ՀԱՊԿ-ը կամ Ռուսաստանը չեն կարող ոչինչ անել, եթե Հայաստանն իր իրավունքները չի պաշտպանում

Երբ ադրբեջանական զորքերը Հայաստանի տարածք ներխուժեցին, ՀԱՊԿ-ը պատրաստ էր համապատասխան քայլեր ձեռնարկելու և սպասում էր Հայաստանի արձագանքին. Հայաստանը քաղաքական գնահատական պահանջեց Ադրբեջանի գործողություններին` դա դարձնելով նախապայման ՀԱՊԿ-ի համար։ Այս մասին այսօր՝ մայիսի 16-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը:
Անդրադառնալով այն դիտարկմանը, թե Ռուսաստանը և ՀԱՊԿ–ը չեն կատարում իրենց պայմանագրային պարտավորությունները Հայաստանի հանդեպ, Ռուստամյանը նշեց, որ նրանք չեն կարող լինել ավելի հայ, քան մենք. «Միջնորդի դերում հանդես եկեղ ՀԱՊԿ-ը կամ Ռուսաստանը չեն կարող ոչինչ անել, եթե Հայաստանն իր իրավունքները չի պաշտպանում, եթե դու գնում ասում ես՝ ես ճանաչում եմ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, հիմա էլ արդեն թվերով ենք արձանագրում: Միջնորդը ո՞նց պետք է պաշտպանի այն հարցը, որ այդ տարածքային ամբողջականության մեջ չպետք է լինի Ղարաբաղը: Հայաստանի տարածք ներխուժման ժամանակ էլ ՀԱՊԿ-ն ասել է՝ ես պատրաստ եմ իմ բոլոր միջոցներով ներկա գտնվել, սպասում ենք Հայաստանի արձագանքին: Հայաստանն էլ արձագանքում է այնպես, որ ՀԱՊԿ գոյություն չունի: Քաղաքական գնահատական պահանջելը նախապայման դարձնելը շատ սխալ է: Նախ դու պետք է քո անվտանգությունն ապահովելու քայլերն ապահովես: Պարզ չի՞, որ ՀԱՊԿ-ում կան երկրներ, որոնք կարող են դրան դեմ լինել։ Այդ կառույցը կոնսենսուսային եղանակով է գործում, մի՞թե դա նորություն էր Հայաստանի համար։ Այն երկրները, որ դեմ են, թույլ չեն տալիս, որ այդ քաղաքական գնահատականը հնչի»,-ասաց Ռուստամյանը։
Նա կոչ արեց դուրս գալ բոլորին մեղադրելու մոտեցումից. «Մենք պետք է հասկանանք, թե մեր անելիքը որն է: Եթե մենք չփորձենք մեզ պաշտպանել, ոչ ոք մեզ չի պաշտպանելու: Մենք մեզ ներսից ու դրսից թուլացրել ենք, հիմա էլ հայտարարում ենք, որ ոչ ոք մեր կողքը չի կանգնած: Եթե դու այդպիսի հայտարարություն ես անում, քո ֆիասկոն ես արձանագրում: Բա ԱԳՆ-ն ինչի՞ համար է, եթե պետք է հայտարարես, որ ոչ ոք քո կողքը կանգնած չէ»:
— Ռուսաստան- միավորված Արեւմուտք պատերազմը գործող իշխանությունների թեթեւ ձեռքով տեղափոխվեց Հայաստան. — նշեց Արմեն Ռուստամյանը:
«Մեկն ասում է՝ կամ ինձ հետ ես… մյուսն էլ ասում է՝ եթե ինձ հետ չես, ես քեզ հետ անելիք չունեմ: Եթե իմ դեմ ես, ինձ հետ չես, եթե ինձ հետ չես, իմ դեմ ես: Այ այս վիճակի մեջ է հայտնվել Հայաստանը, որը կործանարար է լինելու մեզ համար, ինչը մենք այսօր տեսնում ենք»:
Ես բրյուսելյան բանակցություններում չեմ տեսնում Հայաստանի շահածը, տեսնում եմ Ադրբեջանի շահածը. Միակը այն էր, որ գերիներին պետք է ազատ արձակել, այն էլ վաղուցվա պահանջ էր, որը պետք է իրականացվեր անկախ այս համաձայնությունից. լրագրողների հետ զրույցում շեշտեց Արմեն Ռուստամյանը:
«Այսօր Ադրբեջանի կողմից ավելի մեծ պահանջ է անտեսվել, միջազգային դատարանի որոշումն է անտեսվել, դրա մասին ծպտուն հանե՞լ է Շառլ Միշելը: ԵՄ արժեհամակարգը պաշտպանող գլխավոր անձանցից մեկը այս պայմանները համարում է նորմալ: Հայաստանն է դա համարում նորմալ, բա մի տող չե՞ք ուզում գրել, որ ժողովուրդն այնտեղ արնաքամ է լինում: Եթե այդ հարցը չի լուծվել, ոչ մի հարց էլ չի լուծվել»,-ասաց նա:
