Արցախում տոնել են Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադրման 105 ամյակը
Գլխավոր » Երիտասարդական » Արցախում տոնել են Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադրման 105 ամյակը

Արցախում տոնել են Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադրման 105 ամյակը

Մայիսի 28-ին հայ ժողովուրդը նշում է Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադրման օրը։ Այս տարի լրանում է Բագրատունյաց թագավորության և Կիլիկյան Հայաստանի անկումից ի վեր շուրջ 6 դար անց ստեղծված անկախ Հայաստանի վերածննդի 105-րդ ամյակը։

1918թ․ մայիսյան հերոսամարտերը պատմական նշանակություն ունեցան և հավերժ անմոռաց կմնան հայոց պատմության փառավոր էջերում։ Մայիսյան հաղթանակների հիմնական  գաղտնիքը  անձնվեր ղեկավարությունն էր ի դեմս Հայ Յեղափոխական Դաշնակցության, ով հայ ժողովրդի համար այդ ծանրագույն ժամանակաշրջանում իր ուսերին էր վերցրել հայ ժողովրդին առաջնորդելու պարտականությունը, ինչը պսակվել է հաջողությամբ։

1918թ․ մայիսյան ճակատագրական օրերին, երբ թուրքական բանակը հասել էր Արարատյան դաշտ և սպառնում էր գրավել Էջմիածինն ու Երևանը, և դրված էր հայ ժողովրդի հետագա գոյության, լինել-չլինելու հարցը, իսկ ժողովրդին պատել էր հուսալքությունը, իր մշտական լավատեսությամբ, անկոտրում կամքով, վայրագ թշնամուն  ջարդելու անզիջում ցանկությամբ Արամ Մանուկյանը ժողովրդի մեջ նորից վառեց պայքարի ոգին և ժողովրդին առաջնորդեց դեպի մարտի դաշտ։ Մահ կամ ազատություն գաղափարով տոգորված հայ ժողովուրդը ի վերջո կարողացավ իր անձնվիրական կռվով հաղթանակ տանել Սարդարապատի, Բաշ Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսամարտերում, որն էլ դարձավ հայոց պետականության կերտման հիմքը։

Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադիր, Երևանի Դիկտատոր, դաշնակցական Արամ Մանուկյանն այդ օրերին նկատում է․ «Մենակ ենք եւ պէտք է ապավինենք միա՛յն մեր ուժերին՝ թէ՛ ճակատը պաշտպանելու եւ թէ երկրի ներսը կարգ հաստատելու համար»:

Չնայած միայնակ, անվերջ ու անլուծելի թվացող խնդիրներին՝ երկրի դաշնակցական ղեկավարությունը կարողանում է պատվով կատարել իր առջև դրված խնդիրները։ Տքնաջան ու անձնուրաց աշխատանքի շնորհիվ շատ կարճ ժամանակում ստեղծվեցին պետական իշխանության մարմիններ, կանոնավոր բանակ, երկրում հաստատվեց կարգ ու կանոն։

Հայոց պետականության վերականգնման՝ Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադրման 105-րդ ամյակի առթիվ ՀՅԴ Արցախի երիտասարդական միությունը և ԱՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ստեփանակերտի Մշակույթի և երիտասարդության պալատում համատեղ կազմակերպել են տոնական համերգ։

Համերգին մասնակցում էին ԱՀ պաշտոնավարող ու նախկին նախագահները, ԱՀ ԱԺ նախագահն ու պատգամավորներ, կառավարության անդամներ, հոգևորականներ, ՀՅԴ Արցախի ԿԿ, ՀՅԴ Արցախի շրջանային կոմիտեների, ՀՅԴ Արցախի երիտասարդական և պատանեկան միությունների,  Հայ օգնության միության  Արցախի մեկուսի մասնաճյուղի, ՀՄԸՄ Արցախի Կենտրոնական վարչության անդամներն ու սկաուտները,  ՀՅԴ Հայ դատի Արցախի գրասենյակի, Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակի անդամներ, Արցախում գործող համալսարանների ռեկտորներ ու ուսանողներ և այլ հյուրեր։

Համերգը մեկնարկել է ՀՀ և ԱՀ պետական օրհներգերով, որից հետո ելույթ են ունեցել ՀԱԵ Արցախի թեմի Քրիստոնեական դաստիարակության և քարոզչության կենտրոնի տնօրեն Տեր Վաչագան քահանա Գյուրջյանը, ԱՀ ԿԳՄՍ փոխնախարար, պատմաբան Լեռնիկ Հովհաննիսյանը, ՀՅԴ ԱԵՄ-ի Կենտրոնական վարչության անդամ Տիրուհի Գասպարյանը։ Ներկաներին իրենց շնորհավորական խոսքն են փոխանցել նաև ՀՅԴ աշխարհասփյուռ երիտասարդական և ուսանողական 14 միություններ։

Համերգային ծրագիրը շարունակվել է Ստեփանակերտի «Սոսե» մանկապարտեզի սաների, «Արցախի ձայներ»-ի, «Մենք ենք մեր սարերը» երգի-պարի պետական համույթի, Արցախի պարի պետական համույթի, Ստեփանակերտի, Շուշիի ՄՊՍԿ սաների, «Վելանս» խմբի, ԱՀ վաստակավոր երգչուհի Տաթևիկ Բալայանի կատարումներով։ Արցախի շրջափակման պատճառով համերգին իրենց առցանց մասնակցությունն են ունեցել նաև դաշնակցական երգիչներ Գառնիկ Սարգսյանը, Հարութ Լափաճյանն ու Սուրեն Աճեմյանը։

1