Բազմամարդ համաժողովրդական հանրահավաք Ստեփանակերտում՝ մայիսյան եռատոնին
Գլխավոր » Լրահոս » Բազմամարդ համաժողովրդական հանրահավաք Ստեփանակերտում՝ մայիսյան եռատոնին

Բազմամարդ համաժողովրդական հանրահավաք Ստեփանակերտում՝ մայիսյան եռատոնին

Այսօր՝ մայիսի 9-ին, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում «Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» պահանջագրի և ստորագրահավաքի նախաձեռնող խմբի կողմից կազմակերպվել է բազմամարդ համաժողովրդական հանրահավաք։

Հանրահավաքին նախորդել է Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու Մայր Տաճարում անցկացված հոգեհանգստյան արարողություն՝ ի հիշատակ Հայրենական մեծ պատերազմում, Արցախյան առաջին, Ապրիլյան և 44-օրյա պատերազմներում նահատակված հերոսների, որից հետո տեղի է ունեցել Խաչերթ դեպի Եղբայրական հուշահամալիր, որտեղից էլ երթի մասնակիցները ուղղվել են դեպի Վերածննդի հրապարակ՝ միանալով հանրահավաքի մասնակիցներին։

Հանրահավաքի նպատակը հաղթանակների օրը վերաիմաստավորելն էր նոր ուխտով՝ Արցախը հայկական պահելու սրբազան ուխտով:

Հանրահավաքի ընթացքում ելույթով հանդես են եկել ՀԱՍԵ Արցախի թեմի Քրիստոնեական դաստիարակության և քարոզչության կենտրոնի տնօրեն արժանապատիվ Տեր Վաչագան քահանա Գյուրջյանը, «Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» պահանջագրի և ստորագրահավաքի նախաձեռնող խմբի անդամ Դավիթ Բաղրյանը, «Մենք ենք մեր սարերը» գործակալության համահիմնադիր, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, արցախյան 3 պատերազմների մասնակից Կարմեն Ավետիսյանը և երիտասարդներ։

Նախաձեռնողները տեղեկացրին, որ թղթային և առցանց եղանակով հավաքագրվել է 120 000 ստորագրություն, ինչպես նաև ներկայացրին Արցախը ապաշրջափակելու իրենց պահանջը, վերահաստատեցին հայրենիքում ազատ, անվտանգ ու անկախ ապրելու իրենց իրավունքին տեր կանգնելը, ցույց տվեցին, որ Արցախը չի հանձնվում և որ վճռական են՝ շարունակելու իրենց պայքարը, ինչպես նաև զգոնության, սթափության, համախմբման ու պայքարի կոչ ուղղեցին մեր բոլոր հայրենակիցներին՝ Հայաստանում եւ աշխարհում։

Հանրահավաքին մասնակցել են ԱՀ ներկա ու նախկին նախագահները, ԱՀ ԱԺ պատգամավորները:

1