Ռուստամյանը նկատեց, որ Ադրբեջանն իր մեթոդներով, ուժի սպառնալիքով, պատերազմական գործողություններով հարցեր է լուծում, եւ սա դառնում է նորմ այսօրվա աշխարհում. «Նշանակում է՝ մենք մեր ուժի աղբյուրները ոչ թե պետք է ցամաքեցնենք, այլ այդ աղբյուրները օգտագործենք, որ կարողանանք մեր պայքարն իրականացնել: Թե չէ գալու են մեզ մեր տանը մորթեն»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը:
Նիկոլն ինքն իր հնարքի տակ է մնացել, երբ հայտարարեց՝ մենք Հայաստանի 29 800 քառակուսի կմ-ի համար ենք պայքարում, Ադրբեջանն էլ ասաց՝ ես էլ տարածքների թիվ ունեմ, դա էլ նշեք՝ 86 600. ասաց Արմեն Ռուստամյանը:
«Երբ դա նշում եք, պարզ է դառնում, որ Ղարաբաղն Ադրբեջանի կազմում է: Եթե մենք դրան համաձայնում ենք, եթե Նիկոլը վեր է կենում եւ հստակ ասում այն պահանջը, որը Ալիեւն է դրել իր առաջ, որ պետք է ասես՝ «Ղարաբաղը Ադրբեջան է եւ վերջ»… Մենք մոտեցել ենք դրան, մի օր դա հստակ ասվելու է: Արդեն ասված է, ըստ էության, ովքեր հասկանում են, արդեն հասկացել են դա: Մյուսները պետք է թմբիրից դուրս գան: Հայաստանն այդ գիծն է տանում՝ տանք Արցախը, որ փրկենք Հայաստանը: Այսօր մենք հայության բոլոր ռեսուրսները պետք է մոբիլիզացնենք, եռամիասնությունը պետք է օր առաջ վերականգնվի, իսկ դա չի կարող կայանալ հանձնվելու գաղափարի շուրջ, պետք է կայանա պայքարի գաղափարի շուրջ: Պետք է գան ուժեր, որոնք կարող են պայքար տանել: Պետք է հասկանան, որ եթե չկա պայքար, կա ինքնասպանություն եւ ինքնաոչնչացում»,-ընդգծեց Ռուստամյանը:
Որեւէ հայեցակարգված գործընթաց, թե մեր արտաքին դիվանագիտական մարզում, թե անվտանգության խնդիրները լուծելու առումով, մենք պարզապես չունենք. նշեց Արմեն Ռուստամյանը:
«Այս իրարամերժ հայտարարությունները խոսում են այն մասին, որ ուղեգիծ չկա, հայեցակարգ չկա, որով մենք փորձենք մեր անվտանգությունն ապահովել եւ մեր շահերը պաշտպանել արտաքին հարաբերություններում»,-ասաց նա:
Անդրադառնալով նրան, որ Հայաստանը ցանկություն է ունեցել 2022-ի սեպտեմբերյան իրադարձություններից հետո դուրս գալ ՀԱՊԿ-ից, սակայն հետո փոշմանել է, Ռուստամյանն ասաց. «Նախ չի կարելի մի բանի մասին հայտարարել, եթե գործը կատարված չէ: Սա էլեմենտար տրամաբանություն է: Ի՞նչ իմաստ ունի այդ խոհանոցը դուրս հանել, երբ դուրս չեք եկել ՀԱՊԿ-ից: Կամ դուրս եկեք եւ բացատրեք, թե ինչու եք դուրս գալիս, կամ մնացեք ՀԱՊԿ-ում եւ օգտագործեք բոլոր նվազագույն հնարավորությունները, որ ՀԱՊԿ –ը կարողանա մեր անվտանգության հարցերը լուծել»:
Դիտարկմանը, որ գուցե դրանով սպառնո՞ւմ են ՀԱՊԿ-ին, որ դուրս կգանք, ընդդիմադիր պատգամավորը նկատեց. «Հանրային միջոցներով սպառնալը հարված է մեզ, այսինքն՝ մենք փչացնում ենք մեր հարաբերություններն այդ կառույցի մեջ: Մենք դառնում ենք անվստահելի գործընկեր, եւ դրանից բխում են բոլոր սպառնալիքները, վտանգները, որոնք օր օրի մեր երկրի նկատմամբ առաջանում են: Այս ձեւով աշխատել չի կարելի»: