Պատմությունը պատժում է նրանց, ովքեր մոռանում են իր դասերը
Գլխավոր » Լրահոս » Պատմությունը պատժում է նրանց, ովքեր մոռանում են իր դասերը

Պատմությունը պատժում է նրանց, ովքեր մոռանում են իր դասերը

Պատմական գիտությունների թեկնածու Տարոն Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է 1990-ական թվականներին տեղի ունեցած քաղաքական բռնաճնշումներին ու հրապարակել «Ցեղակրոն» շարժման հիմնադիրներից լուսահոգի Հակոբ Քրիստափորի Խաչատրյանի՝ 1993թ․ դեկտեմբերի 19-ի դիմումը մեկուսարանից` ուղղված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահի պաշտոնակատար Կարեն Բաբուրյանին։

«Նախաբան

Կարծում էի՝ այսօր ժամանակը չէ խոսելու 1990-ական թվականներին Արցախում տեղի ունեցած դեռևս հանրության որոշ հատվածի համար չբացահայտված ներքաղաքական խայտառակ մութ էջերի լուսաբանման անհրաժեշտության մասին: Բայց տեսնելով այսօր Արցախում ստեղծված իրավիճակին ոչ հարիր քաղաքական գործընթացները (ես չեմ մեղադրում անձերին, այլ մեղադրում եմ երևույթը՝ այս օրհասական պահին իշխանության համար պայքարը և ժողովրդի մեջ պառակտիչ գործողությունները)՝ չեմ ցանկանա, որ կրկին ազգովի ճաշակենք մեր հին սխալների դառը պտուղները…

1990 — ական թվականների քաղաքական բռնաճնշումերի տարեգրության պատմությունից

Նախկինում նշել եմ, թե ում օրոք ձևավորվեց և ում գործիքակազմով իրագործվեց ազգային ուժերի, անկախ մտավորականության քաղաքական բռնաճնշումների և «զտումների» մշակույթը: Կարծում եմ, որ այդ զտման քաղաքականության գործընթացի հետևանքը այսօրվա ստեղծված իրավիճակի գլխավոր պատճառներից մեկն է: Եւ ընդհանրապես, պետք է դասեր քաղել Արցախի վերոնշյալ ժամանակաշրջանի ներքաղաքական գործընթացների պատմությունից և հնարավորինս զերծ մնալ նման սխալներից:

Երկար մտորումներից հետո որոշել եմ արխիվային նյութերի հիման վրա այսուհետ հանրության դատին ներկայացնել վերոնշյալ գործընթացներից դրվագներ: Լուսապատճենային տարբերակով առաջին անգամ շրջանառության մեջ եմ դնում Արցախյան շարժման նոր փուլի ռահվիրաներից մեկի՝ «Արցախյան ազգային միություն», «Հայոց ընկերվարական արցախական կուսակցություն» (ՀՅԴ) և «Հայ ազգայնականության ճակատ» (Ցեղակրոն) կազմակերպությունների հիմնադիրներից՝ լուսահոգի Հակոբ Քրիստափորի Խաչատրյանի դիմումը մեկուսարանից` ուղղված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահի պաշտոնակատար Կարեն Բաբուրյանին, որում ամեն ինչ ասվում է…

«Ի նկատի ունենալով նախորդ գրած դիմումներս՝ հայոց խորհրդարանին, ԼՂՀ Գերագույն խորհրդին, Գշխավոր դատախազությանը և բոլոր հասարակական, քաղաքական կուսակցություններինև կազմակերպություններին, որոնք մատնվեցին անորոշության և ինձ՝ քաղբանտարկյալիս դատեցին որպես քրեագործ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2 մասով մեկ տարվա ազատազրկմամբ՝ ընդհանուր վարչակարգի գաղութ։ ԼՂՀ ռազմատյանի երկրորդված դատավճռով ըստ իրենց արտահայտման հոկտեմբերի 7-ին ուղարկեցին բանտ՝ բուժվելու (առողջականս քայքայվել է Շոշաբերդ-Շուշիում իմ հանդեպ գործած բռնությունների հետևանքով)։ Հիշեցնեմ նաև, որ անօրեն ձերբակալության և կեղծ գործ հարուցելու կապակցությամբ ես 54 (հիսունչորս) օր հացադուլ եմ արել , որը ևս անուշադրության է մատնվել։ Ներկայումս գտնվում եմ ք․ Վարարակն Ստեփանակերտի նախաքննչական մեկուսարանում։

Մի քանի խոսք իմ ինքնության մասին։ Ես հանդիսանում ԵՄԽ 80-ականների շարժման ռահվիրաններից և ղեկավարներից, ի դեպ իմ պայքարը սկսել եմ դեռ 1978 թվականին փողոցային հայրենասիրությամբ։ Ուրիշ երկու խմբակների հետ միավորվելուց հետո 1981թ.-ին ստեղծել ենք ընդհատակյա «Արցախ» կազմակերպությունը, որը 1986թ.-ին վերանվանեցինք «Վերակազմյալ Արցախ», հետո համաարացախյան ընդգրկում ստանալով՝ վերահամախմբվեց «Արցախի ազգային միության» վերակազմավորմամբ, որը և հայտնի Արցախյան շարժման սկիզբն ու հիմքը հանդիսացավ (նշեմ, որ ԱԱՄ կենտր․ կոմիտեի քարտուղարն էի)։ 1988թ.-ի փետրվարին զինված պայքարի ջատագովը լինելով՝ իր կողմնակիցներով ԱԱՄ աջ թևը հռչակեց «Հայոց Ընկերվարական Արցախական կուսակցություն»։ 1989թ.-ին մտանք Բյուրոյական ՀՅ Դաշնակցության կազմի մեջ։ Գաղափարական տարաձայնություններ ունենալով՝ 1990-ին Ցեղակրոն ուսմունքի գաղափարախոսության հիման վրա հռչակեցինք համահայկական կազմակերպությունը՝ «Հայ ազգայնական ճակատ»։ Ելնելով վերոհիշյալից և իմ հանդեպ գործված անարդարություններից՝ պահանջում եմ ինձ զրկել ԼՂՀ-ի քաղաքացիությունից, այլապես ես հրաժարվում եմ այս Հանրապետության քաղաքացին լինելուց (թեև Արցախում միակ կազմակերպությունն է ՀԱՃ-ը, որը մինչև հիմա կանգնած է 1989 թվականի պատմական դեկտեմբերի 1-ի վերամիավորման որոշման պատնեշի վրա)»։

Հ.Գ. Բանտից ազատվելուց հետո ՄԵԾ ՀԱՅՈՐԴԻՆ ունեցավ հոգեբանական լուրջ խնդիրներ և մինչեւ մահկանացուն կնքելը չկարողացավ համակերպվել արժեհամակարգային փոփոխության իրողության հետ: Միաժամանակ նշեմ նաև, որ Հակոբ Խաչատրյանը չարժանացավ պետության կողմից որեւէ ուշադրության:

Շարունակելի …»։

1