿԱՄ ՎԱՀԱՆԻ ՎՐԱ»։ Արամ Մանուկյանի գաղափարական շնչով նվիրյալների սխրանքներին մենք ականատես եղանք արցախյան բոլոր պատերազմներում: Նոր սերունդը ցույց տվեց, որ տերն է իր երկրի: Պետք է զինվենք այդ սերնդի գաղափարախոսությամբ, հավատանք մեր ուժերին ու փրկենք մեր հայրենիքը կործանումից։ Գլուխ ենք խոնարհում հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի ճանապարհին անմահացած մեր բոլոր հայորդիների անմար հիշատակի առջև։ Հավերժ փառք ձեզ։ Կեցցե՛ պայքարող ժողովուրդը, Կեցցե՛ Արցախի Հանրապետությունը, Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»։