Հայտարարվել է «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման կազմավորման մասին

Մայիսի 18-ին հրավիրվել է մամուլի ասուլիս՝ «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման կազմավորման մասին հանրությանն իրազեկելու նպատակով։
Հանրային շարժման նախաձեռնող խմբի անդամներ Ռուբեն Վարդանյանը, Զոյա Սարգսյանը, Կարեն Բազյանը, Դավիթ Մանուկյանը, Դավիթ Բաղրյանը և Նարինե Աղաբալյանը խոսել են նախաձեռնության մասին ու պատասխանել լրագրողների հարցերին։
Իր խոսքում Նարինե Աղաբալյանը նշել է, որ նախաձեռնությանը միացել է՝ գիտակցելով պահի լրջությունը, հայրենիքը կորցնելու սպառնալիքը և իր անձնական պատասխանատվությունը հայրենիքի հանդեպ։

Շարժման համակարգող Ռուբեն Վարդանյանը տեղեկացրել է, որ Արցախի ապագան ինքնուրույն որոշելու գաղափարի շուրջ միավորվել են տարբեր տարիքի, տարբեր ճանապարհ անցած, տարբեր փորձով մարդիկ, որը գաղափարի շուրջ միավորման կարևոր օրինակ է։ «Մենք պատասխանատու ենք մեր ապագայի համար։ Առաջին կարևոր քայլն այն էր, որ կարողացանք իրար աչքերի մեջ նայելով խոսել անցյալի մասին, խոսել գաղափարի մասին։ Առանց գաղափարի գործողություններ անելը շատ վտանգավոր է։ Ուրախ եմ, որ բոլորս միավորվել ենք նպատակի և գաղափարի շուրջ, կարողացել ենք անձնական, կուսակցական տարբեր շահերը թողնել մի կողմ և իրար լսել, ձևավորել ընդհանուր ճակատ, որն ամեն ինչ անելու է, որ Արցախը լինի անվտանգ, հայկական և ազատ»,- ասել է Ռ․ Վարդանյանը՝ վստահություն հայտնելով, որ շարժմանը կմիանան հազարավոր մարդիկ Արցախում, Հայաստանում և հայկական աշխարհում։

Նա ասել է, որ «Արցախի անվտանգության եւ զարգացման ճակատի» շրջանակում կազմվել է ծավալուն փաստաթուղթ, որը ներառում է աշխատանքային քարտեզ ու 77 կետ։
Վարդանյանի խոսքով՝ անցել է կիսաքայլերի, կիսատ գործողությունների ժամանակը և միավորվելով պետք է ցույց տալ, որ պատրաստ են մինչև վերջ գնալու հանուն իրենց հայրենիքի։
Շարժման նախաձեռնողներից Դավիթ Մանուկյանը նշել է, որ ապրելով Արցախում՝ երբևիցե չի պատկերացրել, որ կընդգրկվի շարժման, գործընթացի մեջ, որը կպարունակի քաղաքական, հասարակական ենթատեքստ, որովհետև ունեցել է նեղ կոնկրետ մասնագիտություն։ «Այս գործընթացը պարտադրված է Արդրբեջանի իշխանության, Հայաստանի իշխանության կողմից վարվող հակաարցախյան քաղաքականությամբ, ինչու չէ նաև Արցախում փոքր խմորումներով։ Այս ճակատի հայեցակարգը, գործելակերպը իրականացրել են մարդիկ, կուսակցություններ, հասարակական կառույցներ, անհատներ, որոնք իրենց աշխատանքի արդյունքում ձևավորել են այն տեսլականը, ծրագրերը, որոնք պետք է համատեղ իրականացնենք։ Պայքարը չի ենթադրում միայն քաղաքական ոլորտը, այլև տնտեսական, անվտանգային համակարգի հետ առնչվող հայեցակագ ունի։ Հուսով եմ՝ այն մարդիկ, որոնց հետ առիթ ենք ունեցել հանուն Արցախի Հանրապետության պայքարելու, կվստահեն մեր խոսքին, մեր անցած ճանապարհին և կմիանան այս գործընթացին, որն ուղղված չէ ինչ-որ մեկի դեմ, այլ հանուն Արցախի է»,- ասել է նա։

«Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման հռչակագրում նշվում է, որ այն համաժողովրդական շարժման ձևաչափով ԱԶԱՏ, ԱՆՎՏԱՆԳ, ԵՐՋԱՆԻԿ և ՀԱՅԿԱԿԱՆ ԱՐՑԱԽ գաղափար-նպատակի շուրջ կամավոր հիմունքներով միավորում է, որում ներգրավված են քաղաքական ուժեր, հասարակական կազմակերպություններ և անհատ քաղաքացիներ:
Արցախը հայկական պահելու, նրա ամբողջականությունն ու սուբյեկտայնությունն ապահովելու գերխնդրի իրագործման համար Շարժումն իր առջև նպատակ է դրել համախմբել հայության բոլոր հատվածներին և առաջին հերթին, Արցախի հանրային, քաղաքական, մտավորական, մասնագիտական և այլ շրջանակների:
Նման իրավիճակում մենք իրավունք չունենք անտարբեր հետևելու և դիտորդի դերում մնալու։ Պահն օրհասական է և իր երկրի ճակատագրով մտահոգ յուրաքանչյուր հայորդուց, Արցախի հանդեպ համակրանք ունեցող ամեն մի բարեկամից պահանջում է հայրենասիրական մղումները, կարողություններն ու նվիրումի պատրաստակամությունն ուղղել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի համար պայքարին՝ բոլոր հնարավոր միջոցներով։
Մեր նախնիներից ստացած հարազատ ու ծաղկուն Արցախը հայկական պահելու սուրբ նպատակի համար մենք, հրաժարվելով նեղ անձնական շահերից, վեր կանգնելով կուսակցական, պաշտոնական դիրքերից, հռչակում ենք «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժումը՝ որպես համախմբման ու միասնաբար պայքարելու կամքի և վճռականության դրսևորում:
Բոլոր նրանք, ովքեր ընդունում են մեր կողմից հայտարարված գաղափար-նպատակը, ովքեր գիտակցում են իրենց պատասխանատվությունը Հայրենիքի հանդեպ, ում համար թանկ են հայկական արմատներն և մեր երեխաների ապագան՝ կարող են միանալ մեզ՝ անդամակցելով հանրային շարժմանը և ուժեղացնելով Արցախի անվտանգության ու զարգացման ճակատը»:


